Սեպտեմբերի 21-ը Հայաստանի վերանկախութեան օրն է:
1991 թւականի Սեպտեմբերի 21-ին, Հայ ժողովուրդը, Այո՛ ասաց անկախութեանը եւ իրացրեց իր դարաւոր երազանքն ու հունաւորեց պատմական կարեւորագոյն մի ընթացք, որի պսակն Արցախեան ազատամարտն էր, մեծագոյն ձեռքբերումը՝ Հայոց երկրորդ պետականութեան փաստացի գոյութիւնը։
Ցաւօք սրտի, Հայաստանի ներկայ իշխանութիւնների ապազգային մտածողութեան եւ տկար ու ապաշնորհ քաղաքականութեան շնորհիւ, վտանգւած է անասելի խիզախումներով, յամառ ու համազգային նւիրումով ձեռք բերւած ու պահպանւած 33-ամեայ Հայոց պետականութիւնը։
2021 թւականի մայիս ամսից առ այսօր ՀՀ տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը (ըստ պաշտօնական տւեալների) մնում է Ադրբեջանի Հանրապետութեան տիրապետութեան տակ, Բաքւի իշխանութիւնները Հայաստանից պահանջում են հրաժարւել միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացրած բոլոր հայցերից, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից արցախահայութեան դէմ իրագործւած էթնիկ զտումներին, Բաքւում պահւող հայ գերիներին եւ ՀՀ օկուպացւած տարածքներն ազատելու պահանջներին։ Դեռ աւելին, արդէն կէս տարի է, որ Բաքուն ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը Խաղաղութեան պայմանագրի ստորագրման նախապայման համարելով, պահանջում է Հայաստանի մայր օրէնքից բացառել Անկախութեան հռչակագիրը, որտեղ յղում կայ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միաւորման վերաբերեալ եւ չի բացառւում, որ Հայաստանի ներկայ վարչակազմը գնալու է այդ ապօրինի փոփոխութեանը։
Այդուհանդերձ, անկախութիւն նւաճած ու յաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրաւունք չունի։
Միասին պաշտպանենք մեր անկախութիւնը, տէր լինենք պետականութիւն եւ արժանապատիւ գոյութիւն ունենալու մեր իրաւունքին:
Դիւան Ազգային Առաջնորդարան
Սպահանի Հայոց Թեմի
Սիրելի հայրենակիցներ,
Ցաւով կրկին ականատես ենք Հայաստանի իշխանութիւնների ղեկին գտնւող քաղաքական խմբի հակաժողովրդավարական գործողութիւններին։ Օրերս, նրանց միջոցով, արձանագրւեցին հերթական բռնութիւներն ու ապօրինի գործողութիւնները սեփական ժողովրդի նկատմամբ։
Թւականիս Յունիսի 12-ին, Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան ուղիղ հրահանգով, ոստիկանութեան միջոցով, բռնի ուժ է կիրառւել Հայաստանի Ազգային Ժողովի մօտ «Սրբազան Շարժման» շուրջ համախմբւած տասնեակ հազարաւոր խաղաղ ցուցարարների նկատմամբ, մէկ անգամ եւս ապացուցելով, որ ներկայ վարչախմբի գլխաւոր խնդիրն ու առաքելութիւնը ոչ թէ երկրի ու ժողովրդի ազգային շահերի եւ անվտանգութեան ապահովումն է, այլ ամէն գնով իրենց իշխանական աթոռների պահպանումը. մօտեցում, որը ոչ մի աղերս չունի իրենց կողմից այդքան շահարկւող ժողովրդավարական արժէքների հետ։ Այդ օրը ոստիկանական զօրքերի եւ յատուկ ջոկատայինների կողմից կիրառւել են անհամաչափ մարտական միջոցներ, որոնց հետեւանքով վիրաւորւել են հարիւրից աւելի խաղաղ ցուցարարներ եւ շուրջ մէկ տասնեակ լրագրողներ. նոյնիսկ քաղաքացիներ, ովքեր զբօսնելիս են եղել մօտակայ տարածքներում. առեւանգւել եւ առանձնակի դաժանութեամբ ծեծի են ենթարկւել յատուկ թիրախաւորւած մի շարք անհատներ, որոնք ստացել են մարմնական ծանր վնասւածքներ։ Վիրաւորներից մի մասը դեռ եւս գտնւում են հիւանդանոցներում` վիճակը ծանր լինելու պատճառով։ Առանց իրաւական որեւէ հիմքի բերման են ենթարկւել կամ ձերբակալւել են ցոյցին մասնակցող տասնեակ հայրենակիցներ։
Իշխանութիւններին ծառայող իրաւապահ մարմինների կողմից, ապօրինի մեթոդներով եւ կեղծ մեղադրանքներով, ծաւալուն հալածանք է սկսւել այդ շարժման մասնակից կամ աջակցող կազմակերպութիւնների, Հայոց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւորականների, ազգային կառոյցների եւ գործարարների դէմ. շինծու եւ սուտ քարոզչական բեմականացումներով իրականցւել են խուզարկութիւններ, ինչու չէ նաեւ զանգւածային ձերբակալութիւններ` Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում։
Արձանագրենք նաեւ, որ ոստիկանութեան կողմից կատարւած ապօրինութիւնների եւ բռնութիւնների կապակցութեամբ Հայաստանի դատախազութեան եւ արդարադատութեան համակարգի կողմից ուժային կառոյցի որեւէ կարգազանց անձ պատասխանատւութեան չի ենթարկւել, ինչն էլ խօսուն վկան է այն իրողութեան, որ այդ համակարգը ուղղակիօրէն ծառայում է նշեալ իշխանախմբի քմահաճոյքին, եւ որի հետեւամքով խախտւում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը` պետութեան եռեակ իշխանութիւնների անկախութեան եւ մարդու հիմնարար ազատութիւնների ու իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
Դատապարտելով յունիսի 12-ին եւ այնուհետեւ իրաւապահ մարմինների կողմից սահմանադրական կարգի խախտումն ու քաղաքացիների նկատմամբ կիրառւած անհամաչափ գործողութիւնները, ՀՀ իշխանութիւններից պահանջում ենք դադարեցնել հալածանքները սեփական ժողովրդի նկատմամբ, ականջալուր լինել հայրենի ժողովրդի արդարացի պահանջին` յետ կանգնելու Հայաստանի պետականութիւնը, ինքնիշխանութիւնը եւ անվտանգութիւնը լրջօրէն սպառնացող ու վտանգող ազգավնաս գործողութիւններից, անյապաղ բացայայտել ժողովրդի նկատմամբ բռնարարքներ իրականացնող ուժային կառոյցների պատասխանատուներին եւ գործակատարներին, այլեւ ազատ արձակել անհիմն մեղադրանքներով կալանաւորւած մեր հայորդիներին։
Դիւան Ազգային Առաջնորդարան
Սպահանի Հայոց Թեմի
2020 թւականի «ծրագրւած պարտութիւնից» եւ Արցախի Հանրապետութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան մաս յայտարարելուց յետոյ, այսօր հերթը հասել է Սիւնիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Տաւուշի սահմանամերձ տարածքներին ու բնակավայրերին։
Այս հայրենադաւ գործողութեան դէմ բողոքի ակցիաներ են սկսւել Հայաստանի տարբեր վայրերում՝ շարժումը տարածելով երկրով մէկ։ Մի շարք քաղաքներից ու գիւղերից մեկնել են Տաւուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Ժողովրդական այս պայքարին միացել է նաեւ Տաւուշի թեմի առաջնորդ Տէր Բագրատ արք. Գալստանեանը։
Սակայն ցաւօք, տասնեակ տարիներ օտար ուժերի կողմից ֆինանսաւորւող եւ ուղղորդւած՝ ՀՀ իշխանութիւններին սատարող անձինք եւ նրանց հետ ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները պիտակաւորման եւ զրպարտութեան նոր արշաւ են սկսել Հայ Եկեղեցու դէմ՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնելով պատերազմ հրահրող եւ օտարերկրեայ գործակալ լինելու անհեթեթ մեղադրանքները:
Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի այսօրւայ քաոսային եւ ողբերգական իրավիճակի թիւ մէկ պատասխանատուն ՀՀ իշխանութեան ղեկին նստած ղեկավարութիւնն է։ Այսօր Հայաստանում մեկնարկած պայքարը ոչ կուսակցական ակտ է, ոչ էլ ինչ-որ անձի պայքար. սա երկիրը յանձնելու գործընթացի կանխման միջոց է։
Դատապարտելով Տաւուշի թեմի առաջնորդի եւ այս շարժման առաջնորդողների դէմ ՀՀ իշխանութիւնների կողմից սկսւած հեղինակազրման արշաւը, նաեւ ոստիկանութեան բիրտ ուժի կիրառումը՝ քաղաքացիների նկատմամբ, մեր զօրակցութիւնն ենք յայտնում հայրենիքի ամբողջականութեան պահպանման համար պայքարի ելած հայորդիներին եւ իրաւապահ մարմիններից պահանջում դադարեցնել ապօրինի գործողութիւնները շարժման մասնակիցների, ի մասնաւորի Բագրատ արք. Գալստանեանի նկատմամբ։
Դիւան ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի
28 ապրիլի 2024 – Նոր Ջուղա, Սպահան, Իրան
Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ դատապարտող պաստառներ տեղադրւեցին Սպահանի մարդաշատ վայրերում՝ ի բողոք Իսրայէլի միջոցով Երուսաղէմի Հայ Առաքելական եկեղեցու կալւածի իւրացման եւ հոգեւորականների ու տեղացի հայ բնակչութեան վրայ կատարւած յարձակումների, ինչպէս նաեւ Պաղեստինի, յատկապէս Գազայի ժողովրդի դէմ կիրառւող բռնութիւնների
Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Սպահանի քաղաքապետարանի համագործակցութեամբ, հինգշաբթի՝ ապրիլի 25-ին, քաղաքի գլխաւոր պողոտաներում, քառուղիներում եւ հրապարակներում, ինչպիսին են՝ «Շոհադայէ Սոֆէ» եւ «Մեհռդադ» պողոտաները, «Հաքիմ Նեզամի» քառուղին, «Արթեշ» հրապարակը եւ մի շարք այլ վայրերում, տեղադրւեցին պաստառներ, ուր պարսկերէն եւ հայերէն լեզուներով հրապարակւել է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան դիւանի յայտարարութիւնը՝ ապրիլի 3-ին, Իսրայէլի ոստիկանութեան միջոցով պատկան եկեղեցու կալւածից ժողովրդի ապօրինի տեղահանման եւ հոգեւորականների ու տեղացի հայերի նկատմամբ կատարւած յարձակումների կապակցութեամբ:
Պաստառում հրապարակւել է նաեւ Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի դիւանի յայտարարութիւնը, որտեղ Դիւանն իր վրդովմունքը յայտնելով նշւած միջադէպի առթիւ, խստօրէն դատապարտում է Պաղեստինի, յատկապէս Գազայի ճնշւած ժողովրդի նկատմամբ մանկասպան Սիոնիստական ռեժիմի դաժանութիւններն ու բռնութիւնները, ինչպէս նաեւ Երուսաղէմում գտնւող՝ Հայ Առաքելական եկեղեցու կալւածի իւրացումը:
Թղթակից (Նոր Ջուղա)
Սիրելի հայրենակիցներ, Սիոնիստական «ապարտէիդ» պետութիւնը բռնազաւթելով Երուսաղէմի ճնշում է բանեցնում բռնագրաււած տեղի հայ քաղաքացիների վրայ, որի պատճառով նրանք, ինչպէս նաեւ նրանց քրիստոնեայ ու մահմեդական արաբ եղբայրները, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ի լուր աշխարհի: Թէեւ չենք ակնկալում, որ Գազայի տասնեակ հազարաւոր մարդկանց, այդ թւում՝ անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց սպանութեան դիմաց անտարբեր մնացած իրաւապաշտպաները այս ուղղութեամբ քայլեր ձեռնարկեն, բայց եւ այնպէս աշխարհի ազատախոհ ժողովրդի ուշադրութիւնը հրաւիրում ենք Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի յայտարարութեան վրայ։
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
«Այսօր, 3 ապրիլ 2024-ին, մօտաւորապէս ժամը 11:00-ին, Իսրայէլի ոստիկանութիւնը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան «Կովերի պարտէզ» կալւածից` ոչնչացնելով Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի գոյքը եւ յարձակւելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրայ:
«Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարել անունով սպան:
«Երբ սպաների խմբից պահանջւել է հայ հոգեւորականների եւ տեղացի հայերի բռնի տեղահանելու, վտարելու, գոյքը ոչնչացնելու մասին արտօնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտօնութիւն կամ դատարանից որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել «Xana Gardens»-ի ներկայացուցիչներին` Հայոց պատրիարքարանի գոյքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողութիւնները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար յայտարարել են, թէ եկել են արտօնագրով, սակայն բնաւ չեն ներկայացրել յիշեալ արտօնագիրը եւ ասել են. «Մենք այստեղ ենք` պաշտպանելու «Xana Gardens»-ի աշխատողների իրաւունքները»:
«Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը Սուրբ Երկրի սրբատեղեաց պահապաններից մէկն է եւ Երուսաղէմի չորս թաղամասերից մէկի վերահսկողը: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպէս որ տրւած է բոլորին Երուսաղէմի մէջ, եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայէլի ոստիկանութիւնից եւ Իսրայէլի կառավարութիւնից` այսօրւայ իրադարձութիւններին նրանց մասնակցութեան համար:
