Երկուշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում,  նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի խօսքերով, ապա ընթացքում ելոյթներով հանդէս եկան՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանը եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Զաւէն Սիմոնեանը ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքեր ասելով հրաւիրեալներին՝ յատկապէս իր խօսքն ուղղեց նորապսակ զոյգերին եւ նրանց մաղթեց՝ անսպառ սէր, փոխադարձ յարգանք միմեանց ու պատկան ծնողների նկատմամբ եւ անկեղծութիւն ամուսնական կեանքում:

Նոէլ Մինասեանը կարեւորելով ծնողների դերը զաւակի դաստիարակութեան հարցում, յատկապէս անդրադարձ ունեցաւ մօր առանցքային դերակատարութեանն ու ասաց, թէ երեխայի առաջին եւ ամենամեծ դաստիարակ-ուսուցիչը մայրն է եւ մօր դերը  երեխայի հայեցի դաստիարակութեան մէջ անփոխարինելի է: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով նաեւ ընտանիքում հօր դերակատարութիւնը, որի շարանում կարեւորեց ընտանիքին ֆինանսապէս ապահովումը, ընդգծեց յատկապէս «մենք»-ի գաղափարը՝ «ես»-ը զիջելու, միւսին ըմբռնելու եւ ճիշտ հասկանալու իմաստներով:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը անդրադարձ կատարելով «Մէկ բարձին ծերանալ» մաղթանքին՝ նշեց, որ դա պարզ մաղթանք չէ եւ դրա հիմքում թաքնւած են՝ հաշտ ու համերաշխ, երկարակեաց եւ իհարկէ սիրով ու փոխադարձ յարգանքով ողողւած համատեղ կեանք ապրելու մաղթանքները: Ապա նա սրահում ներկայ նորածինների ճիչերը օրհնաբեր համարելով՝ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ ապագայում աճ արձանագրի ամուսնացող զոյգերի եւ նորածինների թիւը եւ բոլորին ցանկացաւ երջանիկ կեանք ու կանաչազարդ ճանապարհ դէպի ապագայ:

Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:

Ծրագրին ներկայ էին նաեւ՝ Կրօնական խորհրդի անդամներ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Սեդա Այւազեանը, Թեմական խորհրդի անդամ Ռայեա Խուդավերդեանը եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները:

Թղթակից (Նոր Ջուղա)