Չորեքշաբթի՝ յունիսի 25-ի երեկոյեան, Ազգային առաջնորդարանում, Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ Կոմիտաս երգչախմբի նորընտիր վարչութեան հետ։
Թեմական խորհրդի ատենապետ Վաչիկ Հայրապետեանը շնորհաւորանքի խօսք փոխանցեց կազմի անդամներին եւ նրանց մաղթեց ուժ ու կորով եւ աշխատանքային վերելքներ։
Այնուհետեւ խորհրդակցութիւն ծաւալւեց երգչախմբի ներկայ կացութեան, առկայ դժւարութիւնների եւ յետագայ ծրագրերի վերաբերեալ։
Անդրադառնալով երգչախմբի անդամների թւին, անհրաժեշտ նկատւեց նոր անդամների ներգրաւումը, ընդգծւեց ազգային միջոցառումներին երգչախմբի մասնակցութիւնը եւ համերգների կազմակերպումը։ Խօսւեց նաեւ խմբավարի, երաժշտական ոճի եւ վարչութեան պարտականութիւնների շրջանակներում այլ հարցերի շուրջ։
Նկատի առնելով երգչախմբերի, դրանց թւում Կոմիտաս երգչախմբի դերը հայ մշակոյթի զարգացման ու տարածման եւ հայի ինքնութեան պահպանման գործում, եզրակացւեց, որ նախ եւ առաջ վարչութիւնը կազմի առաջարկների ցանկ ու միամեայ գործունէութեան ծրագիր-ժամանակացոյց, այնուհետեւ Թեմական խորհրդի, երգչախմբի ղեկավարի եւ վարչութեան միասնական հանդիպման ընթացքում քննարկել եւ կարգաւորել նշւած հարցերը։
ՍՀԹ Հանրային կապի գրասենեակ