Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէնութեան նախաձեռնութեամբ, իրանական Աշակերտի օրւայ առթիւ մէկօրեայ ճամբար կազմակերպւեց Ղարագել փողոցում գտնւող մարզադաշտում, շաբաթ՝ նոյեմբերի 5-ին, մասնակցութեամբ դպրոցի աշակերտութեան, անձնակազմի եւ ծնողական խորհրդի:

Միջոցառումն սկիզբ առաւ դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանի ողջոյնի խօսքով եւ միասնական «Տէրունական աղօթք»-ով: Այնուհետեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհու օգնական Բարելի Այւազբալեանը նւէրներով եւ գնահատագրերով գնահատեց անցնող երկու տարւայ ընթացքում ամենաընթերցասէրին, աշակերտներից՝ Անի Թորոսեանին, Քաջայր Գալստանեանին եւ Էլեդա Յովսէփեանին, իսկ  անձնակազմից՝ տնօրէն Գեղարդ Մասնուրեանին:

Ճամբարի ծրագիրը յագեցած էր ուսուցիչների ընկերակցութեամբ մարզանքով, խմբական խաղերով, մրցոյթներով եւ գիտական զննումներով:

Ծրագրի ընթացքում Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի այցելեց մարզադաշտ եւ իր ողջոյնի խօսքը փոխանցելով աշակերտներին ու պատասխանատուներին, մօտիկից ծանօթացաւ խանդավառ մթնոլորտում իրականացւող դպրոցականների աշխատանքներին եւ զւարճալի խաղերին: Աշակերտները Սրբազան Հօր ներկայութեամբ կատարեցին «Գետաշէն» ոգեշնչող երգը:

Հարկ է նշել, որ Կրթական խորհրդի անդամներ՝ դոկտ. Նորայր Թումանեանն ու Ժանետ Բաղումեանը նոյնպէս այցելեցին դպրոցականներին:

Թղթակից (Նոր Ջուղա)