Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ «Արարատ» միութեան բոլոր միաւորների, մարտի 19-ից 23-ը, նոյն միութեան շրջափակում իրականացւեցին Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերը՝ «Արարատից Արարատ» նշանաբանի ներքոյ:

Բացման հանդիսութիւն

Բացման միջոցառումը մեծ հանդիսութեամբ իրականացաւ երեքշաբթի՝ մարտի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի սրահում, հանդիսավարութեամբ Մանիա Ղուկասեանի եւ Արթուր Քամարզարեանի:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, նոյն խորհրդարանի 12-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքաետ պրն. Քարգարը, Սպահանի Սպորտի եւ երիտասարդութեան հիմնարկի պատասխանատուներ, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւննների ներկայացուցիչներ, մի շարք հայ եւ պարսիկ հրաւիրեալներ, կազմակերպիչ միութեան՝ արտօնատէրը, Կենտ. վարչութիւնը, միաւորների վարչութիւններն ու անդամները, Թեհրանից, Թաւրիզից, Ուրմիայից, Շիրազից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից մասնակցութիւն ցուցաբերած մարզական պատւիրակութիւններն ու հոծ թւով ժողովուրդ:

Սկզբում Սկաուտական միաւորի միջոցով խմբապետ Արթին Վարդանեանի հրահանգի ներքոյ իրականացւեց դրօշակի արարաողութիւնը եւ ներկաների յոտնկայս լռութեան ներքոյ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը:

Այնուհետեւ իրականացւեց բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ ճատրակի մարզական պատւիրակութիւնների շքերթ-տողանցքը. նշւած պատւիրակութիւններն էին՝ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը (Հ.Մ.Ա.Կ.), Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Թաւրիզի, Ուրմիոյ եւ Շիրազի մասնաճիւղերը, Հայ Մշակութային «Նայիրի» միութիւնը, Հայ Մշակութային «Սարդարապատ» միութիւնը, Հայ Մշակութային «Սիփան» միութիւնը, Հայ Մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրը եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնն ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղը:  

Յաջորդիւ սրահ մուտք գործեց ջահակիր խումբը եւ Նարէ Ղարախանեանի միջոցով բոցավառւեց 33-րդ Գարնանային խաղերի գլխաւոր ջահը: Յատկանշելի է, որ կրակը վառւել էր Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակից եւ օրհնւել թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ: Նշելի է, որ կարկը տեղափոխող ջահը պատրաստւել է Հայաստանում:

Ջահակիր խմբի միւս անդամներն էին՝ Անի Մկրտչեանն ու Արամէ Սիմոնեանը: Այժմ ծանօթանանք սոյն խմբի անդամներին.

Նարէ Ղարախանեան (գլխաւոր ջահակիր)

Ծնւել է 2004 թւականին, Նոր Ջուղայում: 9 տարեկանից մասնակցել է «Արարատ»  միութեան եւ դպրոցական բասկետբոլի խմբերին եւ յետոյ շարունակել է սկաւառականետման ճիւղը մինչ այժմ: 2018 թ. «Փուեա» լիգայում գրաւել է առաջին եւ երկրորդ տեղերը: 2019 թ. Հայաստանի 7-րդ եւ 8-րդ Համահայկական խաղերին գրաւել է առաջին կարգը: 2021 թ. երկրի մրցոյթներում գրաւել է երկրորդ տեղը: Երկու տարի անդամակցել է Սեփահանի խմբին: 2023-ին մասնակցել է երկրի երիտասարդական մակարդակի կազմակերպւած մրցոյթներին եւ նւաճել երկրորդ կարգը: Թեհրանի ազատ համալսարանի թիմի հետ մասնակցել է լիգայի մրցոյթին եւ գրաւել երկրորդ տեղը, ճանաչւելով որպէս լաւագոյն մարզիկ:

Անի Մկրտչեան

Ծնւել է 2001 թւականին, Նոր Ջուղայում: Զբաղւում է լող մարզաձեւով՝ որպէս մարզիկ, մարզիչ եւ փրկարար: Մասնակցել է բազմաթիւ մրցոյթների՝ Սպահան նահանգի եւ երկրի մակարդակով, ինչպէս նաեւ տարբեր շրջանների Համահայկական խաղերին, որոնց արդիւնքում արժանանցել է բազմաթիւ մեդալների: Վերջին երկու տարիներին մասնակցելով լիգայի մրցոյթներին երկու անգամ գրաւել է չորրորդ տեղը: 2023 թւականին անցակցւող Ուսնաողական օլիմպիադայի արդիւնքում արժանացել է մէկական ոսկի, արծաթ եւ բրոնզ մեդալների՝ ստանալով մօտ ապագայում երկրի մակարդակում կայնալիք մրցոյթների մասնակցութեան թոյլտւութիւնը:

