Շաբաթ՝ մարտի 4-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հանդիպում իրականացւեց Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի, նոյն խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանի եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական եւ Կրօնական խորհուրդների անդամների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպումն սկիզբ առաւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով: Ապա Սրբազան Հօր, Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Զաւէն Սիմոնեանի միջոցով բացատրութիւններ տրւեցին թեմի պատմական անցեալի, պատկան ազգային մարմնի գործունէութեան եւ պարտականութիւնների վերաբերեալ:

Շարունակութեան մէջ Նոէլ Մինասեանը ազգային մարմինների անունից աւելացրեց, որ անհրաժեշտ է համահայկական կարեւոր օրակարգերի ուղղութեամբ ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը եւ լիարժէք օգտագործել հայկական ներուժը՝ զերծ մնալով անհատական գործողութիւններից:

Պրն. Սաղաթէլեանը դրւատանքի խօսք ասելով համայնքի կազմակերպւածութեան, հայոց դպրոցներում մատուցւող ազգային դաստիարակութեան եւ ժողովրդի հայրենասիրութեան մասին՝ աւելացրեց, որ այն ինչ այստեղ տեսանք մեզ աւելի է պարտաւորեցնելու Հայաստանում մեր պայքարը շարունակելու համար: Նա նաեւ գովեստի խօսք ասաց առ այն, որ համայնքս բոլոր դժւարութիւններով հանդերձ, միշտ եղել է Հայաստանի եւ Արցախի կողքին:

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը նոյնպէս բարի գալստեան խօսք ասաց հիւրերին, ապա յայտնեց, որ հարաւային իրանահայութեան համայնքները ինչպէս այնցեալում, այուհետեւ եւս լինելու են Արցախի եւ Հայաստանի կողքին, յատկապէս ապազգային իշխանութեան գործողութիւնների դէմ մղւող գոյապայքարում։

Հանդիպման երկրորդ բաժնում Իշխան Սաղաթէլեանն ու Աննա Գրիգորեանը պատասխանեցին Արցախի եւ Հայաստանի իրավիճակին կապւող ներկաների հարցումներին:

Վերջում յուշանւէրներ նւիրւեցին հիւրերին:

Նշելի է, որ նոյն օրը առաւօտեան Իշխան Սաղաթէլեանը ընկերակցութեամբ Աննա Գրիգորեանի եւ ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:

Թղթակից (Նոր Ջուղա)