Հինգշաբթի՝ 2021 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի շրջափակում, դպրոցական վերամուտի առիթով տեղի ունեցաւ միջոցառում՝ ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչների եւ հայոց ազգ. դպրոցների տնօրէնների։
Ուսուցիչները, աշակերտները, ծնողներն ու առհասարակ համայնքի անդամները սոյն իրադարձութեան ականատեսը եղան Սպահանի հայոց թեմի Ազգ. առաջնորդարանի Isfahan Prelacy ինստագրամի էջով հեռարձակւող ուղիղ միացմամբ։
Սկզբում ողջոյնի եւ տարեմուտի առթիւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ «Արմէն» տարրական կրթահամալիրի տնօրէն Գեղարդ Մանսուրեանը։
Ահա մի հատւածի մէջբերում տնօրէնի խօսքից.
«Թէեւ երեխաների կենսուրախ ճչերի ու ծիծաղների բացակայութիւնը դպրոցի շրջափակից հաճելի երեւոյթ չէ մեզ համար, սակայն քանի որ առաջնակարգ խնդիրը մատաղ սերնդի եւ նրանց ընտանիքների առողջութեան պահպանումն է, այս տարեշրջանի մեկնարկը նոյնպէս տրւելու է դասընթացների եւ դպրոցական աշխատանքների առցանց իրականացմամբ։ Գիտակից եւ բանիմաց սերունդ կրթելու հրամայականը մեզ թելադրում է, որ օգտւելով ժամանակակից եւ արդի հնարաւորութիւններից, ամէն ջանք ի գործ դնել մեր սիրելիների ուսուցման գործընթացը դիւրին եւ բարձր մակարդակով իրականացնելու համար»։
Այնուհետեւ հնչեց Կրթական խորհրդի խօսքը՝ մարմնի փոխ-ատենապետուհի Արմինէ Սիմոնեանի միջոցով։ Տկն. Սիմոնեանը նշեց, որ անցնող տարեշրջանի ընթացքում Կրթական խորհուրդը տնօրէնների հետ շարունակական կապի պահպանումով, դպրոց կատարւող յաճախակի այցելութիւններով եւ ի հարկէ սքայրումով իրականացւող դասընթացներին մասնակցելով, ոչ միայն ականատեսը եղաւ հեռակայ ձեւաչափով իրականացւող կրթական ու դաստիարակչական բոլոր աշխատանքներին, այլեւ դպրոցներին հովանաւորելով արդի հնարաւորութիւնների ստեղծման գործում, փորձեց այս ուղղութեամբ ապահովել բարձր որակ։ Նա իր խօսքի աւարտին շնորհակալական խօսքեր ուղղեց՝ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօրը, ազգային մարմիններին, դպրոցների անձնակազմերին ու ծնողներին։
Յաջորդիւ Թեմական խորհրդի անունից արտայայտւեց խորհրդի փոխ-ատենապետ Վաչիկ Հայարպետեանը։
Մի հատւածի մէջբերում նշւած խօսքից.
«Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների եւ Շահինշահրի մէկօրեայ վարժարանի անձնակազմերը, թեմի Կրթական խորհրդի հետ միասնաբար, համաճարակի տարածման ժամանակաշրջանից ի վեր, որեւէ ջանք չխնայեցին ուսուցման գործի բնականոն ընթացքը ապահովելու ուղղութեամբ եւ նրանց սրտցաւ աշխատանքի շնորհիւ, ինչպէս նաեւ արդի հնարաւորութիւնների կիրառմամբ, աշխատանքներն իրագործւեցին այնպէս, ինչպէս կատարւում էին մինչեւ համաճարակեան սահմանափակումները, որպէսզի մեր մատաղ սերունդը չտուժի իրավիճակից։ Գնահատելով այս միասնական ջանքերը եւ ահռելի աշխատանքները, որոնք կատարւել են թեմիս դպրոցներում, յոյս ունենք ինչքան շուտ կը ստեղծւեն առողջական կայուն պայմաններ առկայ ուսուցման համար եւ մեր դպրոցներից լսւող ժիր աշակերտութեան ձայները, կոգեւորեն բոլորիս»։
Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը։ Նա շնորհաւորելով տարեմուտի առիթով, նշեց՝ թէեւ դպրոցները պահպանել են իրենց սրբութիւնը, սակայն համաճարակի պատճառով կորցրել են իրենց իսկութիւնը, քանի որ աշակերտներն ու ծնողները ֆիզիքապէս ներկայ չեն այս վայրերում։ Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ աշակերտներին յորդորեց՝ ստեղծւած վիճակից չընկճւել եւ իրենց ամբողջ ներուժը օգտւել ուսումնական աշխատանքները լաւագոյնս կատարելու եւ այս ճակատամարտից յաղթական դուրս գալու համար։
Վերջում Սրբազան Հայրն արտասանեց "Տէրունական" եւ "Իմաստութիւն հօր՝ Յիսուս" աղօթքները, ապա խորհրդանշականօրէն հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը, որով սկիզբ առան Նոր Ջուղայի Մանկապարտէզ-նախակրթարանի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների, ինչպէս նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի նոր ուսումնական տարեշրջանի աշխատանքները։

Թղթակից (Նոր Ջուղա)