Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները իրենց զօրակցութիւնն են յայտնում Արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի եւ անյայտ կորածների ընտանիքներին եւ տեղեկացնում են, որ հետամուտ են եղել պատերազմի օրերին Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք մի շարք հայ զինւորների մուտք գործելու մասին տարածւած լուրերի իսկութիւնը ճշտելու հանգամանքով: Այս մասին Alikonline-ի հետ զրոյցում յայտնեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Հերքելով այդ մասին շրջանառւող լուրերը նա նշեց, որ անձամբ ինքը եւ Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը իրականութիւնը պարզելու նպատակով հետեւել են այդ հարցին:

Նրանք մասնաւորապէս կապւել են մի քանի պետական պաշտօնեաների հետ, այդ թւում՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի, Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետերի հետ:

«Երկու նահանգապետերը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, եւ մի քանի այլ պետական պաշտօնեաներ մեր հետ ունեցած զրոյցի ընթացքում հերքել են հայ զինւորների Իրանի տարածք մուտք գործելու մասին լրատւամիջոցներում շրջանառւող լուրերը»,- յստակեցրեց Շահվերդեանը՝ նշելով, որ իր եւ Բեգլարեանի ուսումնասիրութիւնների արդիւնքներով կարելի է արձանագրել, որ այս պահի դրութեամբ, առհասարակ, չկան նման լուրերը հաստատման հիմքեր:

Պատգամաւորները նաեւ իրենց կարեկցանքը յայտնցին անհետ կորած եւ զոհւած զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ պատրաստ են շարունակել աջակցել նրանց: