Այսօր (մայիսի 6-ին) Լատւիայի խորհրդարանը յատուկ յայտարարութեամբ պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը, որին կողմ են արտայայտւել Սաէյմայի 100 անդամներից 58-ը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

ՀՀ դեսպանութիւնը ներկայացնում է յայտարարութեան հայերէն թարգմանութիւնը:

Յայտարարութիւն

Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում իրականացւած Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ

Լատւիայի Հանրապետութեան Սաէյման,

նշելով, որ կարեւոր է ոգեկոչել Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից կազմակերպւած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը, այն զանգւածային սպանդը եւ պարտադրւած տեղահանութիւնները, որոնք սկսւեցին 1915 թ․ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտաւորականների ու ականաւոր անհատների ձերբակալութիւններով,

հաշւի առնելով ՄԱԿ-ի «ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնւենցիան եւ Եւրոպական խորհրդարանի 1987 թ․ յունիսի 18-ի բանաձեւը, որը նշում է, որ այս դէպքերը համաձայն «ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնւենցիայի հանդիսանում են ցեղասպանութիւն,

ընդգծելով, որ Լատւիան դատապարտում է մարդկութեան դէմ գործած բոլոր յանցագործութիւնները եւ որ Լատւիան գիտակցում է այդ յանցագործութիւնները ճանաչելու եւ յիշելու իր պարտականութիւնը` դրանց կրկնութիւնը կանխարգելելու նպատակով,

ճանաչելով, որ Օսմանեան իշխանութիւնների գործողութիւնների հետեւանքով հայ ժողովուրդի մի ստւար քանակութիւն արտաքսւել է կայսրութեան այլ հատւածներ, որը բազմաթիւ զոհերի պատճառ է հանդիսացել` սովահարութեան, դաժանութիւնների եւ սպանդի գործադրմամբ,

դատապարտում է այն յանցանքները, սպանդը եւ բռնի տեղահանութիւնը, որոնք իրագործւել են Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,

յարգում է Հայոց ցեղասպանութեան բոլոր զոհերի յիշատակը եւ յարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկւածներին,

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց եւ ազատ քննարկումները անքակտելիօրէն կապւած են առողջ եւ հասուն ժողովրդավարութեան զարգացման հետ,

կոչ է անում միջազգային հանրութեանը գնահատական տալ այս պատմական իրադարձութիւններին եւ նայել դէպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել` առանց բռնութեան եւ անհանդուրժողականութեան, ապագայ, որտեղ մարդու իրաւունքները յարգւում են եւ իւրաքանչիւր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ եւ ապահով: