Նոր միջազգային հեռուստասերիալ՝ Դիանա Աբգարի ժառանգութեանը արժանի ճանաչում բերելու համար
Դիանա Աբգարը առաջին կին դիւանագէտն է արդի պատմութեան մէջ: Նա Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետութեան պատւաւոր դեսպանն է եղել: Իսկ մինչ այդ Ճապոնիայում ապաստարան է հիմնել Հայոց Ցեղասպանութիւնից փրկւածների համար։
1918-ին Դիանա Աբգարի գործունէութեան շնորհիւ Ճապոնիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութիւնը։ Իսկ Սեւրի պայմանագրի ստորագրման նախաշեմին, Հայսատանի վարչապետ եւ ԱԳ նախարար Համազասպ Օհանջանեանը Դիանա Աբգարին դիւանագիտական ներկայացուցիչ եւ Հայաստանի գլխաւոր հիւպատոս նշանակեց Հեռաւոր Արեւելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան։
Հոկտեմբերի 17-ին, նշւում է մարդասէր, գրող եւ աշխարհի առաջին կին պատւաւոր հիւպատոս Դիանա Աբգարի 166-րդ տարեդարձը։ Նրա բացառիկ կեանքը մնում է որպէս կարեկցանքի եւ բարոյական քաջութեան լոյս որպէս ստեղծագործական ձայների ոգեշնչման աղբիւր ամբողջ աշխարհում։
Աբգարի անհաւատալի պատմութիւնը ներկայացնելու նպատակով կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը (Եւրոպական կինոակադեմիայի անդամ, Berlinale Talents 2020-ի մասնակից, միջազգային մրցանակների դափնեկիր) մշակում է «Քաղաքացիութիւն չունեցող դիւանագէտը» վեց մասից բաղկացած մինի սերիալը։
Հեռուստասերիալը, որը ներշնչւած է Աբգարի կեանքից, պատմում է մի երիտասարդ հայ-ճապոնացի կնոջ ինքնաճանաչման ճանապարհորդութեան մասին, որը բացայայտում է Աբգարի մարդասիրական մնայուն ժառանգութիւնը մինչեւ մեր օրերը։
«Տարիներ առաջ ծանօթացայ Դիանա Աբգարի պատմութեանը, եւ այն խորապէս յուզեց ինձ։ Ես գիտէի, որ նրա ժառանգութեան մասին պէտք է պատմել՝ ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ ամբողջ աշխարհին։ Ես անձնական կապ եմ զգում նրա առաքելութեան հետ, եւ այս շարքի միջոցով մենք ցանկանում ենք նրա ձայնը վերջապէս լսելի դարձնել»,- ասում է հեռուստասերիալի ռեժիսորն ու հեղինակը։
Ծրագրի նախագիծն ու սկզբնական պատմանկարագրութիւնը ստեղծւել են՝ հիմնւելով Աբգարի ծոռնուհի Միմի Մալայեանի ընտանեկան արխիւի եւ պատմաբան դոկտոր Մելինէ Մեսրոպեանի գիտական ուսումնասիրութիւնների վրայ։ Աշխատախումբը ներկայումս ակտիւ քննարկումների փուլում է ճապոնացի մրցանակակիր սցենարիստի հետ՝ ծրագրին նրա միանալու հարցով։
Վերջին չորս տարիների ընթացքում նախագիծը զարգացւել է մի շարք հեղինակաւոր միջազգային կինոշուկաներում՝ «Marché du Film» Կաննի կինոփառատօնում (աշխարհի առաջատար կինոմրցոյթներից մէկում), Berlinale կինոփառատօնին կից European Film Market (EFM)-ի շրջանակներում, ինչպէս նաեւ MIDPOINT ինստիտուտի Cold Open ծրագրում, որը առնչւում է բարձրորակ դրամատիկական սերիալների համաշխարհային շուկայի հետ։
Այս հնարաւորութիւններով լի նախագիծը վերածւել է իսկապէս միջազգային համագործակցութեան օրինակի՝ միաւորելով ճապոնական, եւրոպական եւ կանադական արտադրողներին։ Ստեղծագործական խմբի հիմնական անդամներն են պրոդիւսեր Ադրինէ Միրզայեանը եւ ստեղծագործական խորհրդատու Վիգէն Ադդարեանը, ովքեր անհրաժեշտ փորձ եւ տեսլական են բերում զարգացման գործընթացին։
Նախագծի առաջընթացը ապահովելու եւ դրա համընդհանուր տեսլականը զարգացնելու նպատակով ստեղծւել է Խորհրդատւական մարմին, որը միաւորում է հայ կին առաջնորդների՝ ակադեմիական, գործարարական եւ մարդու իրաւունքների ոլորտներից։ Նրանց բոլորի նպատակը Դիանա Աբգարի ժառանգութեան շարունակութիւնը ապահովելն է։ Խորհրդի կազմում են՝
Հուրի Պերպերեան (պատմութեան պրոֆեսոր, Հայագիտական կենտրոնի տնօրէն, UC Irvine),
Անահիտ Մարկոսեան («Nairian» ընկերութեան հիմնադիր),
Նւէր Պէյլերեան (HYEfamily.com-ի արտադրիչ, worldFLATS ընկերութեան հիմնադիր),
Լեռնա Էքմեքչօղլու (MIT-ի McMillan-Stewart պատմութեան պրոֆեսոր),
Մելիսսա Բիլալ (UCLA-ի էթնոերաժշտագիտութեան ասիստենտ պրոֆեսոր, Promise Chair in Armenian Music, Arts, and Culture, Հայկական երաժշտական ծրագրի ղեկավար),
Շէյլա Փայլան (միջազգային մարդու իրաւունքների փաստաբան, Զարգացման ծրագրերում ԵԱՀԿ-ի աւագ իրաւաբանական խորհրդատու),
Տաթեւ Բէյբութեան (Madam Women’s Union-ի հիմնադիր) եւ
Լիլիա Աւագեան (Գլենդէլի քաղաքային փոխադրամիջոցի յանձնաժողովի նախագահ)։
Միմի Մալայեանի 2018 թւականի նոյնանուն՝ «The Stateless Diplomat» վաւերագրական ֆիլմի հիմքի վրայ սկսւած նախաձեռնութիւնը այժմ ընդլայնւում է:
«Սա ապշեցուցիչ սերիալ է լինելու, որը կը գրաւի միջազգային հանդիսատեսին եւ վերջապէս Դիանա Աբգարին կը յաջողւի վաստակել համաշխարհային ճանաչում՝ թէ՛ որպէս Հայաստանին ծառայած մեծ բարերար, եւ թէ՛ որպէս 20-րդ դարի սկզբի հանճարեղ կին»,- նշել է Մալայեանը։
«Քաղաքացիութիւն չունեցող դիւանագէտը» սերիալը, ընդգրկելով երեք սերնդի կանանց, ներկայացնում է Աբգարի պատմութիւնը աւելի լայն դիտանկիւնից՝ ինքնութեան որոնման, արտաքսման եւ բնաւորութեան տոկունութեան միջոցով։ Մի աշխարհում, որտեղ մարդկային արժէքները յաճախ են մարում, Աբգարի ձայնը յիշեցնում է, որ կարեկցանքն ու բարոյական քաջութիւնն են դիւանագիտութեան ամենաիրական գործիքները։
168.am