Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ներկայութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, կազմի անդամների եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետի, երեքշաբթի՝ յունիսի 7-ին, տեղի ունեցաւ գնահատանքի հանդիպում, որին հրաւիրւած էր 2022 թւականին Իրանի բասկետբոլի կանանց ազգային հաւաքականի անդամ ընտրւած Անայիս Խուդավերդեանը:

Նախ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը կազմի անունից շնորհաւորեց Անայիսին՝ իր յաջողութեան համար, ընդգծելով այս ձեռքբերման կարեւորութիւնը թէ՛ Անայիսի եւ թէ՛ Նոր Ջուղայի հայ համայնքի համար:

Այնուհետեւ արտայայտւեց Սրբազան Հայրը, ով եւս շնորհաւորելով Անայիսի յաջողութիւնը, անդրադարձաւ նրա հետեւողականութեանը եւ ջանադիր աշխատանքին՝ իր երազանքը իրացնելու եւ այս մարզական յաջողութիւնը նւաճելու համար: Թեմակալ Առաջնորդը նշեց, որ սա այն բացառիկ առիթներից է, որով կարող է պարծենալ ոչ միայն Նոր Ջուղան, այլ նաեւ ամբողջ իրանահայութիւնը եւ սփիւռքի ու հայրենիքի ժողովուրդը:

Շարունակութեան մէջ արտայայտւեց Անայիսը: Նա շնորհակալութիւն յայտնելով Թեմական խորհրդին այս հանդիպման համար, ասաց. «Ինձ համար մեծ պատիւ է ընտրւել երկրի ազգային հաւաքականի անդամ: Այս յաջողութեանը հասել եմ բազմաթիւ դժւարութիւններով եւ երկարատեւ աշխատանքի արդիւնքում, որի համար երախտապարտ եմ իմ ծնողներին՝ նրանց անվերապահ աջակցութեան համար եւ յատկապէս տատիկիս, որը միշտ խրախուսել է ինձ եւ իմ կողքին է եղել բոլոր լաւ ու վատ պահերին»:

Հանդիպման ընթացքում զրոյց ծաւալւեց ազգային իշխանութեան կողմից հայ մարզիկներին տրամադրւող հնարաւորութիւնների եւ այդ ուղղութեամբ նրանց ակնկալիքների մասին: Այս կապակցութեամբ Անայիս Խուդավերդեանը նշեց, թէ Իրանի կանանց բասկետբոլի տարբեր լիգաներում կան մեծ թւով հայեր, որոնց իմի բերելով կարելի է ստեղծել հայկական սուպերլիգա, որը սակայն պահանջում է մեծ նիւթական ներդրում:

«Եթէ ազգային իշխանութիւնը հովանաւորի այս գործը եւ իրականութիւն դառնայ այս ցանկութիւնը, այն մեծ նւաճում է լինելու Իրանում՝ հայկական սպորտի բնագաւառում», յաւելեց նա:

Հանդիպման աւարտին ձեռամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանի, ի խրախուսանք Անայիս Խուդավերդեանի ձեռք բերած յաջողութեան, նրան յանձնւեց գնահատագիր եւ նիւթական պարգեւ:

Ստորեւ ներկայացնում ենք Անայիս Խուդավերդեանի կենսագրականը:

Անայիս Խուդավերդեանը ծնւել է 1998 թւականին, Նոր Ջուղայում: 12 տարեկանից մասնակցել է Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի խմբի մարզումներին եւ միեւնոյն ժամանակ անդամակցելով Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական դպրոցի բասկետբոլի խմբին, մասնակցել է միջ-դպրոցական մրցաշարերին:

Նա «Արարատ» միութեան բասկետբոլի խմբի հետ արձանագրել է մի շարք  յաջողութիւններ, որոնց շարքում կարելի է թւարկել Բ եւ Ա լիգայի առաջնութիւններում հերթաբար առաջին եւ երկրորդ տեղերին արժանանալը: Այնուհետեւ նոյն խմբի հետ մասնակցել է Բ սուպերլիգայի խաղերին, որտեղ «Արարատ»-ի խումբը գրաւել է չորրորդ տեղը: Սուպերլիգայի Ա եւ Բ կարգերի միատեղումից յետոյ, քանի որ այդ ժամանակաշրջանում «Արարատ» միութիւնը բասկետբոլի խումբ չի ունեցել, Անայիսն ընդգրկւել է Սպահանի «Նամինօ» խմբում: «Նամինօ»-ին միանալու առաջին տարւայ աւարտին խումբը յաջողում է գրաւել սուպերլիգայի երկրորդ տեղը, իսկ Անայիսը արժանանում է «Մրցաշրջանի յայտնութիւն» տիտղոսին:

Յաջորդ տարիներին անդամակցելով «Նամինօ», «Փալայէշէ նաֆթէ Աբադան» եւ «Շիմիդոռէ Ղոմ» խմբերին՝ սուպերլիգայում հերթաբար գրաւել է երրորդ, չորրորդ եւ առաջին տեղերը:

Անայիս Խուդավերդեանը երիտասարդական մակարդակում խաղալու պահից սկսած մասնակցել է երկրի կանանց երիտասարդական, մեծահասակների եւ երեք հոգանոց հաւաքականների ճամբարներին:  

Դրանով հանդերձ, որ մեծահասակների ազգային հաւաքականի կազմի անդամ ընտրւելն այնքան էլ դիւրին չէ, սակայն տաղանդաւոր երիտասարդուհին յաջողել է յաղթահարելով առկայ դժւարութիւնները, այս տարի ընդգրկւել այդ կազմում եւ մասնակցել Օմանում կայացած Արեւմտեան Ասիայի առաջնութեանը: Անայիսը «Շիմիդոռէ Ղոմ»-ի հետ մասնակցել է Արեւմտեան Ասիայի ակումբային գաւաթի, իսկ երկրի հաւաքականի հետ դարձեալ մասնակցելու է Արեւմտեան Ասիայի առաջնութեանը:

 

Հանրային կապ

Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի