Երեքշաբթի՝ մայիսի 27-ի առաւօտեան, Թեմական խորհրդի եւ Սպահանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ, նախապէս ճշտւած օրակարգով, տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում։

Սոյն հանդիպմանը ազգային կառոյցից ներկայ էին՝ Թեմական խորհրդի ատենապետ` դկտր. Վաչիկ Հայրապետեանը, Պատգ. Ժողովի Կալւածա-Տնտեսական յանձնաժողովի անդամ Աշոտ Դաւթեանը, կալւածա-տնտեսական աշխատանքների գծով խորհրդատու` Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, խորհրդի անդամներ Տարօն Տէր-Մարտիրոսեանն ու Նարբէ Ջարդն Դաւուդը եւ Առաջնորդարանի իրաւաբան` Քէյւան Մոխթառեանը, իսկ Սպահանի պետական համալսարանից՝ համալսարանի նորընտիր տնօրէն` դկտր. Ռոքնի Զադէն, իրաւաբանական բաժնի տնօրէն դկտր. Մոհսէն Ղայէմ Ֆառդը, համալսարանի վարչակազմի, ֆինանսների եւ աջակցութեան գծով փոխնախագահը, տեխնիկական գործերի եւ քաղաքացիական ճարտարագիտական նախագծերի վերահսկողութեան տնօրէնը, քաղաքացիական եւ տրանսպորտային ճարտարագիտութեան ֆակուլտետի դասախօսական կազմի անդամը եւ Օտարլեզւեան ֆակուլտետի պատասխանատուն։

Հանդիպման մեկնարկը տրւեց դկտր. Վաչիկ Հայրապետեանի բարի գալստեան խօսքերով, որից յետոյ նա ամփոփ գծերով ներկայացրեց Իրանում եւ յատկապէս Նոր Ջուղայում հայերի հաստատման, ծաւալած գործունէութեան, ինչպէս նաեւ ազգային կառոյցի մասին տեղեկութիւններ։

Անցնելով օրակարգի առաջին կէտին, խօսւեց Հայագիտական ամբիոնի առաջընթացի անհրաժեշտութեան մասին։

Խորհրդակցութիւն ծաւալւեց Հայագիտական ամբիոնի պահպանման, մեծ թւով ուսանողների ներգրաւման, դասախօսական կազմի համալրման, գրադարանի արդիականացման եւ կարեւոր այլ հարցերի շուրջ։

Այս շրջագծում Թեմական խորհրդի ատենապետը տեղեկացնելով, որ քաջալերանքի յատուկ միջոցներ են իրականացւում մեծաթիւ հայ ուսանողների ուղղորդելու դէպի Հայագիտական ամբիոն, աաջարկեց՝

ա. Հայաստանից ապահովել ժամավճար դասախօսներ՝ ուսանողների համար առցանց դասընթացներ իրականացնելու համար, իսկ որպէս օժանդակ դասախօսներ աշխատանքի հրաւիրել հայոց ազգային դպրոցների ուսուցիչներին։

բ. Գրադարանը համալրել նոր գրքերով, իսկ ինչպէս նախկինում, այսուհետ եւս ուսանողներին առիթ տալ օգտւելու Ս. Ա. Վանքի "Ս. Ներսէս Շնորհալի" գրադարանից։

Այնուհետեւ խօսւեց Հայագիտական ամբիոնի շէնքի պահպանման ու բարեկարգման մասին, որի արդիւնքում որոշւեց Տարօն Տէր-Մարտիրոսեանն ու Նարբէ Ջարդն Դաւուդը ուսումնասիրեն շինութեան ներկայ իրավիճակը եւ անհրաժեշտ նորոգութիւնների ցանկը։

Օրակարգի երկրորդ կէտի համաձայն, անդրադարձ կատարւեց թեմիս սեփականութիւնը համարւող եւ տարիներ առաջ Սպահանի պետական համալսարանին վարձակալութեամբ տրամադրւած կալւածի խնդրին, որի գործընթացի մասին մանրամասն զեկոյց ներկայացրեց աշխատանքի պատասխանատու Վրէժ Տէր Մարտիրոսեանը։

Սոյն կալւածը, որը գտնւում է Նոր Ջուղայի Հայոց Գերեզմանատան արեւելեան մասում, ներառւած է Քաղաքապետարանի Թոհիդ պողոտայի շարունակութիւնը հարաւային ուղղութեամբ կառուցելու ծրագրում: Առ այդ քաղաքապետարանը դիմել է Թեմական խորհրդին եւ Սպահանի Պետական Համալսարանաին, ծրագրին առնչւող տարածքները քաղաքապետարանին փոխանցելու համար:

Այս ուղղութեամբ ծաւալծւած քննարկումների արդիւնքում, կարեւորւեց Թեմական խորհրդի, Քաղաքապետարանի եւ Սպահանի պետական համալսարանի միջեւ հանդիպումների շարունակականութիւնը, ինչպէս նաեւ հաշւի առնելով երեք կողմերի շահերը, հարցը տրամաբանական աւարտին հասցնելը։

Որպէս Թեմական խորհրդի ներկայացուցիչ սոյն  աշխատանքի գլխաւոր պատասխանատու նշանակւեց կրկին Վրէժ Տէր-Մարտիրոսեանը։

Վերջում փոխանակւեցին յուշանւէրներ եւ խումբն այցելեց Ս. Ա. Վանքի "Յովսէփ Արիմաթացի" եկեղեցի, "Խաչատուր Կեսարացի" եւ "Նոր Ջուղայի ազգագրական" թանգարաններ։

 

 

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի