Նորջուղայեցի գիտնականը՝ Իրանի ակադեմիական բարձունքներում

ՍՀԹ Հանրային կապի գրասենեակի հարցազրոյցը՝ իրանահայ պրոֆեսոր-դասախօս Ալիս Խաչեանի հետ

 

Ուրախութեամբ տեղեկացանք նորջուղայեցի Ալիս Խաչեանի` «Իրան»-ի բժշկական գիտութիւնների համալսարանի բուժքոյրական բաժնի եւ մանկաբարձութեան ֆակուլտետի լիիրաւ պրոֆեսորի գիտական կոչմանն արժանանալու մասին, որը պայմանաւորւած է նրա ամենօրեայ աշխատանքի եւ նւիրւածութեան հետ։
ՍՀԹ Թեմական խորհուրդը սիրելի Ալիսին շնորհաւորում է այս կարեւոր ձեռքբերումը եւ նրան մաղթում նորանոր բարձունքներ ու յաղթանակներ։

 

Որտե՞ղ էք ծնւել եւ հասակ առել:

Ծնւել եմ Նոր Ջուղայում եւ նախնական կրթութիւնս ստացել եմ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում: Բարձրագոյն կրթութիւն ստանալու համար յաճախել եմ Սպահանի Բժշկական գիտութիւնների համալսարան, որտեղ բուժքոյրութեան ճիւղում նախ ստացել եմ բակալաւրի (լիսանս), ապա մագիստրոսի (գերլիսանս) աստիճան՝ բուժքոյրութեան ոլորտում բժշկական-վիրաբուժական (Medical- Surgical) թեքումով: Այնուհետեւ ամուսնացել եւ բնակութիւն եմ հաստատել Թեհրանում, որտեղ էլ 2012 թւականին աւարտել եմ բուժքոյրութեան ճիւղը՝ դոկտորայի մակարդակում (PhD of Nursing), իսկ 2017-ից սովորել եմ Թեհրանի «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանում՝ բժշկական կրթութեան (Medical Education) ճիւղում եւ աւարտել գերլիսանսի մակարդակով:

 

    

 

Համալսարանն աւարտելուց յետոյ, ի՞նչ աշխատանքներով էք զբաղւել թէ՛ աշխատանքային եւ թէ՛ գիտական ասպարէզներում:

Դեռ ուսանող տարիներից սկսել եմ աշխատել նախ Սպահանի «Սաադի» հիւանդանոցի CCU եւ ICU բաժիններում, ապա գերլիսանսի ժամանակաշրջանում, սովորելու հետ զուգընթաց, դասաւանդել եմ Սպահանի եւ Զարինշահրի պետական, ինչպէս նաեւ Նաջաֆաբադի Ազատ համալսարաններում, իսկ Թեհրանում հաստատւելուց յետոյ, 1997 թւականից ի վեր հանդիսացել եմ Իրանի բժշկական գիտութիւնների համալսարանի դասախօս, որտեղ ներգրաււած եմ բուժքոյրութեան կրթութեան զարգացման գործընթացներում:

Իմ մասնագիտական գործունէութեան շրջագծում ընդգրկւած են եղել կլինիկական կրթութեան նորարարական մեթոդների մշակումը, օրթոպեդիկ բուժքոյրական խնամքը, բուժքոյրական կրթութեան բարեփոխումները եւ կառավարման սկզբունքների կիրառումը, իսկ ակադեմիական ու մասնագիտական պարտականութիւնների շրջանակներում զբաղեցրել եմ հետեւեալ դիրքերը՝ Ակադեմիական խորհրդատւական յանձնաժողովի անդամ, Իրանի բուժքոյրութեան կազմակերպութեան գիտական խորհրդատու, Բժշկական վիրաբուժական բաժանմունքի (Medical-Surgical Department) ղեկավար (2016-ից), Շարունակական կրթութեան (Continuing Education) բաժնի ղեկավար (3 տարի), Իրանի սրտաբան բուժքոյրերի ընկերութեան աւագ անդամ:

