Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօների առթիւ, ուրբաթ՝ հոկտեմբերի 24-ին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի կազմակերպութեամբ, Ս. Ա. Վանքի «Խաչատուր Վրդ. Կեսարացի» անւան թանգարանում, տեղի ունեցաւ Խաչատուր վրդ. Կեսարացու արւեստի մեդալի շնորհանդէսը, որը պատրաստւել է արւեստագէտ Մասիհ Ահմադիի ձեռամբ:

Ծրագրին ներկայ էին՝ գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներն ու անդամները, ազգային մարմինների, միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչները, պարսիկ արւեստագէնտներ եւ մշակոյթի ոլորտի գործիչներ:

Արւեստի մեդալի ստեղծման աշխատանքում արւեստագէտը վերականգնել է 17-րդ դարի ընթացքում, Իրանում եւ Միջին Արեւելքում առաջին տպագրութեան համար Ս. Ա. Վանքում օգտագործւած «Է» տառի կապարէ դրօշմակը՝ որպէս Աստծոյ խորհրդանիշ։ Մեդալի շրջագծի հատւածում փորագրւած է Խաչատուր վրդ. Կեսարացու կնիքի մի հատւած:

Շնորհանդէսի սկզբում Ս. Ա. Վանքի Մատենադարանի եւ արխիւատան բաժնի տնօրէն Թովմա Գալստանեանը հանդէս եկաւ խօսքերով, ներկայացնելով Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանի հիմնադիր, Խաչատուր վրդ. Կեսարացու կեանքի եւ գիտական ժառանգութեան կարեւորութիւնը՝ աւելացնելով, որ Կեսարացին իր մշակութային տեսլականով Նոր Ջուղան վերածել է Արեւելքի գիտական եւ մտաւոր կենտրոններից մէկի։

 

 

Այնուհետեւ մեդալի հեղինակ Մասիհ Ահմադին, ներկայացրեց մեդալի նախագծման եւ պատրաստման ընթացքը, յաւելելով, որ երկու տարի առաջ ծնունդ առած գաղափարը նպատակ ունի ստեղծելու մեդալների մի շարան` նւիրւած Նոր Ջուղայի մեծանուն հայերին։ Նրա խօսքով՝ մեդալը ոչ միայն գեղարւեստական արժէք ունի, այլեւ կրում է պատգամ՝ ընդգծելու հայերի դերը Իրանի մշակութային պատմութեան մէջ։

Միջոցառման ընթացքում ամփոփ տեսագրութեամբ ցուցադրւեց մեդալի պատրաստման գործընթացը։

Աւարտին տեղի ունեցաւ մեդալի շնորհանդէսը՝ գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, Պատգ. ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ Նոէլ Մինասեանի ու Վաչիկ Հայրապետեանի եւ Մասիհ Ահմադիի ձեռամբ։

Սոյն մեդալից 10 օրինակ յանձնւել է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին։

Միջոցառումը վարեց Կարէն Խանլարեանը, իսկ գեղարւեստական բաժնում հանդէս եկաւ Լալա Ալեքսանդրեանը՝ ներկայացնելով հանգ դրամ երաժշտական գործիքով կատարումներ։

 

Թղթակից (Նոր Ջուղա)