Կիրակի՝ յունւարի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, քարոզախօսութեան պահին, Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի միջոցով ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2026 թւականը «Հոգեւոր կեանքի վերանորոգման տարի» անւանելու կապակցութեամբ:

Հռչակագրում նշւած է. «Պարագայական մի որոշում չէ սա, այլ հրամայական անհրաժեշտութիւն՝ ի տես հայ կեանքում հոգեւոր կեանքի առանցքային կարեւորութեան նահանջի: Արդարեւ, մտահոգիչ մի երեւոյթ, որ կարող է մեզ հեռացնել մեր հոգեւոր արժէքներից եւ աւանդութիւններից, մեր արմատներից եւ ինքնութիւնից. այլ խօսքով՝ մեր կեանքի գոյութեան աղբիւրից՝ Աստծուց»:

Պատարագից յետոյ Հայր Սուրբի նախագահութեամբ տեղի ունեցաւ Ջրօրհնէք, իսկ եկեղեցու սրահում իրականացւեց միջոցառում՝ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու անւանակոչութեան առթիւ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)