Գիտական եւ մասնագիտական հետաքրքրութիւնները շարունակ ինձ մղել են տարբեր մեթոդներով բժշկական կրթութեան ոլորտում ուսումնասիրութիւններ իրականացնել, կլինիկական ուսուցման արդիւնաւէտութիւնը բարձրացնել, ինչպէս նաեւ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել։

Հեղինակել եմ 20 հատոր մասնագիտական գրքեր՝ պարսկերէն եւ անգլերէն լեզուներով, ներկայացրել եմ դասախօսութիւններ Իրանում եւ արտասահմանեան համագումարներում։ Գրել եմ բազմաթիւ գիտական յօդւածներ՝ պարսկերէն եւ անգլերէն լեզուներով եւ աւելի քան երեք անգամ ընտրւել եմ որպէս ընտրեալ դասախօս: 2019-ին, «Իրան» բժշկական գիտութիւնների համալսարանի ամբողջ դասախօսների մէջ ընտրւել եմ որպէս ընտրեալ դասախօս: Բազմիցս հանդէս եմ եկել Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսային ծրագրերում՝ ներկայացնելով մասնագիտական զրոյցներ: Տարբեր ոլորտներում երկար տարիներ համագործակցել եմ Իրանի Բուժման եւ առողջապահութեան նախարարութեան հետ: Երեք անգամ պաշտօնապէս հրաւիրւել եմ Հայաստան եւ մասնակցել  բուժքոյրութեան մասնագիտական համագումարների:

 

 

Բացատրէ՛ք ինչպէ՞ս ստացաք պրոֆեսորի կոչումը:

PhD-ի աստիճանին արժանանալով, համալսարանում պաշտօնս փոխւեց պրոֆեսորի (Assistant professor), իսկ չորս տարի անց արժանացայ Associate Professor աստիճանին եւ դարձեալ չորս տարի անց՝ ըստ տւեալների եւ կատարած աշխատանքների ու մասնագիտութեան, ստացայ Full professor գիտական կոչումը, որը մէկամեայ դժւարին ընթացք էր, իր բազմազան փուլերով, սակայն ուսման նկատմամբ իմ սէրը ինձ մղեց ընթանալու այս բոլոր բարդ ուղիներով եւ այսօր համարւում եմ Իրանի բժշկական գիտութիւնների համալսարանի բուժքոյրական բաժնի եւ մանկաբարձութեան ֆակուլտետի ակադեմիական խորհրդի անդամ ու լիիրաւ պրոֆեսոր:

 

 

Գիտենք ակտիւ մասնակցութիւն էք ունեցել ազգային-միութենական կեանքում. բացատրէ՛ք նաեւ դրա մասին:

Նոր Ջուղայում միշտ ակտիւ եմ եղել որպէս Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամ, Մարզական միաւորի բասկետբոլի խմբի մարզիկ, Մշակութային միաւորի ասմունքի խմբի անդամ, Գարնանային խաղերի բուժարանի պատասխանատու եւ այլն։ Թեհրան հաստատւելուն պէս, հանգուցեալ տկն. Լիդիա Ալվանդեանի հետ միասնաբար, ձեռնամուխ եղայ տպագրելու առողջապահական թեմայով «Աւետիս» հայալեզու ամսաթերթը, որտեղ դիւրըմբռնելի լեզւով անհրաժեշտ գիտելիքներ էր ուսուցանւում բոլորին. այստեղ աշխատում էի որպէս խմբագիր: Պարբերականից տպագրւեց ութ համար. սակայն, հակառակ ժողովրդի կողմից լայն ընդառաջմանը՝ նիւթական դժւարութիւնների պատճառով, դադարեցւեց տպագրութեան ընթացքը:

