ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023 թ. նոյեմբերի 17-ին հրապարակել էր որոշում, որով Ադրբեջանը պարտաւոր է ապահովել Արցախում սեպտեմբերի 19-ից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտաւոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպէս նաեւ նրանց ապահով ապրելու հնարաւորութիւնը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։ Միջազգային դատարանը նաեւ պարտաւորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականութեան իրաւունքը հաստատող փաստաթղթերը։
Սակայն, պէտք է արձանագրենք, որ շատ յաճախ միջազգային կազմակերպութիւնների ընդունած որոշումները մնում են թղթի վրայ եւ չեն գործադրւում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը Միջազգային կազմակերպութիւնների, յատկապէս՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդեօ՞ք այն հնարաւոր կը լինի իրագործել։
Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովեան երկրների յանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախմբի անդամ Մարիօ Նալբանդեանը, ով այս օրերին գտնւում է ՀՀ-ում՝ յանձնախմբի նիստին մասնկացելու նպատակով։
«Այս մէկ տարւայ ընթացքում, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումներում նկատելի էր, որ ըմբռնումով են մօտենում ստեղծւած իրավիճակին եւ պատրաստակամութիւն են ցոյց տալիս իրենց սահմաններում օգտակար լինել ե՛ւ Արցախից բռնի տեղահանւածներ արցախցիների սոցիալական վիճակի բարելաւման ե՛ւ նրանց վերադարձի իրաւունքի մասով, քանի որ միջազգային օրէնքով այն հիմնաւորւած իրաւունք է, որի հիման վրայ արցախցիները կարող են վերադառնալ եւ իրացնել իրենց իրաւունքը, եթէ պայմանները ստեղծւեն, այստեղ էլ կայ դրական ըմբռնում եւ մօտեցում»,- նշել է Մարիօ Նալբանդեանը։
Ըստ Մարիօ Նալբանդեանի՝ յարմար պահ է, որպէսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը հետապնդւի, դրա համար անհրաժեշտ է գտնում համընդհանուր քաղաքականութեան մշակումը եւ միասնական աշխատանքի ձեւաւորւումը՝ յստակ պահանջներով, օրւայ իրականութիւնից ելնելով։
«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրաւունքն անժխտելի իրաւունք է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մէկը իրաւունք ունի հերքելու կամ անտեսելու։ ԱՀ ԱԺ-ի կողմից ձեւաւորւած «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախումբն այսօր մեծ մարտահրաւէրի առջեւ է կանգնած՝ Արցախի ժողովրդի իրաւունքը միջազգայնօրէն իրացնելու համար եւ պատրաստ է լրջօրէն հետապնդելու այդ իրաւունքը թղթից վերածելու գործնականի»,- իր խօսքի աւարտին նշել է Մարիօ Նալբանդեանը։
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները «Ճշմարիտ խոստում – 2» գործողութեան կապակցութեամբ իրենց աջակցութիւնն են յայտնել Իրանի ԶՈՒ-ին, միաժամանակ անվիճարկելի համարելով Իրանի տարածքային ամբողջականութեան հարցը։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, ազգային առաջնորդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտելով Սինիստական ռեժիմի յանցագործութիւնները Գազայի անզէն ժողովրդի նկատմամբ, միջազգային ատեաններից պահանջեցին դադարեցնել Լիբանանի եւ օկուպացւած տարածքների դէմ ռեժիմի յարձակումները:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, նշեց. «Շուրջ մէկ տարի է, ինչ սիոնիստները բազմաթիւ անզէն քաղաքացիների են սպանում: Նրանք նոյնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրայ են յարձակւում՝ աւերելով դրանք»:
Նա յաւելեց, որ «Ճշմարիտ խոստում – 2» օպերացիայով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ չի վարանում պաշտպանել իր ազգային շահերը եւ պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի։ «Բայց պաշտպանութեան հարցում մենք, մեր ԶՈՒ-ի կողքին ենք կանգնած եւ աջակցելու ենք դիմադրութեան մարտիկներին, քանի որ հաւատացած ենք՝ Դիմադրութեան ուղին արդար է եւ, ինչպէս Գերագոյն առաջնորդն է ասել՝ «Հեզբօլլահ»-ը ողջ է եւ ողջ էլ կը մնայ»,- յաւելեց Արա Շահվերդեանը:
Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը եւս յիշեցնելով Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները, նշեց, որ այդ ռեժիմն անցեալ ամիսներին խախտելով բոլոր օրէնքները, ահաբեկչութիւններ ու զանգւածային սպանութիւններ է իրականացրել: Նա ասաց. «Այս ընթացքում Իսլամական Հանրապետութիւնը համբերատար ձգտել է, որ տարածաշրջանում հաստատւի հրադադարի ռեժիմ եւ խաղաղութիւն, սակայն Սիոնիստական ռեժիմը շարունակում է իրականացնել ցեղասպանութիւն Գազայի բնակչութեան նկատմամբ՝ հաշիւ չտալով ոչ մէկին»:
Նա յաւելեց. «Այս յանցագործութիւններից յետոյ լաւագոյն պատասխանը «Ճշմարիտ խոստում – 2» օպերացիան էր, որն ամբողջութեամբ ջախջախեց Սիոնիստական ռեժիմի կարողութիւնները գերագնահատող պրոպագանդան՝ խոցելով այդ ռեժիմի պաշտպանութեան չակերտեալ ահեղ համակարգը»։
Խորհրդարանում զրադաշտականների ու ասորի եւ քաղդեացի քրիստոնեաների պատգամաւորներ Բեհշիդ Բարխորդարին եւ Շառլի Էնւիէ Թեքիէն եւս ելոյթով դատապարտեցին Սիոնիստական ռեժիմին՝ միաժամանակ զօրակցելով Իրանի ԶՈՒ-ին:
Նրանք նշելով, որ Իրանը երբեւէ պատերազմի սկսող կողմ չի եղել, քանի որ պատմութեան ընթացքում միշտ եղել է խաղաղութեան ու բարեկամութեան կողմնակից, յաւելեցին, որ պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի վճռական ու լուրջ միջամտութիւնը՝ Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները կանխելու համար։
Մամլոյ ասուլիսի ընթացքում Իրանի Հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Սարգիս եպիսկոպոս Դաւիթեանը նշեց, որ ինքը Լիբանանից է, եւ ուզում է այս պատգամը փոխանցել Լիբանանի եւ Սիրիայի ժողովուրդներին, որ աշխարհի կաթոլիկների առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Լիբանանի ժողովուրդը միշտ եղել է միասնական ու համերաշխ։ Դրա համար էլ նրանց յաջողւել է ապրել խաղաղութեան մէջ. «Եղէք միասնական եւ խաղաղութիւն կը լինի»:
Նա յաւելեց. «Իսրայէլն այսօր անհանգստացրել է ողջ տարածաշրջանը ու բազմաթիւ գլոբալ խնդիրներ է առաջացրել ազգերի համար։ Երուսաղէմը սուրբ է մեզ համար, որովհետեւ մեր Քրիստոսն այնտեղ է ծնւել՝ մեզ խաղաղութիւն եւ հանգստութիւն բերելով»:
Նշենք, որ մամլոյ ասուլիսին ներկայ էին Իրանի Արեւելեան ասորական եկեղեցու արքեպիսկոպոս Մարներսայ Բենջամինը, Թեհրանի զրադաշտականմիութեան խորհրդի անդամ, մոգպետ Փեդրամ Սորուշփուրը, Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Էմադ Խոշաբէ Ջերջիսին եւ Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի անդամ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:
Նիստի եզրափակիչ բաժնում ներկաներն ստորագրեցին Սիոնիստական ռեժիմը դատապարտող եւ Իրանի ԶՈՒ-ի գործողութիւնները հովանաւորող բանաձեւը, ինչը վերջում ընթերցւեց ներկաների համար:
«ԱԼԻՔ» – Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը ԻՍՆԱ լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դէպի ԵԱՏՄ շուկայ: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանում հաղորդակցային ցանկացած ուղի պէտք է լինի տւեալ երկրի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, եւ գործի հաւասարութեան ու փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ: Տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանութիւնը:
Խօսելով Իրանի եւ Հայաստանի երկկողմ յարաբերութիւնների ու համագործակցութեան մասին, դեսպան Աւագեանը նշել է. «Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ առկայ են ջերմ ու բարիդրացիական յարաբերութիւններ։ Իրանի հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդումն ու խորացումն առանձնայատուկ նշանակութիւն ունի Հայաստանի համար, եւ դա ամրագրւած է նաեւ ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկայ է յարաբերութիւններն առաւել խորացնելու պատրաստակամութիւն ու քաղաքական կամք:
ԻԻՀ հետ յարաբերութիւնների կարեւորութեան ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռէյիսիի եւ նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպէս նաեւ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան արարողութիւններին։ Այդ այցերի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ԻԻՀ բարձրագոյն ղեկավարութեան, այդ թւում՝ Գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի հետ քննարկել է ՀՀ-ԻԻՀ երկկողմ փոխգործակցութեան ներկայ իրավիճակն ու ապագայի հնարաւորութիւնները։ Երեւանը համոզւած է, որ ԻԻՀ 14-րդ կառավարութեան հետ համագործակցաբար հնարաւոր կը լինի կեանքի կոչել նախորդիւ ձեռք բերւած բոլոր պայմանաւորւածութիւնները եւ մշակել նոր ու առաւել հաւակնոտ ծրագրեր»:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական յարաբերութիւններին, Արսէն Աւագեանը նշել է, որ թէեւ այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղութեամբ մեր երկու երկրների ներուժն աւելի մեծ է, եւ այն իրացնելով՝ գործնականում հնարաւոր է հասնել տպաւորիչ արդիւնքի։
«Փաստ է, որ երկկողմ տնտեսական ամուր համագործակցութիւնը կարեւոր խթան է նաեւ բազմակողմ փոխգործակցութեան համար։ Հայաստանի Հանրապետութեան աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարաւորութիւնները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետութեան համար դէպի ԵԱՏՄ շուկայ: Մեր կառավարութիւնը ողջունում է ինչպէս 2023-ին Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւնների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպէս էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երեւանում կայանացած Եւրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրաււածութիւնը»,- ասել է դեսպանը:
Պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշւած այսպես կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին, դեսպն Աւագեանը նշել է. «Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որեւէ միջանցքի առկայութիւնը եւ ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պէտք է լինի տւեալ երկրի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, եւ գործի հաւասարութեան ու փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ: Սա հէնց այն դիրքորոշումն է, որն արտացոլւած է նաեւ «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում: Կարեւորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժէք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլեւ Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային յայտարարութիւններ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնն անվերապահօրէն յարգելու անհրաժեշտութեան վերաբերեալ»:
Իրանում միաստւածային կրօնների համայնքապետերը, պաշտօնեաները եւ Իսլամական խորհրդարանում նրանց պատգամաւորները հրապարակած մի յայտարարութեամբ իրենց զօրակցութիւնն են յայտնել «Ճշմարիտ խոստում-2» գործողութեանը:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Մենք՝ Իրանի միաստւածային համայնքների պատգամաւորները, կրօնական առաջնորդներն ու մտաւորականները, որպէս Իրանի պատւաւոր ու միասնական ժողովրդի անբաժանելի մաս, մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Յեղափոխութեան գերագոյն առաջնորդին եւ կեանքն ափի վրայ դրած Զինւած ուժերին՝ «Ճշմարիտ խոստում-2» գործողութեան համար:
«Ճշմարիտ խոստում-2» օպերացիան եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի վարանելու պատասխանել երկրի ազգային շահերը վտանգող թշնամիների սադրանքներին: Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր ռազմավարական համբերատարութեամբ՝ Արեւմուտքի ու ԱՄՆ-ի աջակցութիւնն ունեցող մանկասպան Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների դէմ, ճշգրիտ հաշւարկներով ու ՄԱԿ-ի կանոնադրութեան շրջանակներում պատասխան հարւած հասցրեց յանցագործներին»:
Յայտարարութեան մէջ նշւած է նաեւ, որ Իրանի գործողութիւնները միջազգային իրաւունքի չափանիշներին համատասխան, եւ հզօր ու խելամիտ պատասխան էին Պաղեստինը բռնազաւթած ռեժիմի ագրեսիային, որն այժմ յարձակւել է նաեւ Լիբանանի վրայ, կամ ահաբեկչական գործողութիւններ իրականացնելով սպանել է դիմադրութեան ճակատի առաջնորդներ՝ Իսմայիլ Հանիէին, Սէյէդ Հասան Նասրօլլահին, կամ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամկազմից Աբբաս Նիլֆրուշանին:
