http://www.yerkir.am/news/view/205030.html

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքական Hürriyet թերթի լրագրող Նուրայ Բաբաջանը գրում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկի՝ «Հայոց ցեղասպանութեան պնդումներին հակադարձելու եւ ռազմավարութիւն մշակելու համար» կը ստեղծւի ինքնուրոյն եւ քաղաքացիական նոր կառոյց. յայտնում է Yerkir.am-ը։

Ինչպէս նախապէս հաղորդւել էր, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Բարձրագոյն խորհրդատւական նիստ, որի ընթացքում քննարկւել է Հայոց ցեղասպանութեան լոբբիի դէմ պայքարը։ Նիստից յետոյ Էրդողանը մի շարք յանձնարարականներ է տւել այդ թեմայով, որոնցից մէկն էլ «Հայոց ցեղասպանութեան պնդումների վերաբերեալ նոր ռազմավարութիւն մշակելն էր»։

Թուրքերին եւ Էրդողանին մասնաւորապէս անհանգստացրել էր աշխարհում ՀՅԴ Հայ Դատի յաջող աշխատանքը, որի արդիւնքը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւերի ընդունումը, ամերիկեան դատարաններում հայերի կողմից բացւած դատական գործերն են։

Նախագծի հեղինակը իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան հիմնադիրիներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ եւ Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։

Նիստի ընթացքում ընդգծւել է, որ Հայոց ցեղասպանութեան պնդումների դէմ ուղղակիօրէն պայքարող, փաստարկներ բերող եւ ռազմավարութիւն մշակող ոչ մի կառոյց չկայ։

Նշւել է, որ Հայկական լոբբին ցեղասպանութեան վերաբերեալ չի դիմել Արդարադատութեան միջազգային դատարան՝ դիմումների մերժման հաւանականութեան պատճառով, սակայն վերջին շրջանում այդ քաղաքականութիւնը փոխւել է։ Էրդողանն իր հաւանությունն է տւել այդ ծրագրին եւ հրամայել վայրկեան առաջ սկսել աշխատանքները։