Ուրբաթ՝ փետրւարի 8-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի Հայոց Գերեզմանատանը, Իրանի Իսլամական Յեղափոխութեան 34-ամեակի առթիւ, տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրաք-Իրան պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին:

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկերեանը, դպրաց դասը, ազգային մարմինների ներկայացուցիչները, հայ նահատակների հարազատները, Նոր Ջուղայի Հայոց Ազգային «Արմէն» համալիրի տեսուչները, Ծնողական Խորհրդի ներկայացուցիչները, դպրոցի 5-րդ ու 6-րդ դասարանների աշակերտ-ուհիները եւ համայնքի անդամները:

Թեմակալ առաջնորդի նախագահութեամբ Հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց նահատակներ՝ Վարդան Աբրահամեանի, Ռայմոնդ Բաղրամեանի (Խաթուն-նեժադ) եւ Վրէժ Բաղումեանի շիրիմների վրայ:

Արարողութեան աւարտին Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը այսպէս արտայայտւեց. «Ցաւալի երեւոյթ է երիտասարդի մահը, երբ այն տեղի է ունենում պատահական պատճառով, սակայն երբ երիտասարդն իր կեանքը զոհում է յանուն նպատակի, պատւի ու յարգանքի է արժանանում եւ հպարտանալու առիթ է հանդիսանում բոլորի համար: Մեր նահատակների ընտանիքներն ապրել են դժւարին պահեր, որոնք առաջացել էին իրենց զաւակներին կորցնելու պատճառով,  այսօր՝ տասնամեակներ յետոյ, բոլորս հպարտութեամբ ենք յիշում մեր երիտասարդների զոհաբերութիւնը: Փառք ու պատիւ հայ նահատակների ընտանիքներին, որ նման երիտասարդներ դաստիարակեցին»: Պրն. Նոէլ Մինասեանն իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով հայերի դերակատարութեանը Իրանի պատմութեան տարբեր հանգրւաններում, ասաց. «Հայ նահատակների կատարած սխրագործութիւնների շնորհիւ իրանահայութիւնը պետական տարբեր շրջանակներում պատւով է արտայայտւում այն դերակատարութեան մասին, որը ցուցաբերել է երկրի հողային ամբողջականութիւնը պաշտպանելու գործում»:

Այնուհետեւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը յիշելով Վարդանանց պատերազմի քաջերին, շարունակեց. «Վարդանանց նահատակները հաւատի, հայրենիքի եւ ազգի արժանապատւութեան համար իրենց կեանքը զոհեցին եւ իրենց արիւնը թափեցին, որպէսզի մենք պատւով ու պարզերես ապրենք: Ի՞նչ է տարբերութիւնը: Նրանք նոյն նահատակներն են, ովքեր այս անգամ Իրաք-Իրան պարտադրեալ պատերազմում, իրենց անձերից վեր՝ գաղափարի եւ հայրենիքի հողային ամբողջականութիւնը պաշտպանելու համար, որպէս հաւատարիմ քաղաքացիներ, իրենց պարտականութիւնը կատարեցին եւ այդ ճանապարհին ընկան՝ մեր պատիւն ու արժանապատւութիւնը բարձր պահելով: Սիրելի՛ ծնողներ, դուք ձեզ հպարտ զգացէք, որ նման զաւակներ էք ունեցել»:

Վերջում նահատակ Վրէժ Բաղումեանի եղբայր պրն. Վարուժան Բաղումեանը, հայ նահատակների հարազատների անունից շնորհակալական խօսք ուղղեց առաջնորդ Սրբազան Հօրը, Թեմի ազգային մարմիններին եւ միւս ներկաներին՝ Հոգեհանգստեան արարողութեանը ներկայանալու եւ նահատակների հարազատներին մխիթարելու համար: