2022-2023 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանում եւ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում:

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 29-ի առաւօտեան, իր աշխատանքն վերսկսեց «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանը, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչների, ինչպէս նաեւ վարժարանի անձնակազմի, սաների ու նրանց ծնողների:

Սկզբում Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի անդամուհի եւ վարժարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը շնորհաւորանքի խօսք ասելով վարժարանի աշխատանքները վերսկսելու առթիւ՝ նշեց, որ համաճարակի պատճառով իրականացւած հեռավար դասընթացներն, իրենց բոլոր դժւարութիւնների եւ անյարմարութիւնների կողքին, մի շարք ձեռքբերումների պատճառ հանդիսացան, ինչպիսին է ժամանակակից հնարաւորութիւններին ծանօթանալը եւ դրանց լայն օգտագործումը՝ դպրոցների սաների, անձնակազմերի եւ ծնողների կողմից: Նա յոյս յայտնեց, որ անցնող տարիների բոլոր փորձառութիւններն ու ձեռքբերումները բոլորին կուղեկցեն դէպի առաւել արդիւնաւէտ եւ նպատակադրւած աշխատանք:

Յաջորդիւ, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անունից արտայայտւեց ատենապետ Րաֆֆի Բաբումեանը, ով շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ յոյս յայտնեց, որ յաջողութիւններով առլեցուն կը լինեն վարժարանի բոլոր աշխատանքները:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնելով, որ այս տարի սաները հնարաւորութիւն ունեն աշխատելու միմեանց եւ ուսուցիչների ներկայութիւնը վայելելով, դպրոցականներին պատգամեց մէկ բռունցքի նման միասնականօրէն լծւել աշխատանքի եւ իրար նկատմամբ սէր ու յարգանք տածելով, լաւագոյն ձեռքբերումներով աւարտել ընթացիկ ուսումնական տարեշրջանը:   

Վերջում Սրբազան Հայրն արտասանեց «Տէրունական» եւ «Իմաստութիւն Հօր՝ Յիսուս» աղօթքները, ապա խորհրդանշականօրէն հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը:

Նշելի է, որ այս տարեշրջանի ընթացքում «Սրբոց Վարդանանց» վարժարանում սովորելու են 6 սաներ՝ երկրորդ, չորրորդ եւ վեցերորդ դասարաններում:

Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում նոր ուսումնական տարեշրջանն սկիզբ առաւ շաբաթ՝ հոկտեմբերի 1-ի առաւօտեան, որտեղ փոքրիկ սաներին եւ նրանց ծնողներին ջերմ դիմաւորեց դպրոցի անձնակազմը: Քիչ անց ներկայ գտնւեցին նաեւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու Կրթական խորհրդի ներկայացուցիչները:

Նախ դպրոցի տնօրէն Քառոլին Դիլանչեանը շնորհաւորանքի խօսք ասաց նոր ուսումնական տարեշրջանի կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնեց թեմի Թեմական ու Կրթական խորհուրդներին, ինչպէս նաեւ նւիրատուներին՝ դպրոցում հիմնական նորոգութիւններ իրականացնելու համար:

Այնուհետեւ Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը նոյնպէս շնորհաւորանքի մաղթանքներ փոխանցելով ներկաներին՝ սաների ներողամտութիւնը հայցեց, առ այն, որ ընթացող բարեկարգման աշխատանքների պատճառով կարճ ժամանակով փոքրանալու է իրենց խաղահրապարակը:

Սրբազան Հայրը նշելով, որ համաճարակի պատճառով շուրջ երկու տարի ոչ միայն սաները զրկւեցին առկայ դպրոցներից, այլ նաեւ դպրոցը զրկւեց մանկական խանդավառ ճիչերից, իր ուրախութիւնը յայտնեց, որ այս տարի դպրոցների աշխատանքի մեկնարկը տրւեց բնականոն ընթացքի համաձայն՝ ամբողջութեամբ առկայ ձեւաչափով: Նա յոյս յայտնեց, որ ընթացիկ ուսումնական տարեշրջանը կաւարտւի լաւագոյն ձեռքբերումներով եւ յաջողութիւններով: Սրբազան Հօր խօսքից յետոյ հնչեց «Տէրունական աղօթք»-ը՝ միասնական կատարմամբ:

Յատկանշական է, որ նշւած երկու հանդիսութիւնների աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը ազգայինների ընկերակցութեամբ այցելեց դասարաններ՝ իր ջերմագին բարեմաղթանքները ուսուցիչներին եւ սաներին փոխանցելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)