Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկւել։ Այս մասին գրում է «Գեղարդ» կենտրոնն ու աւելացնում, որ սոցցանցերում տարածւում են այդ մասին փաստող նոր տեսանիւթեր։
Մասնաւորապէս՝ ազգութեամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիեւն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանիւթը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկւել «Մենք ենք մեր սարերը» պատմական յուշարձանը, որը համարւում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիեւը։
Նրա ներկայացրած տեսանիւթում արձանի վրայ՝ առջեւի հատւածում, երեւում են ադրբեջաներէնով արւած տարբեր գրառումներ։
Լրագրողի հրապարակման մեկնաբանութիւններում մէկ ուրիշ օգտատէր այլ տեսանիւթ է հրապարակել, որում յուշարձանի տարբեր մասում եւս երեւում են ադրբեջաներէնով արւած փորագրումներ ու գրառումներ։
2023 թւականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան յաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից յետոյ է յատկապէս «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնւում է ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածւել են տարբեր լուսանկարներ ու տեսանիւթեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրօշով կոթողի մօտ լուսանկարւելու, հայերի հասցէին վիրաւորական արտայայտութիւններ անելու եւ գրառելու հետ կապւած։
Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նոյնիսկ յայտարարութիւններ են հնչում հայկական այս յուշարձանը քանդելու վերաբերեալ։
Մասնաւորապէս՝ այս տարւայ օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամաւոր, «Արդարութիւն, իրաւունք, ժողովրդավարութիւն» կուսակցութեան նախագահ Գուդրատ Հասանգուլիեւն արձանը քանդելու առաջարկ էր արել։
«Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը) 1967 թւականին կառուցւած եւ հայ ազգայնականների եւ հայկական անջատողականութեան խորհրդանիշ դարձած «Մենք եւ մեր սարերը» կոչւող արձանը պէտք է քանդւի, եւ դրա տեղում պէտք է կանգնեցւի ադրբեջանցի զինւորի պատւին վեհաշուք յուշարձան»,- ասել է Հասանգուլիեւը։
Ադրբեջանցի քաղաքագէտ Ռամիզ Իւնուսն էլ գրել է, թէ․ «Բժշկութիւնից յայտնի է, որ երբ մետաստազները տարածւում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անյապաղ վիրաբուժական միջամտութեան: Նոյն կերպ, որպէսզի հայկական «միացում»-ի վարակիչ մետաստազներն այլեւս երբեք չյայտնւեն ադրբեջանական հողի վրայ, դրանք պէտք է վիրաբուժական ճանապարհով հեռացւեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միութեան ժամանակների բոլոր յուշարձաններին, այդ թւում՝ 1967 թւականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրւած «Պապիկն ու տատիկը» տգեղ պատւանդանին, որը պատկերւած էր, այսպէս կոչւած, «ԼՂՀ» զինանշանի վրայ»։
Արցախում ու, յատկապէս, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման յայտարարութիւններին աջակցել է նաեւ Մեջլիսի մէկ այլ պատգամաւոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարեւոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամաւոր Գուդրատ Հասանգուլիեւի՝ «Մենք եւ մեր սարերը» յուշարձանն ապամոնտաժելու վերաբերեալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, եւ դրանք, բնականաբար, պէտք է հեռացւեն այնտեղից…»,- նշել է պատգամաւոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ յայտարարելով, որ նրանք, «ովքեր հարցը ներկայացնում են որպէս մշակոյթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրութիւնները, եւ դա պէտք է ընկալւի որպէս անջատողականութեան նշանների վերացում»։
Յաւելենք, որ «Մենք ենք մեր սարերը» յուշարձանը տեղադրւել է 1967 թւականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարեանն է, ճարտարապետը՝ Իւրի Յակոբեանը: Ստեփանակերտի մուտքի մօտ՝ բլրի գագաթին գտնւող քանդակը պատրաստւած է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախեան հողի եւ ժողովրդի արմատների միջեւ կապը։ Յուշարձանն իրենից ներկայացնում է աւանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցւածքով ու սեւեռուն հայեացքով։
Յատկանշական է, որ Ադրբեջանին նոյնիսկ Արդարադատութեան միջազգային դատարանի՝ դեռեւս 2021 թւականի դեկտեմբերի 7-ի որոշումը յետ չի պահում Արցախի հայկական կրօնական ու մշակութային ժառանգութեան ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտաւորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման այն գործողութիւնները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգութեան վրայ…»։
Չնայած Արցախում իր վարած մշակութայի վանդալիզմի քաղաքականութեանը՝ Ադրբեջանը նորից ընտրւեց ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կոմիտէի անդամ՝ պարտաւորւելով պահպանել մշակութային յուշարձանները։
Ակնյայտ է, որ Արցախի հայկական կրօնական, պատմական ու մշակութային ժառանգութիւնը շարունակում է վտանգւած լինել։ Բաքուն չի հրաժարւել ու չի հրաժարւելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականութեան դիմագիծը փոխելու եւ ադրբեջանականացնելու գործընթացից։
Panorama.am