Եւս մէկ տարի անցաւ եւ շուտով 2025 թւականն անցնելու է պատմութեան գիրկը: Մէկ տարի, որտեղ բազմաթիւ դժւարութիւններին ու խոչընդոտներին դիմագրաւելուն զուգահեռ, մեր անհատական ու հաւաքական կեանքից չբացակայեցին ուրախութիւնն ու յաջողութիւնը, միմեանց սատարելու եւ թեւ ու թիկունք հանդիսանալու կամքի դրսեւորումը եւ մի խօսքով այնպիսի իրագործումներ, որոնք ի կատար են ածւում մեր համայնքներում՝ ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային ու մարդասիրական բնագաւառներում:

 

Անցնող մէկ տարւայ ընթացքում լուրջ սպառնալիքների ականատեսը եղանք թէ՛ Իրանում, եւ թէ՛ Հայաստանում. ցաւօք 12-օրեայ պատերազմը Իրանից խլեց պետական պաշտօնատարներ, գիտնականներ եւ խաղաղ բնակիչներ, ինչպէս նաեւ վնասւեցին երկրի համար կենսական նշանակութիւն ունեցող մի շարք կենտրոններ, սակայն Իրանի ժողովուրդը ոչ միայն չընկճւեց, այլ նաեւ մէկ մարդու պէս վառ պահեց երկրի հողային ամբողջականութիւնը պաշտպանող իր ոգին: Հայաստանում նոյնպէս քաղաքական դաշտում առկայ իրավիճակը եւ թշնամու կողմից շարունակ հնչող սպառնալիքները վտանգի տակ դրեցին երկրի կայուն վիճակը, ինչը ստիպում է մեզ առաւել քան երբեւէ լինել զգօն եւ պատրաստւած:

 

Թէեւ դատապարտում ենք երկու երկրների անվտանգութիւնը խաթարող վերոնշեալ բոլոր իրադարձութիւնները, սակայն վստահ ենք, որ Իրանի եւ Հայաստանի ժողովուրդը լաւապէս ճանաչելով միասնականութիւնը պառակտող սպառնալիքները, երբեք չեն տրւելու թշնամու սադրիչ գործողութիւններին:

 

Շնորհաւորելով 2026 թւականի Նոր տարւայ կապակցութեամբ՝ մաղթում եմ համայն հայութեանը, այդ թւում նաեւ իրանահայ մեծ ընտանիքին՝ խանդավառ ու կենսուրախ եւ վառ յոյսերով ու նորանոր երազանքներով ողողւած կեանք. թող բոլորիս միասնական ոգու արդիւնքում Հայաստանի, հայ ժողովրդի ու եկեղեցու անսասան երթի եւ օր ըստ օրէ աճող վերելքի ականատեսը լինենք. կառչենք եւ արժանաւոր տեղ յատկացնենք մեր ինքնութեան պահպանման գրաւականը հանդիսացող ազգային արժէքներին, ազատութեան մէջ տեսնենք Բաքւի բանտերում ազատազրկւած հայ ռազմագերիներին եւ ի վերջոյ խաղաղութեան լոյսի ներքոյ լինի աշխարհը, ի մասնաւորի Իրանի եւ Հայաստանի զոյգ Հանրապետութիւնները: 

 

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՍՊԱՀԱՆԻ ԵՒ ՀԱՐԱՒԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ

ԳԵՂԱՐԴ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ

ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