Կիրակի՝ 2021 թւականի հոկտեմբերի 3-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, կիրակնօրեայ  Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի:  Արարողութեանը յաջորդեց հոգեհանգստեան կարգը՝ ի յիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների եւ զոհերի:

Ընթացքում հաւատացեալներին իր յաւուր պատշաճի քարոզը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, նշելով, թէ՝ կրօնը, ազգն ու հայրենիքը երեք գերագոյն սրբութիւններ են հայ ժողովրդի համար, դժգոհութիւն յայտնեց, որ համայն աշխարհում եւ ի մասնաւորի մեր հայրենիքում ծրագրւած կերպով դաստիարակում են մի նոր սերունդ, որպէսզի կարեւորութիւն չդարձնի սրբութիւններին եւ միայն կաեւորի իր անձը որպէս անհատ:

Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշեց, որ վերջին տասնամեակների եւ ի մասնաւորի վերջին երեք տարւայ ընթացքում Հայաստանի իշխանութեան գլուխ անցած անհատները դրսից բերւած հայրենավնաս պայմանագրերով ու համաձայնագրերով մեծ վնասներ են հասցրել հայ ազգին ու հայրենիքին:

Սրբազան Հայրն անդրադառնալով Արցախեան 44-օրեայ պատերազմին՝ կարեւորութեամբ շեշտեց, որ այդ պատերազմից հայ ժողովուրդը յաղթական դուրս չեկաւ, քանի որ պառակտւած էր եւ կորցրել էր իր հեղինակութիւնն ու իշխանութիւնը թէ՛ հայրենիքում եւ թէ՛ այլուր:

Նա իր խօսքի մի այլ բաժնում պատգամեց. «Մինչեւ այն ժամանակ, երբ մենք որպէս քրիստոնեաներ եւ հաւատացեալներ կը պահենք Աստծոյ կողմից մեզ տրւած օրհնութիւնն ու իշխանութիւնը, ոչ ոք չի կարող մեզ յաղթահարել. պէտք է նշւած բոլոր պայմանագրերը դուրս հանենք մեր շրջապատից ու մտքերից եւ նահատակների տւած պատգամին հետեւելով, ամէն գնով պահպանենք հայրենիքը, կրօնը եւ ազգը»:

Թեմակալ Առաջնորդն իր խօսքն աւարտեց Աւետարանական պատգամի համաձայն՝ ասելով. «Պահենք մեր իշխանութիւնն ու հեղինակութիւնը, վայելենք նրանց բարիքները եւ աղօթենք, որ Աստւած երկնքի արքայութեան մէջ ընդունի մեր բոլոր հայ նահատակների հոգիները՝ որպէս հայ ժողովրդի բարօրութեան եւ հայրենիքի բարգաւաճման բարեխօսներ:

Յաւարտ Սուրբ Պատարագի հոգեհանգստեան կարգ իրականացւեց՝ Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների եւ զոհերի հոգիների խաղաղութեան համար:

Նշւած արարողութիւններին ներկայ էին՝ ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու ժողովուրդ: Երգեցողութեամբ հանդէս եկան «Տաթեւ» երգչախմբի անդամները՝ ղեկավարութեամբ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի:

 

Թղթակից (Նոր Ջուղա)