Սեպտեմբերի 13-ի ժամը 08:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխութիւններ չի կրել: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղութիւններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ` թիրախաւորելով թէ՛ ռազմական, եւ թէ՛ քաղաքացիական ենթակառուցւածքները:

Սահմանի որոշ հատւածներում դիրքային մարտերը նոյնպէս շարունակւում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Ադրբեջանի կողմից իրականացւած լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրադրութիւնը ներկայացւել է Հայաստանի Հանրապետութիւնում հաւատարմագրւած դեսպանութիւնների ռազմական կցորդներին եւ նշւել, որ տեղի ունեցածի եւ դրա յետագայ զարգացումների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

Պաշտպանութեան նախարարութիւնը կը շարունակի պարբերաբար հանդէս գալ իրադրութեան վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութիւններով:

ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից նախապէս տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի եւ Ջերմուկի ուղղութեամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիւ կրակ վարել հայկական դիրքերի ուղղութեամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: