Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին պատկանող ֆուտբոլի դաշտը (Նոր Ջուղայի «Ղարագել» փողոց) պաշտօնական հանդիսութեամբ վերաբացւեց երեքշաբթի՝ յուլիսի 12-ի երեկոյեան:

Կանաչապատ այս տարածքը, որը երկար տարիներ որպէս մարզադաշտ ծառայել է Նոր Ջուղայի ֆուտբոլիստներին՝ ի մասնաւորի պատանեկան խմբերին, վերջին տաս տարիների ընթացքում, ազգային մարմինների վերահսկողութիւնից դուրս մնալով, ոչ միայն վերածւել էր անապատի, այլ նաեւ խարխրւել էին յարակից շինութիւնները:  

Թեմական խորհուրդը 2022 թւականի յունւարին, նշւած կալւածն յետ ստանալուն պէս, կեանքի կոչեց յանձնախումբ՝ տարածքը վերականգնելու եւ յարակից բաժիններում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Արդիւնքում ամբողջութեամբ վերականգնւել է կանաչապատ տարածքը, յարակից շինութեանը աւելացել են՝ գրասենեակ, պահեստ եւ երկու սանհանգոյցներ, բարեկարգւել եւ համալրւել են լուսարձակները, վերանորոգւել է նախկին շինութիւնը, իսկ ֆուտբոլի դաշտին կից առաջացել է թեթեւատլետի հրումների վայր:

Վերաբացման հանդիսութեան շրջանակում նախ մարզադաշտի մուտքի մօտ աղօթք հնչեց՝ արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով, ժապաւէնը հատւեց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի ու Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ձեռամբ, ապա Վերանորոգման յանձնախմբի անդամների ուղեկցութեամբ ներկաները մօտիկից ծանօթացան կատարւած աշխատանքներին:

Այնուհետեւ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը, մարզիկների շքերթն իրականացւեց Նոր Ջուղայի համայնքի ֆուտբոլի եւ թեթեւատլետի հրումների բաժնի խմբերի միջոցով եւ ցուցադրւեց տեսանիւթ, որտեղ արտացոլւած էր կատարւած շինարարական աշխատանքների ընթացքը:

Շարունակութեան մէջ Թեմական խորհրդի անունից հանդէս եկաւ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը. նա նշելով, որ համայնքը կարօտով էր սպասում այս մարզադաշտի վերաբացմանը, շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն անձանց, ովքեր օժանդակելով Թեմական խորհրդին, ջանք չխնայեցին այս տարածքը վերակենդանացնելու ուղղութեամբ: Պրն. Տէր-Մարտիրոսեանն անդրադառնալով իրականացւած աշխատանքներին, բարձր գնահատեց Վերանորոգման յանձնախմբի գործունէութիւնն այս վայրում: Նա նաեւ շնորհակալութիւն յայտնելով վերաբացման հանդիսութեան կազմակերպիչներին՝ այդ թւում նաեւ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» եւ Փերիոյ Կրթասիրաց միութիւններին՝ երեկոյի կազմակերպման գործում ցուցաբերած համագործակցութեան համար, կոչ արեց ժողովրդին իրենց նւիրատւութիւններով օժանդակ հանդիսանան համայնքի ֆուտբոլի խմբերին:

Վերջում գնահատագրեր շնորհւեցին Վերանորոգման յանձնախմբի անդամներ՝ Յովիկ Աւետեանին, Էդմոնդ Բաղդասարին եւ Յովիկ Ղազարեանին, իսկ խորհրդանշական ֆուտբոլի մրցոյթ տեղի ունեցաւ «Արարատ» միութեան երիտասարդական խմբի անդամների մասնակցութեամբ:

Յատկանշական է, որ ընթացքում նաեւ իրագործւեցին գեղարւեստական կատարումներ. Լիանա Ղազարեանը մենակատարեց հայ մարզիկին ձօնւած երգը, իսկ Փերիոյ Կրթասիրաց միութեան «Նայիրի» պարախմբի անդամներ՝ Ալինէ Յարութիւնեանն ու Սիւնէ Ուղուրեանը հանդէս եկան սպորտային պարով:

Երեկոն հանդիսավարեց Դւին Յովհաննիսեանը:

Միջոցառմանը ներկայ էին՝ քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)