Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի տօնը՝ Ծաղկազարդը, կիրակի՝ 10 ապրիլ 2022 թւականի առաւօտեան նշւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Ստեփանոս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նախագահեց «Սրբոց Վարդանանց» եկեղեցու Սուրբ եւ Անմահ Պատարագին:  «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտութիւնը՝ պատասխանատուների ուղեկցութեամբ:

Սրբազան Հայրը հաւատացեալներին փոխանցեց իր քարոզը, որտեղ պատմելով Ծաղկազարդի տօնի վերաբերեալ «Մատթէոս» Աւետարանից, նշեց. «...Թէ երբ Յիսուս Երուսաղէմ էր գնում, ճանապարհին երկու կոյրեր էին նստած, որոնք ժողովրդից հարցրեցին, թէ ովքեր են այս մարդիկ եւ ինչու այսօր այս ճանապարհը այսքան բազմամարդ է, եւ ժողովուրդը պատասխանեց, թէ մարդիկ Յիսուսի հետ թափօր կազմած գնում են դէպի Երուսաղէմ: Այդ երկու կոյրերը սկսեցին աղաղակել եւ ասել «Ողորմի՛ր մեզ Յիսուս՝ Դաւթի որդի»: Ժողովուրդը փորձեց լռեցնել նրանց, սակայն ապարդիւն: Ապա Յիսուսը մօտեցաւ եւ կոյրերին հարցրեց ի՞նչ կուզէք, որ անեմ Ձեզ համար: Եւ նրանք պատասխանեցին, որ մեր աչքերը բացիր: Յիսուսը դիպաւ նրանց աչքերին եւ կոյրերը իսկոյն տեսան ու գնացին Յիսուսի յետեւից: Այդ կոյրերը յուսահատւած ու յուսալքւած նստել էին ճանապարհի եզրին, բայց յանկարծ Աստծոյ ողորմութիւնը ծագեց նրանց վրայ: Այս դէպքը վերաբերում է նաեւ մեր կեանքին: Այդ երկու կոյրերը երկու խաւի խորհրդանիշն են՝ թէ՛ հեթանոսների եւ թէ՛ հաւատացեալների: Երկու խաւի մարդիկ էլ նստել են կեանքի այն ճանապարհին, որը հասնում է կեանքի իսկական Երուսաղէմ՝ երկնային արքայութեան: Նրանք նստել էին ճանապարհին հանգստանալու, իսկ մենք եկել ենք Աստծու տունը՝ եկեղեցի, կեանքի առօրեայ յոգնածութիւնից հանգիստ գտնելու նպատակով: Այսօր եթէ մենք եւս կոյրերի նման կորցրել ենք մեր հոգու եւ սրտի աչքերը, լոկ մեր ականջը աշխատելով լսենք Աստծոյ խօսքը եւ Յիսուսի պատգամները եւ նրանք մեզ գիտակցութեան հրաւիրեն, որպէսզի մեր մէջ եւս արթնանայ հաւատքը եւ կոյրերի նման մենք եւս աղաղակենք՝ ողորմիր մեզ Յիսուս՝ Դաւթի որդի: Ծաղկազարդը լաւ առիթ է, որպէսզի եթէ մենք կորցրել ենք մեր սրտի ու հոգու տեսողութիւնը, Աւետարանից եւ Յիսուսի խօսքերից կարողանանք տեսնել, անդրադառնալ, զգաստանալ եւ գիտակցութեան հրաւիրւել, որպէսզի հոգին զարթնի եւ հաւատքը ամրապնդւի»:

Սուրբ Պատարագի աւարտին օրհնւեցին եւ ժողովրդին բաժանւեցին ձիթենու ճիւղերը:

Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Նարեկ» երգչախումբը:

Նոյն օրը երեկոյեան Դռնբացէքի արարողութիւնը մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Սարգիս», «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու կարգը տեղի ունեցաւ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի երգեցողութեամբ:

Աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, Սրբազան Հօր միջոցով փակ վարագոյրի առջեւ իրականացւեց երկնային արքայութեան դռների փակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ Պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը:

Աւարտին Սրբազան հայրը անդրադառնալով օրւայ խորհրդին, նշեց. «Թատերականացւած այս եկեղեցական արարողութիւնը մեզ յուշում եւ զգաստացնում է, թէ մեր ապրած կեանքը վերջնական չէ եւ ունենք հանդերձեալ կեանք, որը սպասում է մեզանից իւրաքանչիւրին եւ պիտի ներկայանաք Աստծոյ դատաստանի առջեւ: Այս արարողութիւնը մեզ յանձնարարում է, թէ ինչպիսի կեանք պիտի ապրենք զգաստանալով, որովհետեւ բոլորս անպայմանօրէն պիտի հասնենք Աստծոյ դատաստանի առջեւ՝ հայցելով նրա ողորմութիւնը, ներողամտութիւնը եւ գթութիւնը եւ մուտք գործենք դէպի երկնքի արքայութիւնը»:

Թղթակից (Նոր Ջուղա)