Շուրջ 10 տարիներ անդամակցել եմ, «Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնին, որը պարտականութիւն ունի կատարելու բուժարանի կառավարման գործը: Այդ ժամանակաշրջանում սոյն մարմինը մեծ ջանք գործադրեց նորարարութիւններ կիրառելու իր գործունէութեան մէջ, ինչի արդիւնքում երեք տարի շարունակ, Աւետիսեանե-ը ձեռք բերեց Իրանի լաւագոյն բուժարանի կոչումը: Նշւած ժամանակաշրջանի յաջողութիւններից էր նաեւ կենտրոնի անձնակազմի գործունէութեան գնահատման համակարգի ստեղծումը, որը մեծ ազդեցութիւն ունեցաւ աշխատանքների բարելաւման եւ վերելքի գործում: Յետագային, ցաւօք, մի շարք դժւարութիւնների պատճառով, դադարեցրի համագործակցութիւնս բուժարանի հետ:

Աւելի քան 15 տարիներ է, ինչ համագործակցում եմ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի հետ՝ որպէս սոյն խորհրդին ենթակայ Ուսման մակարդակը ուսումնասիրող յանձնախմբի անդամ: Նշւած յանձնախումբը պարտականութիւն ունի գնահատելու տեսուչների, փոխ-տեսուչների եւ ուսուցիչների գործունէութիւնը եւ համապատասխան վերապատրաստման դասընթացների, ինչպէս նաեւ աշխատանոցների կազմակերպմամբ բարելաււի ուսման եւ տնօրինութեան մակարդակը՝ հայոց ազգ. դպրոցներում: Ներկայիս այս յանձնախումն իմ առաջարկով զբաղւում է «Ի՞նչ է հայեցի դաստիարակութիւնը» խորագրով ծրագրով. աշխատանքն ունի երեք փուլ, որոնցից առաջինն իրականացւել է եւ միւս փուլերն էր ըստ նախատեսւածի տեղի են ունենալու: Նկատի առնելով, որ հայեցի դաստիարակութեան թեման հետաքրքրում է սփիւռքահայ բոլոր համայնքներին, առաջարկել եմ նաեւ այս կապակցութեամբ խորհրդաժողով ունենալ իրանահայ երեք թեմերի կրթական ոլորտի գործիչների մասնակցութեամբ:

Առողջապահական թեմաներով բազմաթիւ դասարաններ եմ կազմակերպել տարբեր միութիւններում: Կանանց տարւայ առիթով, որպէս Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչ, մասնակցել եւ ելոյթ եմ ունեցել Լիբանանում կազմակերպւած համագումարին։ Այստեղ թէ՛ Վեհափառ հօր հետ ունեցած եւ թէ՛ այլ հանդիպումների ժամանակ, երբ մասնակիցներն իմացան իմ ծննդեան վայրի մասին, դրւատանքով եւ հիացմունքով արտայայտւեցին Նոր Ջուղայի մասին, որը հպարտութեան մեծ զգացում առաջացրեց ինձ մօտ։

 

   

 

Բաւականին ակտիւ էք եղել ազգային աշխատանքներում: Ինչպէ՞ս էք համադրել այս բոլորը. ձեր պարագային արդեօք մասնագիտութիւնը եւ ազգային կեանքը միմեանց չեն խանգարե՞լ:

Ոչ, անձամբ ես համոզւած եմ, որ մասնագիտութիւնը ազգային աշխատանքներին ծառայեցնելով, անհատը ոչ միայն մեծ բաւարարութիւն է ստանում իր գործի արդիւնքը տեսնելով, այլ նաեւ իր ներդրումն է ունենում հայկական համայնքների եւ թեմի զարգացման ու վերելքի ուղղութեամբ՝ յատկապէս եթէ գործ է ունենում մատաղ սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան հետ:

 

    

 

Ի՞նչ խորհուրդ կը տաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են համալսարան մուտք գործելով հասնել բարձր յաջողութիւնների:

Երիտասարդները պէտք է ջանադիր աշխատանքով իրականացնեն իրենց բոլոր երազանքներն ու նպատակները եւ ջանք չխնայեն իրենց ձեռք բերածն ու մասնագիտութիւնը հայմայնքին ու ժողովրդին ծառայեցնելու հարցում:

 

ՍՀԹ Հանրային կապի գրասենեակ