Աղբիւր՝ www.aravot.am
	 Ազգային պատկերասրահը կը գործակցի Իրանի խոշորագոյն թանգարաններից մէկի հետ։
Ազգային պատկերասրահը կը գործակցի Իրանի խոշորագոյն թանգարաններից մէկի հետ։
Հայաստանի ազգային պատկերասրահում պատկերասրահի եւ Թեհրանի ժամանակակից արուեստների թանգարանի միջեւ ստորագրուեց յուշագիր, որը ենթադրում է առաջիկայում հայ եւ իրանցի նկարիչների աշխատանքների ցուցադրութիւնների կազմակերպում:
«Սա մեզ համար կարեւոր փաստաթուղթ է, որը սկիզբն է Իրանի խոշորագոյն թանգարաններից մէկի հետ աշխատանքի: Թանգարանը բաւականին լուրջ հաւաքածու ունի` իրանական արուեստից մինչեւ Եւրոպայի լաւագոյն նկարիչների աշխատանքներ»,-ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն Արման Ծատուրեանը:
Թեհրանի ժամանակակից արուեստների թանգարանի տնօրէն Մաջիդ Մօլլայ Նորուզին էլ նկատեց, որ պատկերասրահի հետ գործակցութիւնն ինչ-որ տեղ ուշացած է. «Հայերը եւ իրանցիները պէտք է ծանօթանան իրենց մշակոյթի գլուխգործոցներին: Յուսով եմ, որ առաջիկայում հայ նկարիչների գործերը կը ցուցադրուեն Իրանում»:
Նշենք, որ վաղը Ազգային պատկերասրահում կը բացուի «Իրանական արուեստ» խորագրով ցուցահանդէսը, որի շրջանակում կը ներկայացուեն Իրանի ժամանակակից նկարիչների աշխատանքները:
«Ազգային պատկերասրահը աշխարհի լաւագոյն պատկերասրահներից է, եւ ուրախ ենք այստեղ ներկայացնել իրանցի մանրանկարիչների ստեղծագործութիւնները: Արուեստը եւ մշակոյթը իւրաքանչիւր ժողովրդի հայելին են, եւ այցելուները հետաքրքիր նմուշներ կը տեսնեն: Մենք հպարտանում ենք դրանցով: Իրանական մանրանկարչութիւնը բաւականին մեծ համբաւ է վայելում: Դրա միջոցով հնարաւոր է ծանօթանալ իրանական մշակոյթի, գրականութեան հետ: Ի դէպ, մեր մանրանկարչութիւնից անբաժան են հաւքը եւ վարդը` որպէս երկնքի եւ երկրի միջեւ ներդաշնակութեան խորհրդանիշ: Իսկ գոյները խաղաղ են եւ յուշում են խաղաղութեան կարեւորութեան մասին»,-նշեց Մաջիդ Մօլլայ Նորուզին:
Նրա ղեկավարած թանգարանն առաջիկայում ցուցադրութիւններ կը կազմակերպի Բեռլինում եւ Հռոմում:
Արման Ծատուրեանը նաեւ տեղեկացրեց, որ իրանցի գործընկերներից մէկն իրեն հարցրել է` ինչպէս ծանօթանալ ժամանակակից հայ նկարիչներին եւ նրանց աշխատանքներին. «Այդ նպատակով Մշակոյթի նախարարութեան հետ նախատեսում են տեղեկատուական կայք ստեղծել, որը կը ներկայացնի հայ ժամանակակից նկարիչներին»:
 
							