Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի կոչի համաձայն, ուրբաթ՝ փետրւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ Արցախին զօրակցութեան հանրահաւաք՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների, ովքեր հակառակ եղանակային անբարենպաստ պայմաններին, ներկայ գտնւեցին սոյն հանրահաւաքին՝ իրենց միասնութիւնը համայն հայութեան հետ յայտնելու եւ պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի լսելի դարձնելու համար:

Ընթացքում նախ ընթերցւեց Կազմակերպիչ յանձնախմբի խօսքը հանրահաւաքի հանդիսավար Մանիա Ղուկասեանի միջոցով, ապա օրւայ ելոյթների շարանում թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանը հանդէս եկաւ ազգային մարմինների խօսքով, Հ.Յ.Դ. անդամ, Հ.Հ. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը բանախօսական ելոյթ ունեցաւ օրւայ առթիւ, միութիւնների միասնական պատգամն ընթերցեց Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախագահ Զարենուշ Աղուրեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Կանանց Եկեղեցասէր միութեան խօսքով հանդէս եկաւ համայնքի վարչութեան անդամուհի Վալենտին Թորոսեանը, Կազմակերպիչ յանձնախմբի կազմած բանաձեւը պարսկերէն լեզւով ընթերցեց Արիս Դաւթեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց նոյն յանձնախմբի անդամ Թաթուլ Օհանեանը, իսկ եզրափակիչ ելոյթում ներկաներին իր պատգամն ուղղեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ահա մի հատւածի մէջբերում Կազմակերպիչ յանձնախմբի խօսքից.

«Որպէս Սփիւռքի բազմադարեայ եւ Հայաստանի ու Արցախի հետ աշխարհագրականօրէն մօտ գտնւող համայնք, որն ականատես է եղել  Ադրբեջանի Հանրապետութեան հակահայ վանդալիզմին` իր պապերի հայրենիք Հին Ջուղայի հազարամեայ խաչքարերի աւերման ժամանակ, վկայում ենք, որ` Ադրբեջանի իշխանաւորները նպատակադրել են ցեղասպանութեան սպառնալիքով իսպառ վերացնել հայութեանն իրենց սեփական հայրենիքից, որ` նրանք ունակ չեն արդարութեան եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան հիմամբ որեւէ խաղաղութիւն հաստատել, որ` թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստ է յանուն իր անհեթեթ ու ծաւալապաշտական նկրտումների մեր տարածաշրջանը դարձնել օտար եւ մեծապետական տխրահռչակ ուժերի հակամարտութեան ու պատերազմների թատերաբեմ, որ` պէտք չէ խաբւել նրանց կեղծ խաղաղասիրութեան կոչերով»:

Նոէլ Մինասեանը ազգային մարմինների խօսքում ընդգծելով, որ Արցախը ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան եւ որպէս պետութիւն գոյատեւելու, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան անվտանգութեան իմաստներով, սուտ եւ կեղծիք համարեց այն բոլոր խօսքերը, որոնք ասւում են ժողովրդին հաւատացնելու, թէ Արցախից ազատւելով կարելի է Հայաստանում հանգիստ ապրել: Նա դատապարտելով Ադրբեջանի իշխանութեան ոճրագործ գործողութիւնները եւ շեշտելով, որ թեմի ազգային մարմինները ինչպէս անցեալում, այսօր նոյնպէս զօրակցելու են արցախահայութեանը, հայ ժողովրդի անելիքները բաժանեց հետեւեալի՝ ՀՀ իշխանութիւնը պէտք է յստակ քաղաքականութիւն մշակի, որպէսզի հայութեան համախմբւած ներուժը ծառայի արցախահայութեանը, սփիւռքահայութիւնը պէտք է իր նեդրումն ունենայ Արցախին զօրակցելու ուղղութեամբ՝ նիւթական, քարոզչական եւ այլ հնարաւորութիւնների սահմաններում:

Քրիստինէ Վարդանեանը շեշտելով, որ պարտութիւնը հայ ժողովրդի համար ոչ թէ դատավճիռ է, այլ դաս՝ վերականգնելու համար, անդրադարձաւ, որ երեք պատերազմ տեսած եւ հազարաւոր զոհեր ունեցող Արցախը շուրջ 70 օր է, ինչ դիմագրաւում է թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողութիւններին, եւ դեռ 30 տարիներ թշնամական կիզակէտում գտնւելով արցախցին չի յանձնւում, քանի որ գիտի Արցախը պաշտպանելով պաշտպանում է նաեւ Հայաստանն ու Սփիւռքը, այդու մեզնից իւրաքանչիւրը իրաւունք չունի յանձնւելու, պէտք է կանգնի Արցախի կողքին եւ զօրակցի արցախահայութեանը:

Տկն. Վարդանեանն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով այն հանգամանքին, որ թշնամին փորձում է մեզ համոզել, թէ հայ ժողովուրդը սպառել է դիմագրաւելու իր բոլոր ռեսուրսները, որ մենք չունենք ոչ ուժ եւ ոչ էլ կամք մարտահրաւէրներին դիմակայելու համար, այսպէս աւելացրեց. «Գուցէ չունենք նաւթ եւ նաւթից ձեռք բերւած դոլարներ, բայց հայ ժողովուրդն ունի մի այլ կարեւոր ռեսուրս եւ դա մեր ժողովուրդն է Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում, ովքեր միասնական են եւ հայկական պետականութեան համար պատրաստ են պայքարելու»:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ», Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Փերիոյ Կրթասիրաց միութիւնների, ինչպէս նաեւ Ն. Ջ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի միասնական խօսքում կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մեր ազգային պարտքն է, որ այս ծանրագոյն պայմաններում, ի գին բոլոր դժւարութիւնների, սատար հանդիսանանք ամրակուռ կամքի տէր արցախահայութեանը եւ նրա արդար պայքարին՝ կանխելու նրանց գլխին ճօճւող ցեղասպանութեան եւ հայրենազրկման սպառնալիքները. մէկ անգամ եւս հայ ժողովրդի դարաւոր թշնամուն ցոյց տալով հայի աննկուն եւ աննահանջ կամքը»:   

