Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տէր Արտաւազդ վրդ. Շարոյեանը, թեմիս կառոյցներին ծանօթանալու ծրագրի շրջագծում, ուրբաթ` յունւարի 23-ի առաւօտեան, իր առաջին այցը կատարեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն։
Հայր Սուրբին եւ նրան ընկերակցող Կրօնական ու Թեմական խորհուրդների ներկայացուցիչներ Տէր Խաչատուր քհնյ. Զարգարեանին եւ Սարմէն Մինասեանին դիմաւորեց Ն. Ջ. հայոց գերեզմանատան բարեզարդման մարմնի ատենապետ Էդիկ Ղազարեանը։
Սկզբում զբօսավար Արգին Աբնուսեանը պատւիրակութեան անդամներին ներկայացրեց գերեզմանատուն շրջայցի ծրագիրը, ապա բոլորը մինասնաբար շրջեցին գերեզմանատան տարածքում եւ այցելեցին տեղում թաղւած հայ եւ օտարազգի հանրահայտ դէմքերի շիրմաքարեր, ինչպէս` Յարութիւն Տէր-Յովհանեան, Յովհաննէս Աբգար, Էրնեստ Հոլթսեր, բողոքականների ու լեհերի գերեզմաններ եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքար, որտեղ Հայր Սուրբը աղօթեց բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։
Այնուհետեւ Տէր Արտաւազդ վրդ. Շարոյեանը հանդիպեց Ն. Ջ. հայոց գերեզմանատան բարեզարդման մարմնի ամբողջ կազմի հետ, որի ընթացքում զեկոյց ներկայացւեց մարմնի աշխատանքների ու համայնքի անդամներին տրամադրւող հնարաւորութիւնների մասին։
Հանդիպումն աւարտւեց քարտաշութեան արհեստանոց այցելութեամբ, որտեղ համայնքիս հմուտ քարտաշ` Սուրէն Մինասեանը ներկայացրեց իր աշխատանքն ու յատուկ գնահատանքի արժանացաւ Հայր Սուրբի կողմից։
Թղթակից (Նոր Ջուղա)