Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի որոշման համաձայն, որը հիմք ընդունելով հանգուցեալ Մարգարիտ Խաչանեանի կտակը՝ ազգագրական թանգարան հիմնելու կապակցութեամբ, յանձնարարել էր Թեմական խորհրդին հարկ եղածը տնօրինել թանգարանի հիմնադրման ուղղութեամբ, եւ Թեմական խորհրդի նախկին ու ներկայի կազմերի հետեւողական ու ջանադիր աշխատանքի շնորհիւ, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում հիմնադրւել է Ազգագրական թանգարան, ուր առանձին տաղաւարներով ցուցադրւել են Հին Ջուղայի կործանման եւ Նոր Ջուղայի հիմնադրման պատմութիւնները, վաճառականութիւնը, արհեստը, արւեստը, ընտանիքը, նրբագեղութիւնը, կեանքը, հաւատքը, դպրոցն ու երաժշտութիւնը: Թանգարանի պաշտօնական բացումը տեղի է ունեցել 2019 թւականի յունիսի 22-ին:

Ազգային իշխանութիւնների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը՝ որպէս Նոր Ջուղայի պատմա-մշակութային ժառանգութիւնը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորոյթները ներկայացնող կարեւոր կառոյց« դառնում է այն իրագործումը եւ այն աւանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփիւռքեան մի բեկորի հայկական մշակութային արժէքների շարքը: Ճիշտ է, թանգարանում ցուցադրւած նմուշները ժամանակին եղել են կենցաղային սովորական իրեր, սակայն այսօր դրանք հիանալի միջոցներ են՝ մեզ այդ ժամանակաշրջանում ապրող ժողովրդի կենսակերպին, սովորութիւններին ու հաւատին հաղորդ դարձնելու համար:

Թանգարանային իրերի համալրումը կատարւել է Ս. Ամենափրկիչ Վանքի հաւաքածուից եւ անհատ ջուղայեցիների  նւիրատւութիւններից, որոնք 17-20 դդ. պատկանող Նոր Ջուղայի կիրառական արւեստի եւ արհեստի նմոյշներ են եւ արտացոլում են հայկական այս համայնքի պատմութեան դրւագները, կենցաղային մշակոյթը, ծէսերը եւ սովորոյթները անցնող դարերի ընթացքում։