Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի վեցերորդ դասարանի աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչների, սաների հարազատների եւ մի շարք այլ հրաւիրեալների:

Ծրագրի բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկան վեցերորդ դասարանի աշակերտներ Նելլի Ղազարեանն ու Քաջազնունի Սարեանը, ապա «Արմէն» դպրոցի տնօրէնութեան անունից ելոյթ ծաւալեց Գեղարդ Մանսուրեանը:

Ահա մի հատւածի մէջբերում տնօրէնի խօսքից:

«Հայ դպրոցի կարեւորագոյն առաքելութիւններից է՝ աշակերտների մէջ առաւել զարգացնել սէրն ու յանձնառութիւնը մայրենի լեզւի, պատմութեան, կրօնի եւ ընդհանրապէս գիտութեան հանդէպ: Բարձր գիտութեամբ իր ազգային արժէքներով զինւած ու պատրաստւած աշակերտը կարող է տէր եւ պաշտպան կանգնել ազգին ու հայրենիքին: Սփիւռքեան իրականութեան մէջ ազգային մարմինները, միութիւններն ու յատկապէս ընտանիքները ի գին ամէն զոհողութեան ու դժւարութիւնների, աշխատում են պահել ու պահպանել այս աշխատանքային ուղեգիծը»:

Այնուհետեւ վեցերորդ դասարանի սաների միջոցով իրականացւեց գեղարւեստական բաժինը: Սկզբում բեմականացւեց մի արար, որտեղ աշակերտները գեղեցկօրէն ներկայացրին համաճարակի ժամանակաշրջանում կայացած մի դասապահ՝ իր ամբողջ խնդիրներով եւ յատկապէս աշակերտական չարաճճիութիւններով ու զաւեշտալի դէպքերով: Թատրոնի դերասաններն էին՝ Ալին Վարդումեանը, Քրիստ Թորոսեանը, Էդգար Մկրտչեանը, Անիա Աղախանեանը, Լուսիա Մինասեանը, Գեւիկ Յովսէփեանը, Էրւին Աղազարեանը, Արամէ Խաչատրեանը, Էդրիկ Պարսամեանը, Թէոդիկ Ծատուրեանը, Մարալ Մարկոսեանը, Թինա Մինասքանեանը, Լէոնիդ Թահմազեանը, Անի Շահիջանեանը եւ Դուրան Սարեանը. թատրոնի ընթացքում դաշնամուրի եւ կիթառի նւագակցութեամբ հերթաբար հանդէս եկան Արամէ Ղարիբեանն ու Էդրիկ Մանսուրեանը:

Ներկայացմանը յաջորդեց երաժշտութեան բաժինը, ուր Սինթիա Պօղոսեանը, Լիւսի Նիկոլեանն ու Նարեկ Ղարիբեանը մենակատարեցին դաշնամուրով, իսկ Էդրին Թորոսեանը՝ կիթառով: Էրւին Բաղրամեանը ասմունքեց «Արմէն» դպրոցին ձօնւած իր հեղինակած բանաստեղծութիւնը:

Աշակերտական կատարումներն ընդմիջւեց տարրական դպրոցն աւարտող սաների անցնող վեց ուսումնական տարիների լուսանկարներից ու ֆիլմերից կազմւած տեսանիւթի սփռմամբ, ապա ելոյթով հանդէս եկաւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա անդրադառնալով այն փաստին, որ հեռակայ դասընթացներ իրականացնելու ժամանակաշրջանում աւելի բարդ է եղել հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների աշխատանքը, քանի որ պարսկերէնի պարագային բազմազան նիւթեր է ստեղծւել նախարարութեան կողմից, իսկ հայ ուսուցիչները ստիպւած են եղել աշխատել եւ ստեծագործել ինքնուրոյն կերպով, արժեւորեց բոլոր ուսուցիչների գեր-մարդկային աշխատանքը՝ ի մասնաւորի հայ ուսուցիչներինը: Նա իր խօսքի աւարտին յատուկ գնահատանքի խօսք ուղղեց վերջին ժամանակներում հանգստի կոչւած ուսուցիչներին՝ յատկապէս «Արմէն» տարրական դպրոցի տարիների տնօրէն Վրէժ Շիրւանեանին, ով հանգսի է կոչւել նախորդ ուսումնական տարեշրջանին:

Գեղարւեստական եզրափակիչ բաժնում հնչեցին երեք երգեր՝ խմբի կատարմամբ, իսկ ընթացքում զուգերգով հանդէս եկան Սիսիան Ծառուկեանն ու Փաոլինա Այւազեանը եւ մայրենի լեզւին հաւատարիմ մնալու խոստումն արտասանեցին՝ Նինելիա Իսաղուլեանն ու Արամէ Դադանեանը:

Այնուհետեւ ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Պատգամաւորական ժողովի եւ Կրթական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի եւ Վարուժ Մովսիսեանի, «Արմէն» դպրոցի տնօրէններ՝ Արսինէ Դաւթեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, ինչպէս նաեւ պատկան ուսուցիչների վեցերորդ դասարանի աշակերտութեանը յանձնւեց իրենց վկայագրերն ու գնահատագրերը, իսկ գնահատւեցին գիտական եւ մշակութային զանազան փառատօններում յաջողութիւն արձանագրած դպրոցի սաները:

Վերջում գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա նշելով, որ համաճարակից ստեղծւած պայմաններում, շուրջ 2.5 տարի, դպրոցների ուսուցիչները, տնօրէնութիւնները, ծնողներն ու ազգային իշխանութիւնը կողք-կողքի՝ ասպետի նման պայքարեցին անկրթութեան, անգրագիտութեան եւ անյուսութեան դէմ եւ քիչ առաջ իրականացւած աշակերտական ելոյթները արտացոլումն էր այդ յաղթական պայքարի, գնահատանքի խօսք ուղղեց դպրոցի անձնակազմին, ազգային իշխանութեանն ու ծնողներին՝ իրենց գործունէութեան համար: Սրբազան Հայրը շնորհաւորանքի խօսք ուղղելով տարրական դպրոցն աւարտած պատանիներին՝ գնահատանքի խօսք ասաց նաեւ դպրոցի նախկին տնօրէն Վրէժ Շիրւանեանին՝ երկար տարիների սրտցաւ աշխատանքի համար:

Հանդիսութիւնն աւարտւեց վեցերորդ դասարանցիների աւարտական գլխարկների վեր նետումով:

Ստորեւ ներկայացնում ենք Սպահանի Կրթա-դաստիարակութեան 3-րդ շրջանի հիմնարկի կողմից զանազան փառատօններում եւ մրցոյթներում յաջողութիւն արձանագրած «Արմէն» տարրական դպրոցի աշակերտներին.

- «Ջաբեր էբնէ Հայեան» փառատօն

Գնահատւել են՝ Էմիլի Մկրտչեանը, Մանէ Բարսեղեանը, Էլադա Մելիքեանը, Արէն Բաբումեանը, Քեւին Թորոսեանը եւ Դանիէլ Հայրապետեանը:

-Գեղագրութիւն

                   Լիւսի Նիկոլեան՝                  առաջին

                   Էդրին Թորոսեան՝               առաջին

-Իւղաներկ

                   Անի Շահջահանեան՝         3-րդ

                   Քրիստ Թորոսեան ՝             3-րդ

-Գովաշ

                   Դուրան Սարեան ՝               3-րդ

                   Թինա Մինասքանեան՝      գնահատւել է

-Գոյնի մատիտ

                   Էրւին Բաղրամեան՝            առաջին        

                   Էլադա Մելիքեան՝               3-րդ

-Ջրաներկ

                   Մանէ Բարսեղեան՝             2-րդ    

                   Ռոմիկ Դաւթեան՝                3-րդ

-Պաստել

                   Նինելիա Իսաղուլեան՝      2-րդ

                   Էրիկ Յովսէփեան՝              3-րդ

-Լուսանկարչութիւն

                  Փաոլինա Այւազեան՝          2-րդ

                  Թէոդիկ Ծատուրեան ՝        2-րդ

-Ածխով գծանկար

                  Արիէլ Բաբումեան               2-րդ

-Թանաքով գեղանկար

                  Էդրիկ Մանսուրեան           առաջին

                  Նելլի Շահմիրզայեան       առաջին

-Մատիտով գծանկար

                   Լէոնիդ Թահմազեան        2-րդ

-Նկարչութեան մրցոյթ՝ (اگر واکسن کرونا کشف نمیشد) խորագրով

                   Անժելինա Թորոսեանը արժանացել է գնահատանքի:

 

Թղթակից (Նոր Ջուղա)