Երեքշաբթի՝ ապրիլի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզի շրջափակում, ներկայութեամբ սաների մայրերի եւ տատիկների, նշւեց Մայրութեան եւ գեղեցկութեան տօնը:

Ծրագրում նախ օրւան պատշաճ խօսքով հանդէս եկաւ մանկապարտէզի տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը: Ահա մի հատւածի մէջբերում բացման խօսքից. «Մայրական սիրոյ մասին բազմիցս խօսւել է եւ ոչ ոք չի կասկածում դրա անկեղծութեանն ու մարքրութեանը: Մայրը ոչ միայն քնքշանքի արղբիւր է, այլ նաեւ բարութեան ու մեծահոգութեան ուսուցիչ, ով կարողանում է խստութիւններին եւ դաստիարակչական կանոններին զուգահեռ, իր զաւակին ներշնչել ամենագեղեցիկ զգացումները»:

Շարունակութեան մէջ դպրոցի մանկապարտէզի եւ նախակրթարանի սաները գեղարւեստական յայտագրով ելոյթ ունեցան, որը յագեցած էր մայրերին նւիրւած երգերով, արտասանութիւններով ու պարերով:

Այնուհետեւ զւարճալի խաղ-մրցոյթներ իրականացւեցին սաների եւ իրենց մայրիկների մասնակցութեամբ, իսկ տնօրէնուհու եւ Կրթական խորհրդի անդամ Սաթենիկ Աւետումեանի միջոցով գնահատագրեր շնորհւեցին ընթացիկ տարւայ փետրւարին դպրոցի կազմակերպած հեքիաթասացութեան փառատօնին մասնակից սաներին ու իրենց տատիկներին:

Վերջում մայրիկներին նւիրւեցին ծաղիկներ, իսկ ներկաները վայելեցին նախատեսւած հիւրասիրութիւնը:

Թղթակցութիւնը կազմեց օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ կազմակերպիչների զեկոյցի համաձայն։

Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեան