Երեքշաբթի՝ յունւարի 13-ի առաւօտեան, Ամանորն ու Ս. Ծնունդը շնորհաւորելու նպատակով, Ազգային առաջնորդարան այցելեցին Սպահանի նահանգապետ դոկտ. Մեհդի Ջամալինեժադը, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ամիր Քարամզադէն, Արտաքին գործոց նախարարութեան Սպահանի ներկայացուցչութեան տնօրէն դոկտ. Դոլաթեառը, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան փոքրամասնութեանց գրասենեակի տնօրէն եւ պատասխանատու Սէյէդայնը եւ Թաբաթաբային եւ այլ պատասխանատուներ։
Բարի գալստեան եւ ողջոյնի խօսքերից յետոյ, պատւիրակութեան անդամները ուղեկցութեամբ Պատգ. ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Նոէլ Մինասեանի, Վաչիկ Հայրապետեանի եւ Զաւէն Սիմոնեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների այցելեցին "Ս. Ներսէս Շնորհալի" գրադարան, արխիւատուն եւ արխիւների վերականգնման կենտրոն եւ ծանօթացան ծաւալւող աշխատանքների հետ։ Այնուհետեւ այցելեցին վաճառքի կենտրոն, որտեղ ցուցադրման էր դրւել հայ ձեռնէրց կանանց ձեռքի աշխատանքները, որոնք արժանացան հիւրերի բարձր գնահատանքին եւ նահանգապետը ծաղիկներ նւիրեց հայուհիներին։
"Ծաղկեայ դահլիճ"-ում ներկաներին միացաւ առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը։
Դոկտ. Մեհդի Ջամալինեժադը բարի գալուստ մաղթելով Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանին՝ Իրան եւ շնորհաւորելով նրան՝ ստանձնած պաշտօնի առթիւ, շնորհաւորեց նաեւ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, յոյս յայտնելով, որ նոր տարին լինելու է խաղաղութեան ու բարգաւաճման տարի։
Նահանգապետն անդրադառնալով Սպահանում հայ համայնքի եւ պարսիկ հայրենակիցների եղբայրական կապին, ընդգծեց երկրի զարգացման գործում հայութեան կարեւոր դերն ու ներդրումը մինչեւ այսօր եւ յոյս յայտնեց, որ Հայր Սուրբի ներկայութեամբ ու հետեւողականութեամբ, այն առաւել ծաւալ է ստանալու յատկապէս զբօսաշրջութեան, զարգացող տեխնոլոգիաների եւ արհեստական բանականութեան (AI) ոլորտներում։
Նա յայտնելով, որ գերտէրութիւնները խոչընդոտում են տարածաշրջանի երկրների զարգացումն ու առաջխաղացումը, հրահրում են պատերազմներ եւ խաթարում երկրների անդորրն ու անվտանգութիւնը, յիշեց Իրան-Իսրայէլ 12-օրեայ պատերազմը եւ երկրում ընթացող վերջին իրադարձութիւնները, եւ յաւելեց, թէ բարեբախտաբար Իրանի ժողովուրդը, այդ թւում նաեւ իրանահայերը, միասնական ոգով եւ համախմբւածութեամբ, թէ անցեալում եւ թէ այսօր կարողացել են յաղթահարել բոլոր դժւարութիւնները։
Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը բարի գալուստ մաղթելով պատւիրակութեան անդամներին, յատուկ շնորհակալութիւն յայտնեց նահանգապետին, ով հակառակ իր բազմազբաղւածութեանը, իր սուղ ժամանակը տրամադրել եւ մասնակցել է այս հանդիպմանը։
Առաջնորդի տեղապահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ողջոյնի խօսքը փոխանցեց բարձրաստիճան հիւրերին եւ յանուն Վեհափառ Հայրապետի նրանց մաղթեց առողջութիւն եւ աշխատանքային յաջողութիւն։
Նա նշելով, թէ Սպահանում իր պաշտօնավարման հէնց առաջին օրից բովանդակալից հանդիպումներ է ունեցել երկրի պետական այրերի հետ, որոնցից յիշատակելի է երկրի արտգործնախարար դոկտ. Արաղչիի եւ այսօր ժամանած հիւրերի հետ հանդիպումները, յոյս յայտնեց, որ նոյն կերպ ընթանալու է իր ծառայողական շրջանը։
Հայր Սուրբն անդրադառնալով վերջին օրերին երկրում տեղի ունեցած իրադարձութիւններին, ցաւակցեց անմեղ զոհւածների ընտանիքներին, միաժամանակ դատապարտելի եւ անընդունելի համարեց սրբավայրերի եւ մզկիթների հրկիզումը: Նա դատապարտելի համարեց նաեւ Իրանի քաղաքական ներքին կեանքում այլ երկրների միջամտութիւնը եւ առ բարձրեալն Աստծուց խնդրեց, որ խաղաղութիւն հաստատի երկրում եւ բոլորին պարգեւի առողջութիւն եւ մտքի անդորրութիւն։
Հանդիպման ընթացքում ելոյթ ունեցաւ Ամիր Քարամզադէն։ Նա զեկոյց ներկայացրեց մշակութային հարստութիւն համարւող թեմապատկան կառոյցների վերանորոգման եւ պահպանման ուղղութեամբ կատարած աշխատանքների վերաբերեալ, որոնք իրագործւել են Սպահանի նահանգապետ դոկտ. Ջամալինեժադի, պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանի եւ Թեմական խորհրդի ջանքերով ու անմիջական մասնակցութեամբ։
Նոէլ Մինասեանը ողջունելով հիւրերի ներկայութիւնը, յոյս յայտնեց, որ 2026 թւականը լինելու է խաղաղութեան եւ համերաշխութեան տարի։
Պատգ. ժողովի ատենապետը յանուն թեմի Պատգ. ժողովի եւ ազգային բոլոր կառոյցների դատապարտելով սրբավայրերի նկատմամբ ոտնձգութիւնն ու հրկիզումը, անընդունելի համարեց "Իսլամական պետութիւն" ահաբեկչական կազմակերպութեանը յիշեցնող վայրագութեան եւ բռնութեան որեւէ դրսեւորում եւ շեշտեց երկրի հարցերն ու խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտութիւնը։
Նոէլ Մինասեանը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի հիմնարկին եւ Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութեանը՝ Նոր Ջուղայի հայկական պատմական կառոյցների նորոգման ուղղութեամբ ցուցաբերած հովանաւորութեան եւ յատկացրած բիւջէի համար եւ խնդրեց յետագայ ծրագրերի համար եւս շարունակել իրենց օժանդակութիւնը։
Վերջում հիւրերին յանձնւեցին յուշանւէրներ։
Աւարտւելով սոյն հանդիպումը, պատւիրակութեան անդամները Պատգ. Ժողովի Դիւանի ատենապետի, փոխ-ատենապետի եւ Թեմական խորհրդի ատենապետի ընկերակցութեամբ այցելեցին Խոջա-Աբէդ փողոցում գտնւող "Մարտիրոս Եսայեան" հիւրանոցային համալիր, ծանօթացան ընթացող վերանորոգչական աշխատանքներին եւ խոստացան կարեաց սահմաններում օժանդակել զբօսաշրջութեան ոլորտին նպաստող բոլոր նախագծերին։
ՍՀԹ Ազգային առաջնորդարանի Հանրային կապ