Հայկական, ասորական, հրէական եւ զրադաշտական համայնքների պատասխանատունների ստորագրութիւնը կրող յայտարարութեան մէջ նշւած է նաեւ, որ Իրանը երբեւէ չի եղել որեւէ պատերազմի նախաձեռնող կողմ, այլ՝ ի պաշտպանութիւն երկրի տարածքային ամբողջականութեան եւ ազգային շահերի, հնարաւոր ցանկացած ագրեսիային դէմ կանգնած է՝ Գերագոյն հրամանատարի գլխաւորութեամբ եւ ԶՈՒ-ի լիակատար պատրաստակամութեամբ։
«Մենք ինչպէս 8-ամեայ պատերազմի օրօք, պատրաստ ենք ծառայել եւ պաշտպանել Իրանի սուրբ հողն ու համակարգը»,-նշւած է յայտարարութեան վերջում:
Յայտարարութիւնն ստորագրւած է՝
Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվարդեանի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գաղարդ Մանսուրեանի, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէի, զրադաշտականների պատգամաւոր Բեհշիդ Բարխորդարիի եւ հրեաների համայնքի պատգամաւոր Հոմայուն Սամեհ Եահ Նաջաֆաբադիի կողմից:
Ստորագրութիւնների շարքում կայ նաեւ իրանահայ երեք թեմերի եւ Իրանի Հայ կաթողիկէ առաջնորդարանի ու Թեհրանի Հայ Աւետարանական եկեղեցու կնիքը: Ինչպէս նաեւ ենթակայ կառոյցների, այդ թւում Իրանի հայկական մշակութային եւ մարզական միութիւնների ներկայացուցիչներ 300, Իրանի համալսարանների հայ ուսանողներ 110 անդամներ:
Իրանի հայ համայնքի մի խումբ հասարակական ակտիւիստներ, երիտասարդներ եւ էլիտաներ:
Նամակը ստորագրւած է նաեւ հրէական, ասուրական, զրադաշտական համայնքների համապատասխան կառոյցների ներկայացուցիչների կողմից:
«ԱԼԻՔ» – Իրանահայ երեք Թեմերը, ինչպէս նաեւ իրանահայ Կաթողիկէ եւ Աւետարանական համայնքները եւ Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել, որում զօրակցելով Իրանի Իսլամական Հանրապետութեան ԶՈՒ-ի գործողութեանը, ընդգծել են, որ Իրանն անհրաժեշտութեան դէպքում լիովին պատրաստ է եւ չի վարանելու պաշտպանական կոշտ ուժ կիռալելու ցանկացած ռազմական ագրեսիայի դէմ:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Մենք՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում հայ քրիստոնեայ համայնքների պատգամաւորներս, Իրանի հայ համայնքների հոգեւոր հայրերի ու պատասխանատուների հետ միաձայն, մշտապէս աջակցելով Իրանի Իսլամական Հանրապետութեան կեցւածքին, բարձր ենք գնահատում Իսլամական Հանրապետութեան Գերագոյն առաջնորդի ժողովրդի հետ ժամանակին հանդիպումն ուրբաթօրեայ աղօթքի ընթացքում, որով նա ի ցոյց դրեց իր կարողութիւնները ցանկացած իրավիճակում հասարակութեանը վստահութիւն ներշնչելու եւ ոգեւորելու հարցում»:
Յայտարարութեան մէջ՝ հզօր Իրանը տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան միակ երաշխիքը համարելով, Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի երեք թեմերը, ինչպէս նաեւ Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական համայնքները եւ խորհրադարանի պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Գեղարդ Մանսուրեանը դատապարտելով Սիոնիստական մանկասպան ու կեղծ ռեժիմի ցեղապաշտ ու ցեղասպան էութիւնը, բարձր են գնահատել ԻԻՀ ԶՈՒ-ի եւ Հրթիռազենիթային կորպուսի իրականացրած գործողութիւնները, այն համարելով՝ տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատման հիմնական միջոցը:
«ԱԼԻՔ» – Ղարաբաղեան 2-րդ պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնում Թուրքիայի եւ դրան յաջորդած Բաքւին օգնութեան հասած Սիոնիստական ռեժիմի յստակ մուտքով եւ վերջապէս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետութեան չակերտեալ յաղթանակով, Թուրքիան իր «Թուրանական միջանցք»-ի ծրագրով, որը փորձ է արւում ներկայացնել «Զանգեզուր» անւանումով, Բաքւին կանգնեցրել է դժւարին իրավիճակում՝ դիմակայելու Իրանի Իսլամական Հանրապետութեան ճանապարհին:
Կովկասի ու Եւրասիայի հարցերով իրանական ուղեղային կենտրոններն այս կապակցութեամբ յայտարարութեամբ հանդէս գալով շեշտել են, որ Բաքւի կառավարութիւնը ցուցադրաբար եւ ԶԼՄ-ների տարբեր վերնագրերով, Հայաստանի Սիւնիքն անւանում է «Զանգեզուր», կարծելով, որ Թուրքիայի ու Անգլիայի կուլիսային աջակցութեամբ կը կարողանայ փակել Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Եւրոպայի միջեւ կապը երկրի հիւսիս-արեւմուտքում:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Սակայն բոլորը գիտեն, որ դիմադրութեան ճակատի երկրների ինտեգրմամբ եւ Իրանի համար, որպէս աշխարհի հետ հաղորդակցութեան ուղի՝ Միջերկրական ծով մուտք գործելու առիթով, կը կոտրւի Թուրքիայի ճանապարհով դէպի Եւրոպա այդ տարանցիկ մենաշնորհը… Թուրքիայի կառավարիչների աջակցութիւնը ԴԱԷՇ-ին Սիրիայի եւ Իրաքի անվտանգութիւնը խաթարելու գործում կարելի է մեկնաբանել նոյն համատեքստում:
Նման իրավիճակում, թւում է, թէ Ռուսաստանի, այսպէս կոչւած «Զանգեզուրի» մասին արած վերջին յայտարարութիւնները Մոսկւայի կողմից Թուրքիային վերահսկելու նպատակ է հետապնդում՝ կրիտիկական պահերին Էրդողանից միաւորներ կորզելու առիթներով, ինչպէս նաեւ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման հետեւանքները նւազեցնելու կամ փոխհատուցելու համար:
Բարեբախտաբար, մեր երկրի փորձագէտների եւ պաշտօնեաների ճշգրիտ եւ ժամանակին ցուցաբերած զգայունութիւնը ռուս պաշտօնեաների արտասովոր մեկնաբանութիւնների նկատմամբ ստիպեց նրանց յետ կանգնել այս հարցում իրենց վարած քաղաքականութիւնից: Սակայն այս հարցը չպէտք է բերի զգայնունութեան պակսեցմանը: Նոյն նպատակով, Կովկասի հարցերով զբաղւող Իրանի Իսլամական Հանրապետութեան ակտիւ վերլուծական կենտրոնները, հետեւելով տարածաշրջանի երկրների կողմից իրականացւող իրադարձութիւններին ու քաղաքականութեանը եւ ընդգծելով Գերագոյն առաջնորդի մատնանշած չորս առանցքները՝ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանման, Իսլամական Իրանի սահմանների մերձակայքից թաքֆիրական ախտը հեռացնելու անհրաժեշտութեան, պատմական սահմանների անփոփոխութեան եւ պատերազմից յետոյ ղարաբաղցի հայերի անվտանգութեան անհրաժեշտութիւնը, յայտարարում ենք հետեւեալը.
-Կտրականապէս դէմ ենք սահմանային եւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեանը եւ պահանջում ենք այս ոլորտում Գերագոյն առաջնորդի առաջնորդութեամբ նոյն մօտեցման շարունակութիւնը։
-Ընդգծում ենք, որ Իրանը աջակցելու է կովկասեան տարածաշրջանում հաղորդակցութեան բոլոր գծերի եւ ուղիների միաժամանակեայ վերաբացմանը` յարգելով մասնակից երկրների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը:
-Շեշտում ենք, յատկապէս, այն կէտը, որ 2020 թւականի Մոսկւայի հրադադարի համաձայնագրի 9-րդ կէտով նախատեսւած չի եղել Բաքւի եւ Անկարայի համար միջանցք ստեղծելու որեւէ իրաւունք, եւ մենք յայտարարում ենք, որ Հայաստանը չունի միջանցք ստեղծելու իրաւական պարտաւորութիւն։ Իրանական վերլուծական կենտրոնները համակարծիք են մի շարք հայկական վերլուծական կենտրոնների այն տեսակէտի հետ, համաձայն որի Երեւանի կառավարութիւնը պէտք է զգոյշ եւ հաշւարկւած որոշումներ կայացնի՝ անգամ նորմալ տրանսպորտային ուղիներ ապահովելու որոշման հարցում՝ հաշւի առնելով պատմական զարգացումներն ու կողմերի մտադրութիւնները։ Մոսկւայի 2020 թւականի հրադադարի պայմանագիրը կորցրել է իր իրաւական ուժը (Բաքւի կողմից) Լաչինի միջանցքի չեղարկումից ու Ղարաբաղից բնիկ հայերի տեղահանութիւնից ու էթնիկ զտումներից յետոյ։
Իրանական «Արաքս միջանցք»-ն Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջաններից Նախիջեւան տանող ամենամատչելի ու տրամաբանական հաղորդակցութեան եւ տարանցիկ ուղին է, քանի որ այս միջանցքը նախագծւած է բացառապէս տարանցիկ նպատակների համար, եւ դրանում չկան էթնիկ խռովութիւնների, պատմական, անվտանգային նպատակներ կամ տարածքային նկրտումներ։ Մենք ցանկանում ենք, որ Իրանի կառավարութիւնը շատ արագ աւարտին հասցնի այս նախագծի իրականացման գործընթացը։
Աւելի քան 30 տարի Ադրբեջանի Հանրապետութիւնն օգտագործում է Իրանի տարանցիկ հնարաւորութիւնները Նախիջեւանին միանալու համար։ Ակնկալւում է, որ Բաքւի կառավարութիւնը, գնահատելով Իրանի այս եղբայրական մօտեցումը, գործնականում աջակցելու է իրանական «Արաքս երթուղու» իրականացմանը, վերջ տալով նախագծի մասին իր հակաքարոզչութեանը:
Իրանական վերլուծական կենտրոններն ակնկալում են, որ Ռուսաստանը 3+3 ձեւաչափի շրջանակներում եւ խուսափելով Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ին աշխարհաքաղաքական անցուդարձերին ներքաշելուց, զերծ կը մնայ ցանկացած ապակառուցողական գործողութիւնից ու դիրքորոշումներից, որոնք կարող են յանգեցնել ենթադրեալ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը (Թուրանական ՆԱՏՕ-ի միջանցք) եւ կաջակցի իրանական «Արասք»-ով երթուղու նախագծին, որը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն փորձում է ստեղծել «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի կամ կեղծ «Զանգեզուրի» տարբերակով աշխարհաքաղաքական դաւադրութիւն՝ նոր աշխարհակարգին անցնելու համատեքստում՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ էներգետիկայի, տարանցման, էթնոցենտրիզմի խնդիրներ բարձրացնելով, եւ արդիւնքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը որպէս ճնշման լծակ իրականացւած տեսնելը: Նման ծրագրի դէմ պայքարի լուծումը երկարաժամկէտ շահերի շրջանակներում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնն է եւ կարճատեւ շահերի վրայ կենտրոնանալուց խուսափելը: Վերջինիս դէպքում, ի վերջոյ, բերելու է ՆԱՏՕ-ի հզօրացմանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում»:
Ստորագրւած է՝
«Իրանի Իսլամական Հանրապետութեան Կովկասի եւ Եւրասիայի հարցերով ուղեղային կենտրոնների համատեղ վարչութիւն» անւան ներքոյ
«ԱԼԻՔ» – ԵԱՏՄ համաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը երէկ՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանում հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Հանդիպման ընթացքում, Մհամմադ Ռեզա Արեֆը եւս մէկ անգամ յստակեցրել է, որ Հայաստանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը սկզբունքային է եւ կայուն: Վերահաստատելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերը, նա եւս մէկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխութիւն: Միաժամանակ, Արեֆը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցութեան Իրանի նպատակադրումն ու պատրաստակամութիւնը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինեանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարութեան առաջնահերթութիւններից է: Նա բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած պետական սահմանների անքակտելիութեան վերաբերեալ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւններին եւ դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցւածքների, ճանապարհաշինութեան, զբօսաշրջութեան եւ այլ ուղղութիւններով համագործակցութեանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակւել երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեան կապակցութեամբ ցաւակցել են Յեղափոխութեան Գերագոյն առաջնորդին, կրօնապետերին եւ իսլամադաւան ողջ հանրութեանը:
Խորհրդարանում հայկական, ասորական, զրադաշտական եւ հրէական համայնքների հինգ պատգամաւորները դիմելով միջազգային վեհաժողովներին կոչ են արել դատապարտել Սիոնիստական կեղծ ու մանկասպան ռեժիմի ու նրա յանցակիցների ահաբեկչական արարքը եւ պահանջել դադարեցնել նման յանցաւոր գործողութիւնները:
Յայտարարութեան տեքստում մասնաւորապէս նշւած է. «Լիբանանում «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ նրա հաւատարիմ զինակիցների ու ընկերների նահատակութիւնն ամբարտաւան ռեժիմի յուսահատութեան գագաթնակէտն էր, ինչը պատերազմական յանցագործութիւն էր եւ իրականացւել է նրա յանցակից ռեժիմ՝ ԱՄՆ-ի նւիրաբերած ռումբերով, որի համար պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն նրանք»:
Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, ինչը կնպաստի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի աճին։ Այս մասին այօսր հայտարարել է ՀՀ-ում գտնվող Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին, ով մասնակցեց Իրանի առևտրային կենտրոնի բացմանը։
«Թեհրանը լիովին աջակցում է նավահանգստի օգտագործման նախագծին», - հայտարարել է Սեյեդ Մոհամմադ Աթթաբակը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար Չաբահարում արդեն պատրաստ են ենթակառուցվածքներ։
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը հանդէս է եկել յայտարարութեամբ` հաստատելով, որ նահատակւել է շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահը։
Յայտարարութեան համաձայն՝ Նասրօլլահը «միացել է իր մեծ եւ անմահ ընկերներին, որոնց ճանապարհը նա անցել է մօտ երեսուն տարի, որոնց ընթացքում նա նրանց տարել է յաղթանակից յաղթանակ, դիմադրութեան Նահատակների ուսուցչի պաշտօնում նրանց փոխարինելով 1992թ. մինչեւ 2000թ. Լիբանանի ազատագրմումը եւ մինչեւ 2006թ. աստւածային յաղթանակը, հասնելով Պաղեստինի, Գազայի եւ հալածւած պաղեստինցի ժողովրդի պատւի եւ ինքնազոհութեան աջակցմանը»։
«Մենք ցաակցութիւն ենք յայտնում եւ շնորհաւորանքներ նրա զինակից նահատակներին, որոնք միացել են նրա մաքուր եւ սուրբ երթին սիոնիստների ուխտադրուժ յարձակումից յետոյ Բէյրութի հարաւային արւարձանի դէմ»,- ասւած է շարժման յայտարարութիւնում։
Յիշեցնենք, որ Սէյէդ Հասան Նասրօլլահի զոհւելու մասին յայտնել էին սիոնիստական ԶԼՄ-ները` դեռեւս երէկ։ «Հեզբօլլահ»-ը սակայան հերքել էր այդ լուրը` նշելով, որ Նասրօլլահը ողջ է եւ առողջ ու գտնւում է ապահով եւ անվտանգ տեղում։
Այսօր արդէն Սիոնիստական ռեժիմի բանակը պաշտօնապէս յայտարարաեց, որ Բէյրութի Դահիէ թաղամասին հասցւած օդային հարւածների արդիւնքում զոհւել են Նասրօլլահը եւ «Հեզբօլլահ»-ի միշարք բարձրաստիճան ռազմական հրամանատարներ։
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Իսլ. Խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Արա Շահվերդեանը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի ժողովրդին ու կառավարութեանը եւ ընդգծել, որ երկու երկրների համագործակցութեան եւ յարաբերութիւնների խորացման համար չկայ որեւէ սահմանափակում, իսկ խորհրդարանական բարեկամութեան խումբն այդ համագործակցութիւնների ամրապնդման կարեւոր յենասիւներից մէկն է: Այս մասին է տեղեկացրել «ICANA»-ն:
Արա Շահվերդեանն ուղերձում ընդգծւած նշել է. «Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական սահմանը կամուրջ է երկու երկրների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան խորացման համար, եւ պէտք է ցանկացած սպառնալիքի դէմ մնայ պաշտպանւած»։
Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Իրանը, որպէս Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչած առաջին երկիր ականատեսն է եղել երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանը, ինչպէս նաեւ երկկողմ համագործակցութեանը տարբեր հարթութիւններում, այդ թւում՝ տնտեսական եւ մշակութային ոլորտներում, հիմնւած՝ երկու ժողովուրդների ընդհանուր շահերի վրայ:
Որպէս երկրի, որը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատմանը, ինչը համարւում է Իսլամական յեղափոխութեան հիմնարար արժէքներից ու հիմնաքարերից մէկը, Իրանը յատուկ շեշտադրել է տարածաշրջանային խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութեան հաստատման կարեւորութիւնը: Այս կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւնները բազմիցս յայտարարել են, որ հարեւանների տարածքային ամբողջականութեանն ուղղւած ցանկացած սպառնալիք կամ տարածաշրջանային սահմանները փոխելու ցանկացած փորձ անընդունելի է Իրանի համար։ Այս հարցն Իրանի արտաքին քաղաքականութեան կարմիր գիծն է, եւ յստակօրէն շեշտադրւած է նաեւ Յեղափոխութեան գերագոյն առաջնորդի ուղերձում։
Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը յարգելն Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան համար համարւում է սկզբունք, եւ բարեբախտաբար, մենք հայկական կողմի հետ այս հարցում ունենք ամբողջական համաձայնութիւն»։
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», - մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից:
Հիշեցնենք՝ մայիսին հաղորդվել էր, որ Հայաստանն ու Իրանը կստեղծեն կամրջի կառուցման աշխատանքային խումբ։
Նշենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջից։ Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ»- Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքը կարեւոր է հայ ժողովրդի արժանապատւութեան վերականգնման եւ տարածաշրջանում կայունութեան համար: Այս մասին ասւում է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի յայտարարութեան մէջ՝ ուղղւած հայ-ամերիկեան հանրութեանը:
«Իմ բարեմաղթանքներն եմ յղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում էք Հայաստանի անկախութեան օրը։
Մինչ մենք տօնում ենք այս օրը, մենք նաեւ պէտք է երբեք չմոռանանք Հայոց Ցեղասպանութեան մասին, երբ շուրջ 1.5 միլիոն հայեր տեղահանւեցին, սպանւեցին եւ քշւեցին դէպի մահւաներթ:
Սա ողբերգութիւն է, որը շարունակում է ձեւաւորել հայ ժողովրդի ինքնութիւնը։ Հայ-ամերիկեան համայնքի տոկունութիւնը մնում է ոգեշնչման աղբիւր Ամերիկեան մեր հաւաքական պատմութեան մէջ: Ես հաւատարիմ եմ մնում Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղութեան հասնելու գաղափարին՝ հիմնւած ինքնիշխանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան յարգանքի վրայ:
Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքը կարեւոր է հայ ժողովրդի արժանապատւութեան վերականգնման եւ տարածաշրջանում կայունութեան համար:
Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարութեան ամրապնդման եւ տարածաշրջանում կայունութեան խթանման նրա ջանքերում:
Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմութիւն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատութեան եւ արդարութեան: Ես հաւատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերութեան ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժէքներին եւ ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել աւելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ:
Յարգանքով,
Փոխնախագահ Քամալա Հարիս»,- ասւած է յայտարարութեան մէջ:
" https://www.alikonline.ir/ "
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2023 թ. մայիսի 22-ին ստի, կեղծիքի, տառապանքի, մահւան, դժբախտութեան, հայրենազրկման խորհրդանիշը յայտարարեց, որ ինքը ճանաչում է Արցախի Հանրապետութիւնը Ադրբեջանի մաս:
Գրեթէ չորս ամիս անց՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, յարձակւել է Արցախի Հանրապետութեան վրայ եւ երկօրեայ պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի մնացած մասը` ցեղասպանութեան ենթարկելով Արցախի հայութեան մի մասին, իսկ մեծ մասը` աւելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկւել է ցեղասպանութիւնից՝ վտարւելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մօտաւորապէս երեք հազարամեակ անընդմէջ:
Հայկական պետականութեան կորստի սողացող ընթացքը դադարեցնելու, ինչպէս նաեւ Արցախի մեր հայրենակիցների Արցախ վերադարձը կեանքի կոչելու համար անհրաժեշտ է, բայց ոչ բաւարար, Հայաստանի Հանրապետութիւնում ապրող հայութեան համար գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք հանդիսացող իշխանութեամբ օժտւած Նիկոլ Փաշինեանին համազգային ուժերի գերլարմամբ անհետաձգելիօրէն հեռացնել իշխանութիւնից:
Արցախի Հանրապետութեան մեր հայրենակիցները պէտք է վերադառնան Արցախ մէկ պարագայում. տիրոջ իրաւունքով եւ կարգավիճակով:
Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնաւորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետութեան դէօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը:
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը հանդէս է եկել շնորհաւորական ուղերձով, որում մասնաւորապէս նշւած է.
