Աղբիւր. www.hyeli.com

Իրանի նախագահի կրօնական փոքրամասնութիւնների գծով օգնական Ալի Իւնէսին ԻՍՆԱ լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում խօսել է նոր կառավարութեան որդեգրած մօտեցումների մասին: Նա «վտանգաւոր» է որակել Իրանում ապրող փոքրամասնութիւններին վերաբերող քաղաքականութիւնը անվտանգութեան հետ կապելը, եւ նրանց բոլորին համարել Իրանի ժողովրդի բաղկացուցիչ մասը:

Նա խօսել է նաեւ երկրում տարածւած այն տեսակէտի մասին, որ յատկապէս սահմանամերձ շրջաններում ապրող փոքրամասնութիւնները՝ բալուչներ, քրդեր, արաբներ, ազգային անվտանգութեան համար սպառնալիք են՝ նշելով, որ դա մի քանի անձի պատճառով ստեղծւած մթնոլորտ է:

Ըստ նախագահի օգնականի, տարբերութիւններն ու հակասութիւնները դրական երեւոյթ են. «...պէտք է նշել, որ Իրանի հպարտալից պատմութեան ընթացքում ցեղասպանութեան դէպքեր չեն եղել, բայց տեսէք, թէ ինչ է կատարւում Պակիստանում, Իրաքում ու Թուրքիայում: Օսմանեան թուրքերը մեղադրւում են միլինաւոր հայերի ցեղասպանութեան մէջ: Սակայն, Իրանում նման լուրեր չկան...»։

Ի դէպ, Իրանի նախագահի գրասենեակը մշակել է նաեւ փոքրամասնութիւնների մասին առանձին բաժին ընդգրկող «Քաղաքացիական իրաւունքի հռչակագիր»-ը, որի մասին տեսակէտները հաւաքագրելուց եւ անհրաժեշտութեան դէպքում փոփոխութիւններից յետոյ վերջնականպէս կը հաստատւի:

Յիշեցնեք, որ հայկական համայնքն Իրանում կրում է կրօնական, եւ ոչ ազգային, փոքրամասնութեան կարգավիճակ:

Նկատեցինք, որ ԲիԲիՍի-ի պարսկերէն ծառայութիւնն իր կայքում, Իւնէսիի խօսքերի՝ հայերին վերաբերող մասը չի հրապարակել: