Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Լիբանանում, Թուրքիայի աջակցութեամբ, ցոյցեր են անցկացւել՝ լիբանանահայութեան դէմ: Ամէն ինչ սկսւել է, երբ ազգութեամբ թուրք, բայց լիբանանցի ներկայացած մի անձ Լիբանանում հայազգի յայտնի լրագրող Նշան Տէր-Յարութիւնեանի հասցէին վիրաւորական արտայայութիւններ է հնչեցրել, նրան գաղթական անւանել:

Ի պատասխան՝ լրագրողը նշել է, որ Էրդողանը, Թուրքիան եւ օսմանցիները նենգ են: Դրանից յետոյ մի խումբ անձինք հակահայ արշաւ են սկսել՝ արդարացնելով Հայոց ցեղասպանութիւնը, աջակցութիւն յայտնելով Թուրքիային:

Լիբանանում հայկական երեք կուսակցութիւնները, յատուկ նիստից յետոյ, համատեղ յայտարարութիւն են տարածել՝ պահանջելով պատասխանատւութեան ենթարկել սադրանք հրահրած անձին: Միեւնոյն ժամանակ, հայկական համայնքի անդամներին կոչ են արել չտրւել սադրանքներին:

Պատգամաւոր Յակոբ Բագրատունին էլ ստեղծւած դրութիւնը հեռախօսազրոյցի ժամանակ քննարկել է Լիբանանի ներքին գործերի նախարարի հետ: Վերջինը խոստացել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ ձերբակալել հակահայ արտայայտութիւններ հնչեցրած անձին: «Ազդակ» օրաթերթի փոխանցմամբ՝ ձեւաւորւում է նաեւ հայ եւ արաբ փաստաբանների խումբ, որը պէտք է հայց ներկայացնի դատարան: