Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Կենտրոնամերիկեան խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ միգրացիոն հարցերի յանձնաժողովի նախագահ Դանիէլ Օրտեգան յայտարարութիւն է տարածել Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առթիւ, ճանաչելով եւ դատապարտելով Օսմանեան Թուրքիայում հայերի դէմ իրականացւած ծանրագոյն ոճրագործութիւնը: Օրտեգայի յայտարարութեան տեքստը տարածել է Մեքսիկայում ՀՀ դեսպանութիւնը:

«105 տարի առաջ, այսօրւայ նման մի օր աշխարհը սարսափով տեղեկացաւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանեան Կայսրութեան կողմից մօտ 1,5 միլիոն հայերի կոտորածների մասին: Ռազմական պարտութիւնների հետեւանքով ցնցումներ ապրող կայսրութեան առաջնորդները միացան Գերմանիային՝ Անտանտի դաշինքին դիմակայելու համար այն ժամանակ, երբ կայսրութեան ռազմական ղեկավարութեան քարոզչութիւնը ներկայացնում էր կամ նպատակ էր հետապնդում ի ցոյց դնել հայերին, որպէս խառնակիչների կամ ռուսներին ծառայող հինգերորդ շարասեան: Արդիւնքում տասնեակ հազարաւոր հայեր սպանւեցին կամ քշւեցին Անատոլիայի շրջաններից Սիրիայի անապատներ, որտեղ սպանւեցին Օսմանեան կայսրութեան ժառանգորդ Թուրքիայի պատմութեան ամենաարիւնոտ էջերի ընթացքում, եւ ինչն առ այսօր վերջինս ժխտում է, հակառակ Միաւորւած Ազգերի 1948 թւականի Ցեղասպանութեան մասին Կոնւենցիայի երկրորդ յօդւածի դրոյթների»,- նշել է Օրտեգան:

Յանձնաժողովի նախագահը յայտնել է, որ միանում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած եւ դատապարտած պետութիւններին, կազմակերպութիւններին ու անհատներին:

«Որպէս Կենտրոնամերիկեան Խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների եւ միգրացիոն հարցերի յանձնաժողովի նախագահ, միանում եմ աւելի քան 30 պետութիւններին, միջազգային կազմակերպութիւններին, Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, գիտնականներին, մտաւորականներին, անհատներին, դատապարտելով Օսմանեան կայսրութեան կողմից հայերի դէմ ցեղասպանութեան ոճիրը եւ մերժելով այս յանցագործութեան եւ պատմական ճշմարտութեան խեղաթիւրմանն ուղղւած ժխտողականութեան ցանկացած փորձ»,- յայտնել է Դանիէլ Օրտեգան:

Կենտրոնամերիկեան խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ միգրացիոն հարցերի յանձնաժողովի նախագահ Դանիէլ Օրտեգան նշել է, որ Օսմանեան կայսրութեան անկումը Թուրքիայում մեծացրել է քրիստոնէական առաջադէմ եւ պահանջատիրական համայնքների դէմ պոպուլիստական արշաւը:

«Հայաստանն առաջին երկիրն էր, որ հռչակեց Քրիստոնէութիւնը, որպէս պետական կրօն, հռոմէական տիրապետութեան ժամանակներից ի վեր դիմակայելով իսլամի տարածմանն իրեն հարող տարածքներում, բացառութեամբ ուղղափառ Վրաստանի: Օսմանեան կայսրութեան անկումը, պայմանաւորւած ռազմական շարունակական պարտութիւններով, մեծացրեց քրիստոնէական առաջադէմ եւ պահանջատիրական համայնքների դէմ պոպուլիստական արշաւը: Թուրքական անարդար օրէնքների եւ բարձր հարկերի դէմ հայ ազգաբնակչութեան բողոքների եւ ապստամբութիւնների հետեւանքով թուրք մահմեդականների շրջանում հայերի հանդէպ անվստահութիւնը իդէալական իրավիճակ էր ստեղծել հայերին բնաջնջել ցանկացողների համար, որը եւ փորձ կատարւեց իրականացնել, բերելով վերը նշւած արդիւնքներին»,- նշել է Օրտեգան:

Կենտրոնամերիկեան խորհրդարանը ստեղծւել է 1991 թւականին, կենտրոնակայանը հանդիսանում է Գւատեմալայի մայրաքաղաք Գւատեմալան: Մաս է կազմում Կենտրոնամերիկեան պետութիւնների ինտեգրացիոն համակարգի: Միապալատ օրէնսդիր մարմինը բաղկացած է անդամ-պետութիւնների (Գւատեմալա, Սալւադոր, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա, Դոմինիկեան Հանրապետութիւն) 120 պատւիրակներից: Խորհրդարանում դիտորդի կարգավիճակ ունեն Մեքսիկան, Պուերտօ Ռիկոն, Մարոկկոն, Թայւանը եւ Վենեսուելան: