Ուրբաթ՝ հոկտեմբերի 1-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Հրաչ Յակոբեանի թաղման առաջին տարելիցի կարգը եւ շիրմաքարի օրհնութիւնը։

Նահատակի հարազատներից ու ծանօթներից բացի արարողութեանը ներկայ էին՝ թեմի եկեղեցականաց դասը, Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Զաւէն Սիմոնեանը, Սպահան նահանգի ոստիկանութեան հրամանատար՝ գեներալ մայոր Միր Հէյդարին, բանակի եւ «Սահեբ Ալ-Զաման» բրիգադի բարձրագոյն ռազմական հրամանատարներ եւ սպաներ, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի տնօրէն ճարտ. Ռեզային, ինչպէս նաեւ նահանգի նահատակների եւ Սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման ու տարածման հիմնարկների եւ Սպահանի քաղխորհրդի ներկայացուցիչները։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով Հրաչ Յակոբեանի նահատակութեանն ու տարիներ յետոյ նրա աճիւնների վերադարձին իր ծննդավայր, յատուկ շնորհակալական խօսք ուղղեց պետական պատկան մարմիններին նահատակի աճիւնների ինքնութիւնը պարզելու եւ դրանք Նոր Ջուղա տեղափոխելու համար։

Նա աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ նահատակի հոգին երկնային լոյսերի մէջ հանգչեցնի եւ մխիթարութիւն պարգեւի նրա հարազատներին՝ ի մասնաւորի ծնողներին։

Հրաչ Յակոբեանը ծնւել է 1965 թւականին, Նոր Ջուղայում։ Նա նահատակւել է 1987 թւականի ապրիլի 9-ին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձունքների ազատագրման նպատակով իրականացւած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում, սակայն երկար տարիներ դին չգտնւելու պատճառով համարւել է պատերազմի անհետ կորած։ Այնուհետեւ, 2012 թւականին, նոյն բարձունքների վրայ իրականացւած որոնման աշխատանքների շնորհիւ, գտնւում է նահատակի մարմինը, սակայն դիակի ինքնութեան պարզ չլինելու պատճառով, 2013 թւականին որպէս անյայտ նահատակ ամփոփւել է Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում: 2020 թւականին ԴՆԹ թեստերի միջոցով յաջողւեց պարզել դիակի ինքնութիւնը եւ ի վերջոյ նոյն տարւայ հոկտեմբերի 2-ին նահատակ Հրաչի աճիւնները վերադարձան իր հարազատ ծննդավայր, որտեղ հանգիստ առան հայոց ազգ. գերեզմանատանը։

Թղթակից (Նոր Ջուղա)