" www.alikonline.ir "

 

 

Վելայաթի-ՀՀ դեսպան հանդիպում. «Իրանի համար ընդունելի չէ, քանի որ դա «Զանգեզուրի միջանցք»-ի նոյն նախագիծն է՝ այլ անւան տակ»

 

«ԱԼԻՔ» – Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Յակոբեանի հետ հանդիպման ընթացքում յայտարարել է, որ Իրանը կտրականապէս դէմ է Կովկասի վերաբերեալ այսպէս կոչւող «Թրամփի ծրագրին», քանի որ այն էութեամբ չի տարբերւում «Զանգեզուրի միջանցք» նախագծից եւ ունի ակնյայտ անվտանգային սպառնալիքներ։ Այս մասին է տեղեկացրել «Ջամարան-նիւզ»-ը:

Վելայաթին ընդգծել է, որ Իրանը դեռ «Զանգեզուրի միջանցք»-ի առաջադրութեան սկզբնական փուլում, նոյնիսկ այն պայմաններում, երբ Ռուսաստանը զբաղւած էր Ուկրաինայի պատերազմով, յստակ ու վճռական դիրքորոշում է որդեգրել եւ կանխել նախագծի իրականացումը։ Նրա խօսքով՝ այդ միջանցքը կարող էր ճանապարհ հարթել ՆԱՏՕ-ի ներկայութեան համար Իրանի հիւսիսում՝ լուրջ սպառնալիք ստեղծելով Իրանի եւ Ռուսաստանի հարաւային սահմանների անվտանգութեան համար։

Վելայաթին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը սովորաբար տարածաշրջաններ է մուտք գործում տնտեսական նախաձեռնութիւնների քողի տակ, սակայն ժամանակի ընթացքում այդ ներկայութիւնը ստանում է ռազմական ու անվտանգային բնոյթ, իսկ Իրանի սահմաններին ամերիկեան ներգրաւումն ունի յստակ եւ վտանգաւոր հետեւանքներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները, յատկապէս՝ Հարաւային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Վելայաթին ընդգծել է Իրանի եւ Հայաստանի պատմական եւ արմատաւոր յարաբերութիւնները եւ վերահաստատել Թեհրանի պատրաստակամութիւնը՝ խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ համագործակցութիւնը։

Իր հերթին ՀՀ դեսպան Գրիգոր Յակոբեանը Իրանի հետ յարաբերութիւնները բնութագրել է որպէս կարեւոր եւ ռազմավարական՝ ընդգծելով, որ Երեւանը մեծ նշանակութիւն է տալիս Թեհրանի հետ կապերի զարգացմանը։ Հանդիպման աւարտին կողմերը շեշտել են երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման եւ տարածաշրջանային հարցերի շուրջ շարունակական խորհրդակցութիւնների անհրաժեշտութիւնը։