Ուրբաթ եւ շաբաթ՝ 2021 թւականի սեպտեմբերի 24 եւ 25-ին, Նոր Ջուղայի «Ս. Գէորգ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում երկօրեայ արարողութեամբ նշւեցին Ս. Գէորգ զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօները:

Ուրբաթ, առաւօտեան ժամը 9:00-ին, եկեղեցու շրջափակում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան ժամը 5:00-ին, եկեղեցում՝ հսկման արարողութիւնները:

Նշելի է, որ նոյն օրը կէսօրից յետոյ տեղի ունեցաւ ոչխարների զենումը, որից յետոյ Հարիսայի պատրաստման յանձնախմբի անդամներն անցան իրենց վստահւած աշխատանքին:

Շաբաթ առաւօտեան, ձեռամբ արժ. Սահակ քհնյ. Մինասեանի, դռնփակ կերպով մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ:

Այնուհետեւ Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցականաց դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան: Ընթացքում յիշւեցին «Ս. Գէորգ» եկեղեցու ննջեցեալ սպասաւորներն ու բարերարները:

Աւարտին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց նշւած արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, նւիրատուներին:

Նա նաեւ շնորհաւորանքի խօսք ուղղելով Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց նորանշանակ վարչութեանը՝ կանանչ ճանապարհ եւ բեղմնաւոր գործունէութիւն մաղթեց նրանց:

Հարկ է նշել, որ հարիսան բաժանւեց համայնքի ժողովրդի միջեւ:

Թղթակից (Նոր Ջուղա)