«Աներկբայ է, որ այսօրւայ սադրանքները Հայկական թաղամասի եւ նրա օրինական հողերի դէմ նախադէպ ստեղծելու փորձեր են: Մենք պիտի շարունակենք ամուր մնալ մեր դիրքերի մէջ եւ պիտի հրաւիրենք ամբողջ աշխարհի քրիստոնեաների ուշադրութիւնը խաղաղ հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգութիւնների վրայ»:
Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Դիւան
Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի դիւանը իր վրդովմունքը յայտնելով այս միջադէպի առթիւ, խստօրէն դատապարտում է Պաղեստինի, յատկապէս Գազայի ճնշւած ժողովրդի նկատմամբ մանկասպան Սիոնիստական ռեժիմի դաժանութիւններն ու բռնութիւնները, ինչպէս նաեւ Երուսաղէմում գտնւող՝ Հայ Առաքելական Եկեղեցու կալւածի իւրացումը։
ԴԻՒԱՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ – 23 Ապրիլի 2024
Գերեվարւած Մարալ Նաջարեանը մարտի 10-ին ազատ արձակւելուց եւ Բէյրութ վերադառնալուց յետոյ հարցազրոյց է տւել լիբանանեան «Արարատ» օրաթերթին եւ մանրամասներ պատմել իր գերի ընկնելու մասին: Գրում է Yerkir.am–ը:
«Սեպտեմբերի 16-ին ենք ցանկացել գնալ Արցախում հաստատւել: Երբ պատերազմը սկսեց, ես եւ քոյրս վերադարձանք Երեւան: Իսկ Վիգէնը` նշանածս, կամաւորագրւեց Մարտունու շրջանում: Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գրաւել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի եւ մեր իրերը բերել», - պատմել է նա:
Մարալի խօսքով` նախ գնացել են Բերձոր, յետոյ Շուշի, սակայն Շուշիի մուտքի մօտ հասնելուն պէս տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մօտեցել են ադրբեջանցի զինւորականներ.
«Սկզբում մեր հեռախօսները վերցրին մեր ձեռքից, յետոյ դրամապանակները եւ միւս իրերը: Այնուհետեւ մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղութեամբ», - պատմեց Մարալը:
Մարալ Նաջարեանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու եւ բանտում պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են:
«Մինչեւ փետրւարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցութիւն չի եղել, ինձ առանձին սենեակում էին պահում: Փետրւարի 12-ին Կարմիր Խաչից երկու կանայք եկան ինձ մօտ եւ հարցազրոյց ունեցան ինձ հետ: Ինձ ասացին, որ մօտ ժամանակներս պէտք է ազատւեմ: Ուրախութեանս չափ չկար, նրանք ինձ յոյս տւեցին», - պատմեց նա:
Մարտի 10-ի առաւօտեան Մարալին օդանաւակայան են ուղեկցել Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ինչից յետոյ էլ նա վերադարձել է Բէյրութ:
Հարցազրոյցի վերջում Մարալ Նաջարեանը շնորհակալութիւն է յայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին, Լիբանանի Արտաքին գործերի նախարարութեանը, կուսակցութիւններին եւ Հայաստանին` ստացած աջակցութեան համար:
Վարչապետ Հասսան Տիապի գլխաւորած նորակազմ կառավարութեան «հայկական» աթոռը վստահուած է
Աւելին - ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԱՆԴԱՄԸ ՎԱՐԴԻՆԷ ՕՀԱՆԵԱՆՆ Է
Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը քիչ առաջ հեռախօսազրոյց է ունեցել
Աւելին - ԹԵԼ ԱԲԵԱԴԻՑ ՀԱԼԷՊ ՏԵՂԱՓՈԽՒԱԾ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ. ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ կեանքի է կոչւել Հայաստանում հաստատւած սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակը
Աւելին - ԿԵԱՆՔԻ Է ԿՈՉՒԵԼ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՒՈՒԹԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԸