Սպահանի պետական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի տնօրինութեան հրաւէրով, կիրակի՝ հոկտեմբերի 11-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանեանի եւ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի, ներկայ գտնւեց Սպահանի պետական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի նորակառոյց գրադարանի բացման հանդիսութեանը:

Նախքան բացման հանդիսութիւնը, պատւիրակութիւնն այցելեց Հայագիտական ամբիոն, որտեղ Օտար լեզուների ֆակուլտետի տնօրէն դկտր. Շոքրեանը համառօտ բացատրութիւններ ներկայացրեց ամբիոնի գործունէութեան, դասախօսների եւ ուսանողների թւի մասին, ապա տեղեկութիւն փոխանցելով Սպահանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների գրադարանների միատեղման ծրագրի մասին, յայտնեց, թէ այդ շրջագծում, նաեւ նկատի առնելով Հայագիտական ամբիոնի եւ Մարզական ֆակուլտի գրադարանների տարածքի անյարմարութիւնը եւ սահմանափակ հնարաւորութիւնը, համալսարանի տնօրինութեան հետ համախորհուրդ, որոշւեց երկու գրադարանների գրքերը տեղափոխել Օտար լեզուների ֆակուլտետի գրադարան եւ կառուցել նոր գրադարան՝ օժտւած արդիական հնարաւորութիւններով: Նա նաեւ նշեց, որ որոշում է ընդունւել Հայագիտական ամբիոնի նախկին գրադարանի տարածքը նորոգել ու վերածել ուսանողների ընթերցանութեան դահլիճի:

Ապա պատւիրակութիւնն այցելեց նոր գրադարանի տարածք, որտեղ Սրբազան Հօր ձեռամբ եւ Սպահանի պետական համալսարանի պատկան բաժինների պատասխանատուների ներկայութեամբ կատարւեց գրադարանի բացումը: Դկտր. Շոքրեանը հիւրերին ներկայացրեց գրադարանի հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ հայկական գրքերի բաժինը: Նա իր խօսքերի աւարտին գնահատեց Թեմական խորհրդի տարիների հովանաւորութիւնը՝ Հայագիտական ամբիոնի պահպանման ու զարգացման ուղղութեամբ, ցանկանալով սոյն համագործակցութեան շարունակականութիւնը, իսկ առիթը պատեհ համարելով իր գնահատանքի եւ շնորհակալութեան խօսքն ուղղեց Հայագիտական ամբիոնի գրադարանավարուհի Մեղեդի Պօղոսեանին:

Վերջում Սրբազան Հայրն իր սրտի խօսքն արտայայտելով, շնորհաւորեց այս արդի եւ ընդարձակ գրադարանի կառուցումը, ուժ ու կորով մաղթելով սոյն աշխատանքն իրականացրած բոլոր անհատներին: