Չորեքշաբթի՝ մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց հայ ժողովրդի պատմութեան պանծալի էջերից՝ Մայիսեան յաղթանակը՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման օրը:

Տօնակատարութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, օրւայ բանախօս, Հայաստանից ժամանած Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Տարօն Տօնոյեանը, Սպահանի հայոց թեմի եկեղեցական դասը, ագզային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամներն ու Նոր Ջուղայի ու Շահինշահրի ժողովուրդը:

Սկզբում «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ. այս բաժինն աւարտւեց Իրանի Իսլ. եւ Հայաստանի հանրապետութիւնների օրհներգերի ունկնդրութեամբ:

Այնուհետեւ արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, խորհրդարանի պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վաչիկ Հայրապետեանն ու Զաւէն Սիմոնեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ օրւայ բանախօս Տարօն Տօնոյեանը ընդունեցին թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների, միութիւնների եւ յանձնախմբերի շքերթ տողանցքը:

Յաջորդիւ, հանդիսավար Մանիա Ղուկասեանը հանդէս եկաւ բացման խօսքով, որտեղ ասւած էր. «107 տարի անց, մենք կանգնած ենք նոր փորձութիւնների առջեւ։ Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգութեան, ինքնիշխանութեան ու ազգային գոյութեան լրջագոյն մարտահրաւէրների առջև։ Մեր հայրենիքի սիրտը՝ Արցախը, այսօր ցաւօք անջատւած է մեզանից, բայց երբէք՝ մեր յիշողութիւնից, հաւատքից ու իրաւունքից։ Այո՛, մենք կրել ենք կորուստներ, բայց մենք յաղթող ազգ ենք, եւ մեր յաղթանակների շարքը չի աւարտւում անցեալով։ Այն շարունակւելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայը իր հողի վրայ ապրում է գլուխը բարձր, աչքը՝ դէպի ապագան»։

Հանդսավարի խօսքից յետոյ ներկաները լռութեամբ յարգանքի տուր մատուցեցին Սարդարապատից մինչեւ Արցախ, հայ ազգի ու հայրենիքի փրկութեան ճանապարհին զոհւած հայորդիների յիշատակին:

Օրւայ բանախօս Տարօն Տօնոյեանն իր ելոյթի սկզբնական բաժնում յիշեց եւ բարձր գնահատեց 1918-ի դժւարին պայմաններում Նոր Ջուղայի հայ համայնքի օժանդակութիւնը հայրենիքին, թէ ինչպէս իր ոսկեղէնը նւիրելով նեցուկ հանդիսացաւ նորաստեղծ հանրապետութեանը:

Նա նշելով նաեւ 107 տարի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ ի մասնաւորի Արամ Մանուկեանի դերը հայկական բանակ կազմելու եւ թուրքական արշաւանքի դէմն առնելու գործում՝ ընդգծեց այսօրւայ պայմաններում հայրենիքի գոյութիւնը սպառնացող լուրջ պայմանները եւ ասաց, որ  պէտք է եւս մէկ անգամ յայտարարենք Սարդարապատի հերոսամարտ՝ յանուն հայրենիքի փրկութեան:

Պրն. Տօնոյեանն անդրադարձ կատարելով նաեւ այն փաստին, թէ արցախահայութեան վերադարձը պայմանաւորւած է առաջնակարգ խոչընդոտի՝ Հայաստանի ներկայ իշխանութեան իշխանազրկման հետ, կոչ արեց՝ մի կողմ թողնելով տարաձայնութիւնները միաւորւել մէկ նպատակի շուրջ եւ ազգային իշխանութիւն ձեւաւորելով, Արամ Մանուկեանի եւ առաջին հանրապետութեան պետական այրերի ոգով լծւել աշխատանքի:

Բանախօսն իր խօսքի աւարտին հայ ժողովրդի եւ Հ.Յ.Դ. կուսակցութեան անունից շնորհակալութիւն յայտնեց իրանի պետական այրերին՝ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ դրսեւորած ողջախոհ մօտեցման համար:

Տօնախմբութեան գեղարւեստական բաժնում նախ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գայլիկ-Արծւիկների հատւածի անդամներից կազմւած երգչախումբը ելոյթ ունեցաւ ազգային երգերի հիասքանչ կատարումներով, ապա Հայաստանից ժամանած ազգային-յեղափոխական երգերի կատարող Ներսիկ Իսպիրեանն ու նրան ընկերակցող Արտաշէս Տարօնցին հանդէս եկան անզուգական համերգային ելոյթով: Երեկոյի ամբողջ ընթացքում ազգային ոգով ու յաղթանակի զգացումով ոգեշնչւած հանդիսատեսն իր խանդավառութիւնն արտայայտեց բուռն ծափողջոյններով, վեր բարձրացրած բռունցքներով ու հայկական շուրջպար բռնելով:

Ծրագիրն աւարտւեց աւանդոյթ դարձած հրավառութեամբ:

Նշելի է, որ Կազմակերպիչ յանձնախմբի դասաւորութեամբ նախատեսւել էր կրպակ, ուր փոքրիկների երեսին դաճւում էր հայոց եռագոյն դրօշը:

 

 

Թղթակից (Նոր Ջուղա)