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Կանանց Եկեղեցասէր միութեան խօսքում նշւած էր. «Ադրբեջանի այս  պահւածքի հիմնական պատճառը միջազգային հանրութեան եւ դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայութիւնն է: Միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ եւ համապատասխան դիրքորոշում ընդունիինչպէս  նաև հասցէական եւ ազդու միջոցներ ձեռնարկի` դատապարտելու, պատժելու եւ կանխարգելելու Ադրբեջանի այս գործողութիւնները, որոնք տեւաբար կատարւում են անպատժելիութեան  պայմաններում»:

Հանրահաւաքի բանաձեւում դատապարտելով Ադրբեջանի եւ իր համախոհ երկրների յանցաւոր գործողութիւնները տարածաշրջանում, պահանջւել էր հետեւեալը՝ մարդու իրաւունքների պաշտպան երկրները հնարաւոր բոլոր միջոցներով  Ադրբեջանին ստիպեն վերջ տալու անմարդկային արգելափակմանը, Ռուսաստանը ըստ 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր ուժերով պահպանի արցախահայութեան ապրելու եւ Հայաստանի հետ յարաբերակցւելու իրաւունքը. Հայաստանի իշխանութիւնը առաջնահերթութիւն համարելով Հայաստանի ազգային շահերը եւ իր ժողովրդի իրաւունքների պաշտպանումը, յստակ դիրքորոշումներ ունենայ շրջանում տեղական եւ արտտեղական ուժերի նկատմամբ: Իսկ վերջում շնորհակալութիւն յայտնելով Իրանի Իսլ. Հանրապետութեանը՝ Կովկասի տարածաշրջանում նենգ գործողութիւնները կանխելու համար՝ պահանջւել էր ոչ միայն պաշտպան հանդիսանայ Արցախի անմեղ ժողովրդի արդար իրաւունքների, այլ նաեւ հայ եւ Իրանի ժողովուրդների ընդհանուր շահերի:

Թաթուլ Օհանեանը Հայ Դատի յանձնախմբի անունից հանրահաւաքի իրականացման համար գնահատանքի խօսք ուղղեց Կազմակերպիչ յանձնախմբին՝ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ: Այնուհետեւ անդրադառնալով Արցախի պատմական անցեալին՝ որպէս հայկական պապենական հողատարածք հազարամեակների ընթացքում եւ իհարկէ 2020 թւականից ցայսօր Արցախը հայաթափելու նպատակով Ադրբեջանի գործողութիւններին եւ դրանց դիմաց ՀՀ իշխանութեան կրաւորական կեցւածքին, կոչ ուղղեց պայքաել մինչեւ վերջ, եւ ինչպէս իւրաքանչիւր անձ պայքարում է իր անհատական յաջողութեան համար, միասնական պայքար մղենք յանուն ազգի եւ յանուն միասնական Հայաստանի:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամում Արցախը մի կենսունակ լճի նմանեցնելով, որին թշնամին ուզում է ճահճացնել ու միջից տանել, աւելացրեց, որ եթէ մենք որպէս Հայաստան, Արցախ եւ Սփիւռք կրաւորական եւ ձեռնածալ մնանք, ընթացք են տալու թշնամու սադայէլական ծրագրին: Նա իր խօսքի աւարտին անդրադառնալով Արցախի կարեւորութեանը եւ կենսական նշանակութեանը հայ ժողովրդի համար՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ Արցախը հայրենիք է եւ հայրենիքը միայն կարող ենք փրկել միասնութեամբ եւ հաւատարմութեամբ:

Նշելի է, որ ընթացքում էկրանի վրայ ցուցադրւեց հաղորդավար Էրիկ Անթառանեանի պատգամը, ով լինելով Արցախում, բացատրութեամբ հանդէս եկաւ Արցախի ներկայ վիճակի ու արցախահայութեան բազում խնդիրների եւ իհարկէ ծանր պայմանները ժողովրդի համար մեղմացնելու ուղղութեամբ կառավարութեան գործունէութեան մասին. հնչեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան խօսքերը: «Արմէն» տարրական դպրոցի խօսքն ընթերցեց Էդլին Յովսէփեանը, իսկ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցինը՝ Վանէ Յովսէփեանը. «Արմէն»-ի աշակերտութիւնը կատարեց «Գետաշէն» եւ «Զարթնի՛ր լաօ» երգերը. միջնակարգից ասմունքով հանդէս եկաւ Մենուա Մարկոսեանը:

Աւարտին Հ. Յ. Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամների միջոցով կազմւեց միասնութեան շղթայ, որտեղ պատանիները բացականչեցին պահանջատիրական վանկարկումներ:

Հանրահաւաքին մասնակցութիւն էին բերել՝ թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնը եւ պատասխանատուները ու զոյգ համայնքների ժողովուրդ:

Յատկանշական է, որ հանրահաւաքի լուրը մեծ տարածում է գտել Իրանի զանգւածային լրատւական միջոցներում։

Լուսանկարները` «Ալիք» օրաթերթի թղթակցի եւ Ստուդիօ «Գեւիկ»-ի

Թղթակից (Նոր Ջուղա)