Սպահանի հայոց թեմի նորանշանակ Կրթական խորհրդի անդամները՝ Թարգմանչաց եւ Հայ Ուսուցչի տօների առիթներով շնորհաւորանքի խօսքեր փոխանցելու, ինչպէս նաեւ դպրոցների աշխատանքների ընթացքին եւ առկայ խնդիրներին առաւել ծանօթանալու նպատակով, առանձնաբար այցելել են Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներ, կիրակի՝ 2021 թւականի հոկտեմբերի 10-ին։

Տօնի առիթով Կրթական խորհրդի կողմից շնորհաւորանքի բացիկներ եւ ծաղիկներ են նւիրւել բոլոր հայ ուսուցիչներին։

Հարկ է նշել, որ շաբաթ՝ սեպտեմբերի 25-ի առաւօտեան, Ն. Ջ. հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրէնների նախաձեռնութեամբ, կրթահամալիրի կենտրոնական սրահում, կազմակերպւել էր մեծարման միջոցառում, որտեղ գնահատւեցին եւ մեծարւեցին նախորդ ուսումնական տարեշրջանի աւարտին հանգստի կոչւած վաստակաւոր երեք հայ ուսուցիչներ՝ Անահիտ Թահմազեանը, Ժանետ Բաղումեանը եւ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը։ Ընթացքում երախտագիտութեան խօսքերով ու բարի մաղթանքներով հանդէս եկան «Արմէն» դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանը եւ «Քանանեան-Կատարինեան»-ի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը։

Աւարտին ծաղիկներ եւ գնահատագրեր շնորհւեցին բազմավաստակ կրթական մշակներին, իսկ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնութեան կողմից պատւոգիր յանձնւեց նոյն դպրոցի ուսուցչուհի եւ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի երիտասարդ ղեկավար Կարին Տէր-Մարտիրոսեանին՝ Իրանի մակարդակում կայացած «Գարնան ոտնաձայն» խորագրով հաղորդավարութեան մրցոյթի յաղթողը ճանաչւելու եւ առաջին կարգի մրացանակին արժանանալու համար։

Այս միջոցառմանը ներկայ են եղել նաեւ վերոնշեալ դպրոցների հայ անձնակազմերն ու ծնողական խորհուրդների անդամները։

 

Նիւթը կազմեց Նոր Ջուղայի թղթակիցը՝ դպրոցների գրասենեակներից ստացւած տեղեկութիւնների համաձայն։

Լուսանկարները ստացւել են դպրոցների գրասենեակներից։