Ուրբաթ՝ յունւարի 21-ի առաւօտեան, Փերիոյ շրջանի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ:

Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը: Օրւայ պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, արարողութեանը մասնակցում էին քահանայից եւ դպրաց դասերի ներկայացուցիչները:

Առաջնորդական տեղապահն իր ուրախութիւնն յայտնելով առաջին անգամ Բոլորան գիւղում ներկայ լինելու համար, անցաւ իր քարոզին: Նա անդրադարձ ունենալով Յիսուս Քրիստոսի առաջին հրաշքին, ասաց. «Մեր կեանքում պատահող դժւարութիւններից չպէտք է յուսահատւել, այլ պէտք է խնդրել Յիսուս Քրիստոսին զօրութիւն տայ մեզ դիմագրաւելու դրանք: Պէտք է յիշենք որ մեզ համար միշտ աղօթողներ կան, միշտ արցունք թափողներ կան, որոնք փրկում են մեզ սպասող փորձութիւններից»:

  Նա իր քարոզի մէկ այլ բաժնում նշեց. «Ամէն բան իր ժամանակն ունի, չպէտք է աճապարել աղօթքն արագ իրականութիւն դառնալու համար եւ յուսահատւել, այլ պէտք է համբերատար լինել եւ միշտ աղօթել Աստծուն»: Հայր Սուրբն խնդրեց առ բարձրեալն Աստծուց հաւատքը կանգուն պահի ժողովրդի մէջ եւ աղօթեց որ առկայ ոչ կայուն վիճակը հանդարտւի եւ կեանքն ընթանայ խաղաղ եւ հեզասահ: 

Պատարագին ներկայ էին գիւղի հայ բնակչութիւնը եւ ուխտաւորներ:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մտերմիկ հաւաք տեղի բնակիչների հետ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)