Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի քարոզից առաջ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 26-ամեակի առթիւ Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ ի հաստատութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Ս. Աթոռի եւ նրա արժանընտիր գահակալի արեւշատութեան։

Հայրապետական մաղթանքից յետոյ Սրբազան Հայրն իր, եկեղեցականաց դասի եւ թեմի ժողովականութեան ու ժողովրդի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց շնորհազարդ Հայրապետին՝ մաղթելով նրան առողջութիւն եւ ամենաբարին։

Ս. Պատարագի աւարտին հնչեցին «Ամէն հայի» եւ «Կիլիկիա» մաղթերգերը։

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ։

Այս բարեբաստիկ առիթով կիրակնօրեայ Պատարագի ընթացքում Հայրապետական մաղթանք իրականացւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով։

 

Թղթակից (Նոր Ջուղա)