11-րդ գումարման Իսլ. խորհրդարանի աշխատանքային շրջանի մեկնարկից շուրջ երկու ամիս անց, սոյն խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն իր 2-րդ աշխատանքային այցով, երեքշաբթի՝ 2020 թւականի յուլիսի 28-ին ժամանեց Նոր Ջուղա:

Քառօրեայ այցելութեան ժամանակաշրջանում պատգամաւորը ոչ միայն վերահասու գտնւեց իր գրասենեակի աշխատանքին, ինչպէս նաեւ վերջին օրերին ստացած խնդրագրերին, այլեւ իրականացրեց մի շարք պաշտօնական հանդիպումներ:

Հանդիպումների շարանում չորեքշաբթի՝ յուլիսի 29-ին, պատգամաւորն իր գրասենեակում հանդիպեց Սպահանի հայոց թեմի Բարեսիրական մարմնի ատենապետուհի Ռայեա Խուդավերդեանին, որի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող Թեմիս զաւակներին առաւել չափով օժանդակելու, Բարեսիրական մարմնի դժւարութիւնների, պատգամաւորի գրասենեակի օժանդակութեան եղանակների եւ այս գործում հարկ եղած համադրութիւնների մասին:

Հինգշաբթի՝ յուլիսի 30-ին, պատգամաւորն ընկերակցութեամբ իրաւաբան Ռազմիկ Տէր-Մկրտչեանի հանդիպում ունեցաւ Սպահանի Արդարադատութեան գերատեսչութեան դատական հարցերով տնօրէնի տեղակալ դոկտ. Մոհամադիի եւ նրա օգնականների հետ, որտեղ քննարկւեցին մի շարք դատաւորների կողմից Թեմիս ատեանների վճիռները չհաստատւելու եւ դատական հարցերը վերաքննութեան ենթարկւելու պարագաները ու տեսակէտներ եւ առաջարկներ փոխանակւեցին դատական հարցերին աւելի սահուն ընթացք տալու կապակցութեամբ:

Յատկանշական է, որ վերոնշեալ հանդիպումը շարունակութիւնն էր առաջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել նոյն գերատեսչութեան գլխաւոր տնօրէնի հետ, Ռոբերտ Բեգլարեանի Սպահան կատարած նախորդ այցելութեան ժամանակ:


Թղթակից (Նոր Ջուղա)