Նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան, կիրակի` դեկտեմբերի 19-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց «Դիմադրութեան շարժում» խորագրով երիտասարդական հանդիպում, ուր զեկոյցներով հանդէս եկան Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անդամ Արիս Դաւթեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը:

Արիս Դաւթեանը բացատրութեամբ հանդէս եկաւ «Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերջին զարգացումները եւ սահմանային իրավիճակը» թեմայի շուրջ: Նա սկզբում նշեց, որ Արցախեան 44-օրեայ պատերազմում հայկական կողմը պարտւեց՝  իր թոյլ ղեկավարութեան, ինչպէս նաեւ թոյլ հնարաւորութիւնների պատճառներով:

Բանախօսն իր խօսքում անդրադառնալով այն իրողութեանը, որ ներկայ դրութեամբ Ադրբեջանն իր վերահսկողութիւնն ունի Գորիս-Կապան մայրուղու վրայ, շեշտեց, թէ դա իր բացասական ազդեցութիւնն է ունեցել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ոչ միայն կորցրել է իր տարածքի մի հատւածը եւ ձեռքից տւել է իր տրանսպորտային կարեւոր ճանապարհի վրայ լիարժէք վերահսկումը, այլեւ կրճատւել են երկրի տրանզիտային եկամուտները, նկատի առնելով, որ անցնող մէկ տարւայ տւեալների համաձայն 90 տոկոսով պակսել են Իրանի կողմից  տրանսպորտային երթեւեկութիւնները այդ ուղղութիւնով եւ փոխարէնը 50 տոկոսով աճել է  Իրան-Ռուսաստան կապը Ադրբեջանի տարածքով:

Շարունակութեան մէջ նա նշելով այն փաստը, թէ համաձայնութիւններ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները սահմանազատման յանձնաժողովի միջոցով ճշտելու կապակցութեամբ, շեշտեց որ այդ համաձայնութեան մէջ որեւէ խօսք չի եղել Արցախի սահմանների կամ կարգավիճակի մասին: Այնուհետեւ նա քարտէզների միջոցով մի շարք տեղեկութիւններ հաղորդեց 44-օրեայ պատերազմի հետեւանքով, ինչպէս նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնագրի պատճառով կորցրած տարածքների մասին, շեշտելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով կորցրած տարածքները աւելին են քան 44-օրեայ պատերազմի ընթացքում ձեռքից տւածը:

Խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով նաեւ Ադրբեջանին քորիդորային ճանապարհ տրամադրելու խնդրին եւ հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւման նախագծին, զանազան դիտանկիւններից վերլուծեց այդ երկու երեւոյթների խորքում հիմք դրւած հայակործան եւ Հայաստանակործան պարագաները, որոնք են՝ տարածքների կորուստը, Հայ Դատի մոռացութեան ենթարկւելը, մեծ թուրանի ծրագրի իրականացմանը նպաստելը եւ այլն:

Աւարտին պրն. Դաւթեանը տեղեկացնելով, որ շուրջ 20 օրեր առաջ եղել է Արցախում եւ մօտիկից ականատեսը եղել, թէ ինչպէս արցախցի մեր հայրենակիցները վերադառնալով  իրենց հայրենի օջախ, փորձում են վերակառուցել եւ շէնացնել իենց հարազատ բնակավայրը, ասաց. «Երբ արցախցին յոյս ունի եւ կառչած մնալով իր հայրենի հողին ու օջախին, փորձում է շէնացնել իր երկիրը, մենք յուսահատւելու իրաւունք չունենք եւ պէտք է մեր բոլոր ուժերով սատար հանդիսանանք նրանց»: 

Յաջորդիւ երեկոյի երկրորդ զեկուցաբեր Արշակ Մեսրոպեանը հեռակայ կապով միացաւ ներկաներին եւ անդրադառնալով «Դիմադրութեան շարժում»-ի հինգ ճակատներին, այսպէս բացատրեց. «Առաջին՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դէմն առնել, քանի որ դրա նպատակը հայկական շրջանների հայաթափումն ու փանթուրքական ծրագրի քայլ առ քայլ գործադրումն է: Երկրորդ՝ պայքարել Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան վարած քաղաքականութեան դէմ յատկապէս, որ ՀՀ իշխանութիւնը չի պաշտպանում երկրի ազգային-պետական շահերը: Երրորդ՝ գերպետութիւններին փոխանցել մեր պատգամը, առ այն, որ դուք չէք կարող տարածաշրջանում ձեր շահերն իրականացնել հայ ժողովրդի եւ Հայաստանի ընդհանրական շահերի հաշւին: Չորրորդ՝ կանխել Արցախի եւ Սիւնիքի հայաթափման ընթացքը, համապատասխան հնարաւորութիւններ ստեղծելով նշւած շրջանները զարգացնելու եւ շէնացնելու համար: Հինգերորդ՝ առաջացնել ներազգային համախմբում, որը յոյժ կարեւոր է ազգային շահերը միասնական ուժերով առաջ տանելու համար»:

Նա իր խօսքի երկրորդ բաժնում ներկայացրեց Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնած աշխատանքները՝ սկսած 44-օրեայ պատերազմից մինչեւ յետ պատերազմեան ժամանակաշրջանը՝ արցախահայութեանը սատարելու եւ վերաշինութեան ուղղութեամբ իրականացւած աշխատանքներ, Դիմադրութիւն շարժման շրջագծում վարած գործունէութիւն, երիտասարդներին առնչւող, ինչպէս նաեւ պատանիների համար իրականացւած դաստիարակչական ծրագրեր: Նա յատկապէս ընդգծեց, որ բազմաթիւ սփիւռքահայ երիտասարդներ այցելել են Արցախ եւ Սիւնիքի մարզ՝ մարդասիրական գործողութիւնների ներքոյ իրենց մասնագիտութիւնը ծառայեցնելու հայրենակիցներին սատարելու ճանապարհին:

Պրն. Մեսրոպեանն իր խօսքի աւարտին շեշտեց. «Հայրենիքի համար այս ամենաօրհասական պահին որպէս երիտասարդներ իրաւունք չունենք յուսահատւելու եւ պէտք է ամէն ջանք ի գործ դնենք հայրենիքի շահերն պաշտպանելու համար»:

Երեկոն վարեց Մեղրի Ղուկասեանը:  

Թղթակից (Նոր Ջուղա)