Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տէր Արտաւազդ վրդ. Շարոյեանը, թեմիս կառոյցներին ծանօթանալու ծրագրի շրջագծում, շաբաթ` յունւարի 24-ի առաւօտեան, իր առաջին այցը կատարեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ։

Հայր Սուրբը եւ նրան ընկերակցող Կրօնական խորհրդի անդամ Տէր Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, նախ այցելեցին Ն. Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ նրանց դիմաւորեցին Կրթական խորհրդի փոխ-ատենապետ Սաթօ Աւետումեանը, խորհրդի անդամներ`Վեհանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Ժանէթ Բաղումեանը, խորհրդի գործավար Վահիկ Թորոսեանը եւ դպրոցի տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը։

Բարիգալստեան խօսքերից ու երկկողմ ծանօթութիւններից յետոյ, դպրոցի տնօրէնուհին ներկայացրեց դպրոցի անձնակազմը, կազմակերպւող ծրագրերն ու աշխատանքները, որից յետոյ պատւիրակութիւնն այցելեց դասարաններ, որտեղ մանկավարժներն ու երեխաները ջերմ ու մտերմիկ զրոյց ունեցան Հայր Սուրբի հետ։

Այցելելով Ն. Ջ. հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոց, դպրոցի տնօրէնուհիներ Սքարլետ Հայրապետեանի ու Արսինէ Դաւթեանի ուղեկցութեամբ հիւրերն այցելեցին առաջին եւ վեցերորդ դասարաններ, ուր աշակերտներն արտասանեցին ասմունքներ եւ ներկայացրին իրենց դասերից հատւածներ։

Խումբն իր վերջին այցը կատարեց Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցներ, որտեղ դպրոցի տնօրէնուհի Անահիտ Սարհադեանը եւ վերակացուներ Ռիմա Սիմոնեանն ու Էդմոնդ Բաղդասարը դիմաւորեցին նրանց եւ միասնաբար այցելեցին Ա եւ Բ միջնակարգի երկու դասարաններ։

Աշակերտները մտերմիկ զրոյց ունեցան Հայր Սուրբի հետ եւ խոստացան աւելի յաճախ այցելել եկեղեցի, մասնակցել պատարագներին, ինչպէս նաեւ կենտրոնանալ դպրոցական առարկաները լաւագոյնս սովորելու վրայ։

Առաջնորդական տեղապահն այցելեց նաեւ կրթահամալիրի «Յովհաննէս Թումանեան» գրադարան եւ «Ալենուշ Տէրեան» սրահ։

Վերջում պաշտօնական հանդիպում տեղի ունեցաւ Հայր Սուրբի, Կրթական խորհրդի անդամների եւ երեք դպրոցների տեսչութեան ու վարչական բաժնի անձնակազմի միջեւ։

Տէր Արտաւազդ վրդ. Շարոյեանը գնահատանքի խօսք ուղղեց Կրթական խորհրդին, դպրոցների տնօրէնութեանը, ուսուցչական կազմին ու ծնողական խորհրդին՝ իրենց նւիրական աշխատանքի եւ սուրբ առաքելութեան համար։

Նա նշեց. «Մեզ համար հպարտութիւն են հայ դպրոցը, հայ եկեղեցին եւ հայ համայնքը։ Դրանք են, որ մեզ հայ են պահում։ Այդ պատճառով ինչքան կարող ենք պէտք է մեր աշակերտութեանը փոխանցել եւ սովորեցնել մեր մայրենի լեզուն. այդքանով մեր ապագան ապահովելու ենք»։

Վերջում դպրոցի տնօրէնները Հայր Սուրբին խնդրեցին յաճախակի այցելել դպրոց եւ շփւել աշակերտութեան հետ, իսկ Հայր Սուրբը փոխանցեց, որ բաւական նոր մտքեր ու ծրագրեր ունի աշակերտութեան հետ կապւած, որոնք դպրոցների աշխատակազմի համագործակցութեամբ շուտով ընթացքի մէջ կը դնի։

 

Թղթակից (Նոր Ջուղա)