Հինգշաբթի՝ հոկտեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան հիմնադրման 110-ամեակի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ յոբելեանական ձեռնարկ, որին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, թեմի ազգ. մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, յոբելեարի անդամուհիներն ու մի շարք այլ հիւրեր:

Ծրագիրն սկիզբ առաւ երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանի խօսքով, որտեղ ընդգծւած էր. «Ցեղասպանութեան տարիներին հայ կինը դարձաւ տոկունութեան ու ապրելու կամքի խորհրդանիշ։ Նա իր ձեռքով փրկեց երեխաներին, գաղթի ճանապարհին կիսեց վերջին հացը, իսկ կորուստների մէջ պահպանեց կեանքի սերմը։ Շատերը կորցրին ամէն ինչ, բայց կարողացան նորից տուն կառուցել, նոր սերունդ դաստիարակել ու պահպանել ինքնութիւնը։ Նոյն այդ տարի Նոր Ջուղայում հայ կանայք հիմնադրեցին «Հ.Յ.Դ. Կարմիր Խաչ միութիւնը»:

 Այնուհետեւ Կանանց Գթութեան միութեան վարչութեան խօսքն ընթերցեց նախագահ Լիդա Սիմոնեանը: Մի հատւածի մէջբերում այս խօսքից. «Միութիւնն իր նւիրեալ եւ ազգային ոգով տոգորւած անդամուհիների ջանադիր աշխատանքի շնորհիւ դիմագրաւեց բազմաթիւ խոչընդոտներ եւ պայքարունակ ոգով շարունակեց իր երթը՝ դէպի այսօր, որտեղ ոչ ծանր պայմանները, ոչ էլ ճգնաժամն ու քաղաքական եւ տնտեսական այլ խոչընդոտները, ոչ միայն չկարողացան ստւերի տակ առնել միութենականների աշխատանքը, այլ  նաեւ խթան հանդիսացան նրանց, որպէսզի առաւելն իրագործելով, խաղաղութիւն, անդորր եւ բարօրութիւն բերեն հայ ընտանիքներին՝ լինեն հարազատ Նոր Ջուղայում, Հայաստանում, Արցախում կամ Ջաւախքում»:

Յաջորդիւ օրւայ բանախօս Սքարլետ Հայրապետեանը հանդէս եկաւ Կանանց միութեան հիմնադրման եւ 110-ամեայ գործունէութեան շուրջ բանախօսութեամբ: Նա անդրադառնալով յոբելեարի հիմնադրմանը ասաց. «Միութիւնը հիմնադրւել է 1915-ին, Առաջին Համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանութեան ճգնաժամային պայմաններում, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շրջանի կազմակերպութեան որոշումով: Սկզբում կոչւել է «Հ.Յ.Դ.-ի Կարմիր Խաչ» միութիւն, ապա 1928-ին վերանւանւել է «Կարմիր Խաչ», իսկ 1937 թւականից՝ «Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւն»:

Այնուհետեւ նշելով միութեան գործունէութեան գլխաւոր բաժինները, որոնցից են՝ 1915 թւականին հայ գաղթականներին օժանդակելը, որբախնամ ծրագրերին մասնակցելը, պատերազմից տուժածներին եւ վիրաւորներին խնամելը, կարիքաւոր հայ ընտանիքներին օժանդակելը, 1970 թւականին, թեմի միակ հայկական ծերանոցի հիմնադրումը, ձեռներեց կանանց սատարելու նպատակով ամենամեայ կարգով Գարնանային ցուցահանդէս-վաճառքների կազմակերպումը, ձեռարւեստի խանութի գործունէութիւնը եւ բազմաթիւ այլ աշխատանքներ, կարեւորութեամբ ընդգծեց վերջին տասը տարիների ընթացքում Արցախին եւ արցախահայութեանը սատարելու համար կազմակերպւած միութեան տասնեակ նախաձեռնութիւնները եւ ասաց. «Այսօր կորցրել ենք Արցախը եւ տարագիր է դարձել արցախահայութիւնը, սակայն չպէտք է մոռանանք, որ կատարւածը ոչ թէ յուսահատեցնող է այլ պարտաւորեցնող, որպէսզի հայ ժողովուրդը՝ լինի սփիւռքում թէ հայրենիքում, անկախ իր երկրի ղեկավարութեան կամքից ու քաղաքականութիւնից, պէտք է ոտքի կանգնի մայրենի հողի այս թանկագին բեկորը վերադաձնելու համար: Դժւար է, բայց ոչ անհնարին»: 

Երեկոյի շարունակութեան մէջ ընթերցւեցին ստացւած ուղերձներից հատւածներ. այս առիթով ուղերձներ էին ստացւել՝ շրջանի Հայ Դատի յանձնախմբից, Իրանի Իսլ. խորհրդարանում

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանից, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանից եւ Թեմական ու Կրօնական խորհուրդներից, «Ալիք» օրաթերթի խմբագրից, Շահինշահրի Հայ Համայնքի վարչութիւնից, Շահինշահրի Հայ Դատի գրասենեակից, Նոր Ջուղայի հայոց ազգ.  Մանկապարտէզի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցներից, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնից, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնից, Հայ Ուսումնասիրաց «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղից, Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտ.  վարչութիւնից, «ՀՕՄ»-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնից, Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնից, Թեհրանի Հայ Կին միութիւնից, Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւնից, Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան վարչութիւնից, Թաթուլ Օհանեանից, միութեան անդամուհիներ՝ Արմինէ Սիմոնեանից (Հայաստան) եւ Արաքս Ղուկասեանից (ԱՄՆ):

Ձեռնարկի գեղարւեստական բաժնում երգերի կատարմամբ հանդէս եկան երիտասարդ կատարողներ՝ Վահան Վարդեւանը, Նազելի Փանոսեանն ու Հարմա Կարապետեանը՝ ընկերակցութեամբ «Անի» նւագախմբի, որին անդամակցում էին՝ Արին Խաչիկեանը, Րաֆֆի Խուդաբախշեանը, Ասպետ Սիմոնեանը եւ Էրւին Յովսէփեանը:

Նշելի է, որ ընթացքում ցուցադրւեցին յոբելեարի տարիների գործունէութեան լուսանկարներից շարան եւ ծերանոցի բնակիչներից տեսանիւթ, որտեղ նրանցից իւրաքանչիւրն արտայայտւում էր իր սրտի խօսքով:

Աւարտին միութեան վարչութեան անունից, Լիդա Սիմոնեանի եւ Կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Մառիթա Յակոբեանի միջոցով, գնահատագրեր շնորհւեցին այս ծրագրի կազմակերպման գործում դերակատար անձանց, ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որտեղ հատւեց 110-ամեակի առիթով պատրաստւած տորթը՝ Սրբազան Հօր, Լիդա Սիմոնեանի եւ միութեան վաստակաշատ անդամուհիներ՝ Երան Խուդավերդեանի ու Նւարդ Շահնազարեանի միջոցով:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 Լուսանկարիչ` թղթակից եւ Գեւիկ ստիւդիօ