Հ.Յ.Դ. անդամ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ով որպէս բանախօս Ացախին զօրակցութեան հանրահաւաքին մասնակցելու համար եռօրեայ այցով ժամանել էր Նոր Ջուղա, նշւած ժամանակաշրջանում ունեցաւ մի շարք այցելութիւններ եւ հանդիպումներ, որոնց համառօտ անդրադառնում ենք:

Չորեքշաբթի՝ փետրւարի 22-ի առաւօտեան, այցելեց հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներ. նշւած բոլոր հանդիպումների ընթացքում նա ծանօթացաւ դպրոցների աշխատանքներին եւ հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ հանդիպում ունեցաւ տնօրէնութիւնների հետ:

Նոյն օրը, երեկոյեան այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, որտեղ կազմակերպւել էր հանդիպում մասնակցութեամբ՝ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների, Փերիոյ Կրթ. միութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների եւ իհարկէ վերջինիս միաւորների ու Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւնների: 

Վերոնշեալ հանդիպման ընթացքում Քրիստինէ Վարդանեանն անդրադարձ ունեցաւ Արցախում եւ Հայաստանում ստեղծւած իրավիճակներին, Սփիւռքի համայնքների տրամադրութեանն ու ապագայ անելիքներին, իսկ աւարտին պատասխանեց ներկաներին յուզող հարցերին: Այս հանդիպմանը հիւրին ընկերակցում էր Արցախին զօրակցութեան յանձնախմբի նախագահ Զօրիկ Յովսէփեանը։ 

Հինգշաբթի՝ փետրւարի 23-ի առաւօտեան, «Ս. «Ամենափրկիչ» վանքում հանդիպեց Արցախին զօրակցութեան յանձնախմբի անդամներին, որտեղ նախ տեղեկութիւններ փոխանցւեցին, ապա մտքեր փոխանակւեցին ուրբաթ առաւօտեան կայանալիք հանրահաւաքի ծրագրի շուրջ, այնուհետեւ Թեմական խորհրդի գրասենեակում հանդիպում իրականացւեց ազգային մարմինների ներկայացուցիչների հետ՝ նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ եւ փոխ-ատենապետ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վաչիկ Հայրապետեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի: 

Այս հանդիպման ընթացքում քննարկումներ ընթացան Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական իրավիճակի շուրջ եւ ազգայինները բացատրութեամբ հանդէս եկան համայնքի տրամադրութեան մասին՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ից սկսեալ: Հանդիպման աւարտին Քրիստինէ Վարդանեանին նւիրւեց «Պատմութիւն Նոր Ջուղայի» գիրքը։

Հարկ է նշել, որ Քրիստինէ Վարդանեանը նշւած ժամանակաշրջանում այցելել է նաեւ հայոց ազգ. ծերանոց եւ Ազգային առաջնորդարանի թանգարաններ:

Թղթակից (Նոր Ջուղա)