Աղբիւր՝ www.yerkir.am

Ապրիլի 23-ին՝ երեկոյեան 21:00-ին, 3 րոպէ կը ղօղանջեն եկեղեցիների զանգերն ու կը մարեն Երեւանի եւ մարզերի հրապարակների, փողոցների լոյսերը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարութեան ֆէյսբուքեան էջից։

«Նոյն ժամին յորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լոյսերը եւ պատուհանների մօտ միացնել հեռախօսի լոյսը՝ այդպէս միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպէ» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կը հնչի Ռ. Պատկանեանի «Արի իմ սոխակ» երգը, եւ բոլորի հայեացքը կուղղւի դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կը հեռարձակւի նաեւ ուղիղ եթերում։

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրութիւն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, եւ 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրութիւն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլւեն յուշահամալիրի սիւներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցութիւնը եւ յարգանքի տուրքը Սուրբ նահատակների յիշատակին։

Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողութիւնը կուղեկցւի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքեանի կենդանի կատարմամբ:

Յարգանքի տուրքը գեղարւեստական ծրագրով կը մեկնարկի նոյն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիւների եւ անհատ կատարողների մասնակցութեամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական եւ ժողովրդական ստեղծագործութիւններ, որոնք ուղիղ եթերով կը հեռարձակւեն մինչեւ լուսաբաց»,-նշւած է հաղորդագրութիւնում։