Արամէ Սիմոնեան

Ծնւել է 2012 թւականին, Նոր Ջուղայում: Զբաղւում է կառատէ մարզաձեւով: 2023 թւականին մասնակցելով Սպահան նահանգի, ապա երկրի մասշտաբով «Քիոքոշին կառատէ» մրցաշարերին գրաւել է առաջին պատւաւոր տեղը:

Այս բաժնի աւարտին խաղերի երդման կարգը արտասանւեց մարզիկ Էրիկ Ղազարեանի եւ իրաւարար Արթուր Խաչիկ Գրիգորիի միջոցով:

Շարունակութեան մէջ եղան արտայայտութիւններ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի կողմից:

Ժորժ Ղազարեանը նշելով, որ 33-րդ Գարնանային խաղերը յատկապէս վկայում են իրանահայ համայնքների միասնութիւնը, ընդգծեց, թէ այս համայնքները միշտ աչքի են ընկել իրենց հաւաքական կեանքով ու հայրենասիրութեամբ: Նա բարի գալստեան խօսք ասելով մարզական պատւիրակութիւններին՝ շեշտեց, որ զանազան համայնքներից խմբերի ներկայութիւնն առաւել չափով է հարստացնում Գարնանային խաղերը եւ իրանահայութեանը միաւորում որպէս մէկ ընտանիք:

Գեղարդ Մանսուրեանը անդրադառնալով մարզիկի յատկանշիներին եւ գնահատելով համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտում իրականացւող Գարնանային խաղերը՝ յատկապէս անդրադարձ ունեցաւ արդար մրցոյթների անցկացման կարեւորութեանը: Նա շեշտելով Սպահանի հայոց թեմի զաւակների յաջողութիւնները՝ ի մասնաւոի սպորտի ասպարէզում, բարձր գնահատեց «Արարատ» միութեան դերը մարզիկներ կրթելու գործում: Պրն. Մանսուրեանն իր խօսքի աւարտին շնորհակալութեամբ հանդէս եկաւ պետական պատկան մարմիններին՝ այս խաղերի կազմակերպման արտօնութիւնների համար:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը նշելով, որ այսօր բնութեան զարթօնքի հետ միատեղ կազմակերպւել են 33-րդ Գարնանային խաղերը, որը խթան է հանդիսանալու հոգեկան ներաշխարհի վերակենդանացման, իր լաւագոյն մաղթանքներն ուղղեց խաղերում ընդգրկւած մարզական պատւիրակութիւններին: Նա շնորհաւորանքի խօսք ուղղեց «Արարատ» միութեան ընդարձակ ընտանիքին, որին յաջողւել է մի անգամ եւս արձակուրդային օրերը յիշարժան դարձնել իրանահայ համայնքի համար:

Երեկոյի գեղարւեստական կատարումների սկիզբը հանդիսացան Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) «Արարատ» պարախմբի «Յաղթանակ» եւ «Ազգագրական» պարային ելոյթները՝ պարուսոյցներ Լինէթ Սարգսեանի եւ Ալմարա Շամիրեանի ղեկավարութեամբ:

«Զոմա-զոմա» երգը կատարեց Վանա Շիրւանեանը:

Գեղարւեստական յայտագրով ծրագիրը շարունակւեց կազմակերպչի՝ «Արարատ» միութան մշակութային եւ մարզական խմբերի անզուգական կատարումներով, ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր Մարտիրոսեանի: Պարային համարներ տեղի ունեցան միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի աւագ եւ կրտսեր խմբերի միջոցով, որոնց պարուսոյցն էր Քաթրին Մարկոսեանը: Պարային առաջին համարներին զուգընթաց հնչեց հանգդրամի կատարում Լալա Ալեքսանդրեանի միջոցով, որի երաժշտութիւնը պատկանում էր Արբի Բաբումեանին, իսկ գործիքաւորումը՝ Հարմա Կարապետեանին: Գիմնաստիկայի պարային-մարզական շարժումներով հանդէս եկաւ միութեան գիմնաստիկայի խումբը, ղեկավարութեամբ մարզիչ Վիլմա Վարդանեանի եւ Թենի Համազասպեանի, իսկ օրիորդաց բասկետբոլի եւ կառատէի խմբերը նոյնպէս կատարեցին պատկան մարզաձեւերի առնչութեամբ շարժումներ. այս երկու խմբրի մարզիչներն էին հերթաբար Լուսինէ Սէթ-Աղայեանը եւ Սերժիկ Մինասքանեանը:

Բացման միջոցառումը եզրափակւեց շրջափակում տեղի ունեցած հրավառութեամբ:

Մարզական խաղերի արդիւնքի ամփոփում

Տղայոց բասկետբոլ (3*3)

Նոր Ջուղա՝ առաջին

Թաւրիզ՝ երկրորդ

Նոր Ջուղա՝ երրորդ

Տղայոց բասկետբոլ

Նոր Ջուղա՝ առաջին

«Սիփան» միութիւն՝ երկրորդ

Հ.Մ.Ա.Կ.՝ երրորդ

Երկսեռ բասկետբոլ (3*3)