«Սրտանց շնորհաւորում ենք Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանն ու ժողովրդին անկախութեան օրւայ առթիւ:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, եւ այդ ժամանակից ի վեր երկու երկրների յարաբերութիւններն զարգացել ու ամրապնդւել են խաղաղ գոյակցութեան, փոխադարձ յարգանքի եւ երկու ժողովուրդների շահերի հիման վրայ։
Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ եւ բարեկամական յարաբերութիւնները եւ, օգտագործելով բոլոր առկայ կարողութիւնները, զարգացնելու դրանք՝ ի շահ երկու ժողովուրդների։
Բարձրեալ Տիրոջից հայցում ենք երջանկութիւն, առողջութիւն, բարօրութիւն, փառք ու պանծանք Հայաստանի ազնիւ ժողովրդին եւ կառավարութեանը»,-ասւում է հաղորդագրութիւնում»։
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Բէյրութում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւննները։
Պատգամաւորների հրապարակած յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Սիոնիստական բռնազաւթիչ ռեժիմը հերթական անգամ ցոյց տւեց իր անմարդկայն կեցւածքը, պայթեցնելով Բէյրութում հասարակական կապի համակարգերը, ինչի հետեւանքով անմեղ երեխաների ու կանանց զոհ գնալու եւ մեծ թւով քաղաքացիների վիրաւորման պատճառ դարձաւ, այդ թւում՝ Իրանի դեսպանի»:
Պատգամաւորների յայտարարութեան մէջ նշւած է նաեւ այն, որ մանկասպան Սիոնիստական ռեժիմն իր ամբարտաւան վարձկաններով հերթական անգամ յիշեցրեց աշխարհին մարդու իրաւունքների սկզբունքների եւ միջազգային կանոնների բացայայտ ոտնահարման մասին։
«Իրաւապաշտպան միջազգային կազմակերպութիւնների լռութիւնը, ինչպէս նաեւ արեւմտեան լրատւամիջոցների անտարբերութիւնը նման բարբարոսական եւ հակամարդկային յանցագործութիւնների նկատմամբ, աւելին է խորացրել ազատատենչ մարդկանց ցաւերը ամբողջ աշխարհում»,- նշել են պատգամաւորները եւ յաւելել, որ Սիրիայում, Լիբանանում եւ Պաղեստինում ապրելու բնական իրաւունքից զրկւած ժողովուրդների ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում ահաբեկչական գործողութիւններն սկիզբ են առնում ԱՄՆ-ի ու սիոնիզմի չարորակ ուռուցքի անօրինական ներկայութիւնից:
«Մենք՝ միաստւածային կրօնների պատգամաւորներս, ձայնակցում ենք աշխարհի ազատատենչ ազգերին՝ միաժամանակ դատապարտելով այդ գործողութիւնները եւ Երուսաղեմը բռնազաւթած ռեժիմի կողմից իրականացւած դաժան ու հակամարդկային արարքը Լիբանանի դէմ: Մենք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդից ու միջազգային այլ ատեաններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի եւ վարձկան ահաբեկչական խմբաւորումների յանցագործ էութիւնը չէզոքացնելու համար, հանդիսանալով խաղաղութեան, անվտանգութեան եւ անդորրի աւետիս տարածաշրջանի ժողովրդի համար։
Յայտարարութեան ներքեւում դրւած է Իրանում զրադաշտականների պատգամաւոր Բեհշիդ Բարխորդարի, Իրանի հրէական ներկայացուցիչ Հոմայուն Սամէյեհ Նաջաֆաբադիի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի, Թեհրանի եւ հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Իրանի ասորական եւ քաղդէական համայնքների պատգամաւոր Շարլի Էնոյէ Թեքիէհի ստորագրութիւնները:
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Երեւանում կը բացւի իրանական առեւտրի կենտրոն, որը կը դառնայ դարպաս դէպի Եւրասիական տնտեսական միութիւն (ԵԱՏՄ): Տեղեկացնում է «Մեհր» լրատւական գործակալութիւնը։
Որպէս արտերկրում Իրանի առաջին եւ ամենամեծ մշտական առեւտրի կենտրոն՝ Հայաստանում Իրանի առեւտրի կենտրոնը կը բացւի հոկտեմբերի 1-ին՝ Իրանի Առեւտրի խթանման կազմակերպութեան հետ համագործակցութեամբ։
Ըստ «Մեհր»-ի՝ առեւտրի կենտրոնը նախագծւել եւ մշակւել է Երեւանում՝ աւելի քան 18 հազար քմ մակերեսով հողատարածքում: Կենտրոնի 10 հազար քառակուսի մետր մակերեսով ցուցահանդէսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդէսային ցուցասրահ, որոնք կարող են օգտագործւել արդիւնաբերութեան տարբեր ոլորտների համար: Դրանք յագեցած են գործնական հանդիպումների համար նախատեսւած հանդիպումների սենեակներով, միջոցառումների, կոնֆերանսների եւ փառատօնների բաց տարածքով:
Ի թիւս մարքեթինգային եւ հետազօտականծառայութիւնների մատուցման ցուցահանդէսային ծառայութիւնների, Հայաստանի եւ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) շահութաբեր շուկայ մուտք գործելու ռազմավարութիւնների, կենտրոնը համապատասխան հող կը պատրաստի ֆինանսական փոխանցումների, լոգիստիկ եւ տրանսպորտային ծառայութիւնների մատուցման, իրաւաբանական խորհրդատւութիւն, հարկային եւ մաքսային ծառայութիւնների համար։
" https://www.alikonline.ir/ "
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ատրպատականի հայոց թեմում գտնւող Ս. Թադէոս Առաքեալի վանք կատարւած եռօրեայ Ուխտագնացութիւնների շղթայի 70-րդ օղակը եւս աւելացաւ 12-14 յուլիսի 2023-ին, Հայրապետական բարձր օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:
Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ատրպատականի հայոց թեմի Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի կազմակերպութեամբ, ինչպէս նաեւ Ատրպատականի պետական կառոյցների անվերապահ գործակցութեամբ, այս տարի եւս եռօրեայ ուխտագնացութիւնը բացառիկ յաջողութեամբ իր աւարտին հասաւ, հարիւրաւոր ուխտաւորների հաւատաւոր մասնակցութեամբ: Սոյն ուխտագնացութեան մասնակից էին թեմի հոգեւորականաց դասը, պատգամաւորական ժողովի անդամները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ պետական բարձրաստիճան պատասխանատուներ:
Պատմական Արտազ գաւառում Ս. Թադէոս Առաքեալի վեհակառոյց վանքի կամարների տակ, 1954 թւականից սկսւած այս պաշտօնական ուխտագնացութիւները, ամէն տարի իւրայատուկ ապրումներով եւ հոգեւոր ու ազգային իր մթնոլորտով գօտեպնդում է համայն իրանահայութեանը, յատկապէս ատրպատականցի հային, ինչպէս նաեւ հեռաւոր երկրներում ապրող բիւրաւոր հայերին, որոնք երբեմն անձամբ ներկայ գտնւելով եւ երբեմն հեռակայ կարգով հետեւում են սոյն ուխտաւորութեան:
Ատրպատականի տարբեր շրջաններից՝ Թաւրիզից, Ուրմիայից, Գեարդաբադից, Ռահւայից, Սալմաստից, Բեդելբոյից, Իրանի տարբեր քաղաքներից՝ Թեհրանից, Սպահանից, Ահւազից, Արաքից, Անզալիից եւ այլ շրջաններից, ինչպէս նաեւ հայրենիքից ու արտասահմանից հարիւրաւոր ուխտաւորներ ժամանեցին Ս. Թադէոս Առաքեալի վանքը, սկսեալ սեպտեմբերի 12-ից, մասնակից լինելու եկեղեցական արարողութիւններին եւ յատկապէս շաբաթ օրւայ հանդիսաւոր Սուրբ Պատարագին, ազգային տօնախմբութեամբ կատարելու Վանքի Ուխտի օրը:
Անցեալ տարիների աւանդութեան համաձայն, Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի կողմից տասնեակներով վրաններ էին լարւել Ս. Թադէի վանքի շրջակայքում, հիւրընկալելու համար բոլոր ուխտաւորներին: Ուխտաւորներից ոմանք հեռաւոր շրջաններից լինելով, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ից արդէն ժամանել էին վանք եւ լարել իրենց վրանները, մէկ օր եւս ապրելու Ս. Թադէի միջավայրում:
Ժողովրդական դիմաւորութիւն վանքի մուտքին
Ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Սուրբ Թադէի վանք ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօրը: Վանքի վերջին պտոյտի մօտ, Սրբազան Հօր շքախումբը կանգնեց եւ հայ նահատակների յուշարձանի առջեւ «հոգւոց» արտասանւեց, պետական պատասխանատուների ներկայութեամբ: Ապա, վանքի մուտքին հաւաքւած ուխտաւորները ծափողջոյններով եւ տաճարի զանգի ղօղանջի ներքոյ դիմաւորեցին Սրբազան Հօրը: Վանք ժամանման առաջին պահին, Սրբազան Հայրը օրհնեց Խնամակալ կանանց պատրաստած, եւ հայկական գեղջկական տարազով պճնազարդւած երեխաների՝ Մոնթէ եւ Սկարլետ Ենովքեանների ձեռամբ իրեն մատուցւած «Աղուհաց»-ը, մաղթելով որ հայի սեղանից եւ հայի կեանքից անպակաս լինի աղուհացի համը:
Տիրամայր Շուշան Չիֆթճեանի կատարած ուխտով, Սրբազան Հօր ոտքերի առջեւ զենւեց խոյը, եւ այն բաշխւեց Վանք գիւղի ժողովրդին:
Թափօրը տաճար ուղղւելով, զանգակատան ներքեւ գինու մատուցումով օրհնութիւնը կատարւեց Սրբազան Հօր հեղինակած հսկայածաւալ Գ հատորի, որը նւիրւած է Ատրպատականի հայոց թեմի պատմութեան, որով սոյն հատորով իր աւարտին էր հասնել թեմի պատմութիւնը, դրա աւելի քան հարիւր եկեղեցիների շօշափելի ներկայութիւնը: Սոյն երրորդ հատորի մեկենասութիւնը դարձեալ ստանձնել էին տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանները, թեմի ազգային բարերարներից:
Ս. խորանի առջեւ տեղի ունեցաւ Կանոնական աղօթքը: Նոյն առիթով, Երկրպագութիւնից յետոյ, Սրբազան Հօր ձեռամբ օծւեցին տաճարի զոյգ աւանդատների նոր դռները, որոնք նւիրաբերւել էին Ալֆրէդ եւ Անիտա Քեշիշ Փանոսների կողմից, մէկը ի յիշատակ Ծատուր Քեշիշ Փանոսի, իսկ միւսը՝ ի յիշատակ Վարուժան Սարգսեանի:
Սրբազան Հայրը ողջունեց ներկայ ուխտաւորներին, իր ուրախութիւնը յայտնելով այն սքանչելի երեւոյթին, որը այս տարի եւս պարզւել էր վանքի շրջակայքում. «Մեր ժողովուրդը իր բացառիկ սէրն է արտայայտում մեր եկեղեցու հնագոյն սրբավայրի՝ Ս. Թադէի վանքի նկատմամբ»,- ասաց Սրբազան Հայրը, շեշտելով այն խոր հաւատքը, որը արտայայտութիւն է գտնում Ս. Թադէի վանքի նկատմամբ: Վերջապէս, Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց թեմի բարերար Ոսկանեան ամոլին, ինչպէս նաեւ նոր բարերար՝ Փանոս ընտանիքին: Այս առիթով, Սրբազանը իր գնահատանքը յայտնեց նաեւ Իրանի եկեղեցիների պահպանութեան տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանին, որի միջոցով կատարւել էին աւանդատան դռների քանդակային աշխատանքները:
Նոյն օրը երեկոյեան, Յովսէփ Աւետեանը յատուկ զարդախաչով պարգեւատրեց առաջնորդ Սրբազանին, Խաչվերացի տօնին առիթով:
Հսկումի ժամերգութիւն
Ուրբաթ՝ երեկոյեան ժամը 7:30-ին, կատարւեց Հսկումի Գիշերային ժամերգութիւնը, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի: Հսկայ տաճարի աջ կողմում, ամէն տարւայ աւանդութեան համաձայն տեղադրւել էր հսկայ խաչափայտը, մեխերով պատւած, որի վրայ հաւատացեալներ կախում էին իրենց աղօթքներն ու խնդրւածքները, ուխտերն ու փափագները, խնդրելով Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը:
Յայտնենք, որ քահանայ հայրերը ուրբաթ եւ շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւններ կատարեցին, իրենց երեխաները վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների փափագը իրականացնելով: Խորհրդակատարութիւններից բացի, նրանք նաեւ աղօրհնէք կատարեցին առ ի հոգեւոր նախապատրաստութիւն մատաղացու ոչխարների զենման: Ժողովրդի զաւակներից շատեր իրենց նոր գնած կրծքախաչերի համար օրհնութիւն էին հայցում հոգեւորականներից, նախքան դրանք իրենց կրծքից կախելը:
Պաշտօնական հանդիպում՝ պետական ներկայացուցիչների հետ
Յաջորդ օրը, Շաբաթ՝ սեպտեմբերի 14-ի առաւօտեան ժամը 9:30-ին, վանքի մօտակայքում լարւած պետական վրանի տակ, պաշտօնական հանդիպում կայացաւ առաջնորդ Սրբազան Հօրը եւ Չալդրանի կուսակալ Մոհամմեդ Ռեզայի միջեւ, ներկայութեամբ Թեմական խորհրդի կազմին: Ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Ատրպատականի պետական պատասխանատուներ, բարձրաստիճան զինւորականներ եւ ապահովական կառոյցների գնդապետներ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը եւ եկեղեցիների պահպանութեան տնօրէն Շերլի Աւետեանը:
Առաջնորդ Սրբազան Հայրը խօսք առնելով, նախ փառք տւեց Աստծուն, որ 1954 թւականից սկսեալ ամէն տարի շարունակւում է սոյն ուխտագնացութիւնը, եւ 70-րդը լինելով, իր շուրջ համախմբում հայ ուխտաւորների մեծ բազմութեան: Սրբազան Հայրը երախտագիտութիւն յայտնեց Իրանի Կրօնական Մեծ առաջնորդ այաթ. Ալի Խամենէին, կրօնական այն ազատութեան համար, որով յատկանշւում է Իսլամական Հանրապետութիւնը, իր լայնախոհ բարձր ղեկավարութեամբ: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց նաեւ պետական բոլոր պատասխանատուներին, Ատրպատականի արեւմտեան շրջանի նահանգապետին, Չալդրանի Կուսակալութեան, Ապահովական մարմիններին, քաղաքապետութեան, հրշէջի եւ բուժօգնութեան ծառայութիւններին, իրենց պատրաստակամութեան համար. «Իրանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է, մենք տարբեր կրօնների պատկանելով հանդերձ, ճակատագրւած ենք ո՛չ միայն միասին ապրել այս երկրում, այլեւ միասնական ճիգով ծաղկեցնել այս երկիրը: Այդ ծաղկումին շօշափելի մէկ օրինակն է Ս. Թադէոս առաքեալի վանքը այստեղ՝ Չալդրանում, որի օրինակը վարակիչ պիտի լինի ամէն տեղ, երկրի ամբողջ տարածքում եւ արտասահմանում»,- շեշտեց Սրբազան Հայրը:
Իր խօսքում Կուսակալը բարձր գնահատեց հայ ժողովրդի հոգեւոր կապւածութիւնը եւ ուժեղ հաւատքը Ս. Թադէի վանքին, որ տարէցտարի աւելի մեծ թւով ներկայ է լինում սոյն ուխտագնացութեան: Նա այս առիթով շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդին, որ պետական սգոյ տօների հանդէպ յարգանք ցուցաբերելով, յետաձգել էին ուխտագնացութիւնը եւ աւելի ուշ կատարում այն:
Սրբազան Հայրը այս առիթով Իրանի պետութեան ներկայացուցիչներին նւիրեց արծաթեայ շրջանակներ, հայկական արւեստի նմոյշներ, իրենց ցուցաբերած աջակցութեան առ ի գնահատանք:
Յայտնենք, որ պետական պատասխանատուները սոյն հանդիպումից քիչ անց ներկայ գտնւեցին սուրբ պատարագի առաջին մասին եւ յարգեցին հայ ուխտաւոր ժողովրդին, մասնակից լինելով նրանց աղօթքին:
Ուխտի Սուրբ Պատարագ
Շաբաթ՝ սեպտեմբերի 14-ին, Ուխտագնացութեան վերջին օրը, առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Թադէի վանքի տաճարում հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցեց եւ պատգամեց Ատրպատականի հայոց առաջնորդ Սրբազան Հայրը: Հանդիսաւոր թափօրը սկիզբ առաւ վանահօր խուցից եւ «Կոմիտաս» երգչախմբի առաջնորդութեամբ ուղղւեցաւ դէպի Սուրբ Տաճարը: Խորանին սպասարկում էին քահանայ Տ. Խաչատուր եւ Տ. Մարտիրոս քահանայ հայրերը, խորանի մեներգող սարկաւագ Իշխան Չիֆթճեանը, դպիրներ՝ բուրվառով եւ մոմակրութեամբ, գլխաւորութեամբ Սեւան սրկ. Ենովքեանի: Ս. Պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Ս. պատարագի ընթացքին, «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ, հանդիսաւորապէս բեմ բարձրացւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ստորագրած Հայրապետական սրբատառ Կոնդակը, նւիրւած Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան 70-ամեակին, առաջնորդ Սրբազան Հօր կողմից ընթերցւեց, ի լուր ուխտաւոր հաւատացելոց:
Թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը յղելով ներկայ ուխտաւորների բազմութեան, Աստծու պարգեւած շնորհքը տեսաւ իւրաքանչիւրի սրտում դրոշմւած, որոնք Ս. Թադէոսի բարեխօսութեան ու Աստծու զօրութեան ապաւինած, ուխտաւորաբար հասել էին վանք. «Խաչվերացի տաղաւար տօնի առիթով, այս տարի բացառապէս կատարում ենք մեր նւիրական այս վանքի տօնը: Սուրբ Խաչի զօրութիւնը եւ անպարտելիութիւնը, այս վանքի զոյգ սուրբերը զգացնել տւեցին մեզ, նոյնիսկ իրենց նահատակութեամբ: Սուրբերը ոչ միայն զօրանում են իրենց արեան հեղմամբ, այլեւ զօրացնում են իսկական հաւատացեալներին»,- ասաց Սրբազան Հայրը: Նա Խաչվերացի տօնը Ատրպատականի ժողովրդին այնքան մօտիկ տօն համարելով, բացատրեց թէ ինչպէս 7-րդ դարում Փարւիզ պարսից արքան Երուսաղէմից գերեվարել էր Ս. Խաչը եւ բերել ու ամբարել էր Թաւրիզի բերդում, որը ազգ. առաջնորդարանից երկուհարիւր մետր հեռու է գտնւում:
Առաջնորդ Սրբազանը այս առիթով մեծապէս գնահատեց տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեաններին, որոնք Ատրպատականի հայոց թեմի պատմութեան Ա եւ Բ հսկայածաւալ հատորների մեկենասները լինելուց յետոյ, այժմ Գ. հսկայ հատորը եւս հրատարակել էին տւել, պատմութեան կտակելով իրենց կարեւոր նւիրաբերումը: Սրբազանը Գ հատորի առաջին օրինակը յանձնեց մեկենաս ամոլին, իր երախտագիտութիւնը յայտնելով նրանց հետեւողական աշխատանքին:
Սրբազան Հայրը նոր հրատարակւած հատորից նւիրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիւային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Շերլի Աւետեանին եւ իր պաշտելի մօր՝ տիրամայր Շուշան Չիֆթճեանին, իր որդիական երախտագիտութիւնը յայտնելով ծնողական քաջալերանքին համար:
Ջրօրհնէք Ս. Թադէոս Առաքեալի Աջով
Ս. պատարագի վերջաւորութեան կատարւեց ջրօրհնէք, վասն բժշկութեան հիւանդաց: «Ամէն ալէլուիա»-ի երգեցողութեան պահին, Ս. Թադէոս Առաքեալի մասունքակիր Աջով խաչանիշ օրհնւեց ջուրը, ի բժշկութիւն բոլոր տեսակի հիւանդութիւնների:
Տաճարի սրբազան կամարների ներքոյ, երգչախումբը հնչեցրեց «Կիլիկիա»-ն, բարեպաշտ ժողովրդի երգակցութեամբ, իսկ սուրբ Աջով գլխաւորւած եկեղեցականաց թափօրը ուղղւեց դէպի շրջափակ եւ ամբողջ տաճարի շուրջը պտտւելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Հայր մեր»-ը: Սրբազան Հայրը «Պահպանիչ»-ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց Ազգային իշխանութեան, երգչախմբին, կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի անձնւէր անդամներին, կատարւած կազմակերպ եռօրեայ ուխտագնացութեան համար:
Ս. Թադէի Ուխտագնացութիւնը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարիւրաւոր ուխտաւորներով, այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերարթնացմանը եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան վերամրապնդմանը:
" https://www.alikonline.ir/ "
«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 15-ին, Իրանի Իսլամական խորհրդարանում շարունակւեց խորհրդարանական բարեկամութեան խմբերի ձեւաւորման եւ դիւանների ընտրութեան գործընթացը:
Գործընթացի շրջանակում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընտրւել է Հայաստանի, Ֆրանսիայի եւ Սիրեալէոնի հետ Իսլ. խորհրդարանի բարեկամութեան 9 հոգանոց խմբի նախագահ, իսկ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանն էլ ընտրւել է խմբի փոխնախագահ:
«ԱԼԻՔ»-ը շնորհաւորում է իրանահայութեան զոյգ պատգամաւորներին, եւ մաղթում է նրանց բեղմնաւոր աշխատանք, յատկապէս՝ Իրան-Հայաստան կապերի ընդլայնման եւ ամրապնդման գործում:
Երևանում ԵԱՏՄ-Իրան միջոցառումների շարք կանցկացվի: Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունից։
«Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակներում Երևանում կանցկացվի միջոցառումների շարք՝ Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության պետական իշխանության մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության պանելային քննարկումը կդառնա հիմնական թեմատիկ նստաշրջանը, որի ընթացքում տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակում, ներառյալ արդյունաբերական կոոպերացիայի, ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության, առևտրի և ներդրումների աջակցության, ինչպես նաև ֆինանսական, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։