«Բռունք» խումբ (Նոր Ջուղա)՝ առաջին

«Արարատ» խումբ (Նոր Ջուղա)՝ երկրորդ

«Նեմեսիս» խումբ (Նոր Ջուղա)՝ երրորդ

Ֆուտբոլ

Նոր Ջուղա՝ առաջին

Հ.Մ.Ա.Կ.՝ երկրորդ

«Սիփան» միութիւն՝ երրորդ

Ճատրակ՝

Արթուն Ազիզի (Ուրմիա)՝ առաջին

Արթին Խուդավերդեանս (Ուրմիա)՝ երկրորդ

Բենիա Ասլանեան (Սարդարապատ մ.)՝ երկրորդ

Արգիշտ Քեշիշեան (Նոր Ջուղա)՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երիտ.-անհատական

Էմիլի Նաւասարդեան (Նոր Ջուղա)՝ առաջին

Էմմի Մկրտչեան (Նոր Ջուղա)՝ երկրորդ

Իզաբէլ Սարգսեան (Թաւրիզ)՝ երրորդ

Սէրլի Շահմիրզայեան (Նոր Ջուղա)՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երէց-անհատական

Աննա Քեշիշեան (Նայիրի մ.)՝ առաջին

Փաթրիշիա Դանեղեան (Թաւրիզ)՝ երկրորդ

Ալին Քեշիշեան (Նայիրի մ.)՝ երրորդ

Գալիա Դիլանչեան (Նոր Ջուղա)՝ երրորդ

Սեղանի թենիս-տղայոց, երէց-անհատական

Արսէն Տէր-Գրիգորեան (Հ.Մ.Ա.Կ.)՝ առաջին

Ռոնի Մեհդիխանեան (Հ.Մ.Ա.Կ.)՝ երկրորդ

Արութին Թորոսեան (Շահինշահր)՝ երրորդ

Միրօ Մանուկեան (Շիրազ)՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երիտ.-խմբային

Նոր Ջուղա Ա.՝ առաջին

Թաւիրզ՝ երկրորդ

Նոր Ջուղա Բ. եւ Գ.՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երէց-խմբային

«Նայիրի» մ.՝ առաջին

Նոր Ջուղա՝ երկրորդ

«Սարդարապատ» մ. երրորդ

Սեղանի թենիս-տղայոց, երէց-խմբային

Հ.Մ.Ա.Կ.՝ առաջին

Շիրազ՝ երկրորդ

Շահինշահր՝ երրորդ

«Սարդարապատ» մ.՝ երրորդ

Փակման ծրագիր

Փակման արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ՝ մարտի 23-ի երեկոյեան, հանդիսավարութեամբ Վանէ Յովսէփեանի: Յաղթող խմբերին եւ անհատ մարզիկներին շնորհւեցին գնահատագրեր, մեդալներ եւ գաւաթներ:

Այլ միջոցաշումներ

- Չորեքշաբթի՝ մարտի 20-ին, տեղի ունեցաւ Գարնանամուտի դաշտահանդէս՝ նախաձեռանութեամբ միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի եւ համագործակցութեամբ Մշակութային միաւորի վարչութեան. վերջինս հարկ եղածը դասաւորել էր հաղորդավարի եւ երկու երգերի կատարման ուղղութեամբ: Դաշտահանդէսը յագեցած էր զւարճալի խաղերով եւ ճոխ բուֆէով:

- Հինգշաբթի եւ շաբաթ՝ մարտի 21 եւ 23-ին, տեղի ունեցաւ «Անց ու դարձ» ծրագիրը: Այս բաժնի իրականացման համար Մշակութային միաւորի կողմից կեանքի էր կոչւել առանձին յանձնախումբ: Ծրագրում արտացոլւել էր Գարնանային խաղերին առնչւող հետաքրքիր թեմաներ, մի շարք զաւեշտալի իրադարձութիւններ եւ այն ամէնը, ինչ հեռու էր մնացել հանդիսատեսի աչքերից:

- Ուրբաթ՝ մարտի 22–ի առաւօտեան, նախաձեռնութեամբ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան եւ համագործակցութեամբ նոյն միաւորի Օժանդակող յանձնախմբի կազմակերպւեց «Գիտունիկի տնակ» ամենամեայ մանկական միջոցառումը, որը յագեցած էր հետաքրքիր ձեռքի աշխատանքների պատրաստմամբ, երգ ու պարով եւ զւարճալի խաղ-մրցոյթներով:

- Շաբաթ՝ մարտի 23-ին, Միութեան Ուսանողական միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն միաւորի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ գիտելիքների մրցոյթ, որին իրենց մասնակցութիւնն էին ցուցաբերել մարզական խմբերի պատւիրակութիւնները:

- Գարնանային խաղերի ընթացքում աշխատել է նաեւ առանձին յանձնախումբ, որի պարտականութիւնն է եղել լուսանկարել բոլոր մրցոյթները եւ ամփոփել արդիւնքները:

Թղթակից (Նոր Ջուղա)