Նկատի առնելով երկրում ստեղծւած արտակարգ վիճակը, չորեքշաբթի՝ յունիսի 18-ին, Ազգային առաջնորդարանում գումարւեց արտահերթ նիստ, որին մասնակցում էին ԻԻ Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Թեմի Պատգ. ժողովի, Թեմական խորհրդի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկւեց երկրում առաջացած իրավիճակը դիմագրաւելու պետական եւ համայնքային հնարաւորութիւնները, համայնքի անվտանգային հարցերը եւ ապահովական նախապատրաստութիւնների անցնելու կարեւորութիւնը:
Նիստի աւարտին որոշւեց կեանքի կոչել արտակարգ իրավիճակներին դիմագրաւելու մարմին, յետագայ անելիքները կազմակերպելու նպատակով:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք հետեւելով պաշտօնական յայտարարութիւններին եւ ցուցմունքներին՝ պահպանել զգօնութիւն, փորձել խուճապի չմատնւել եւ հեռու մնալ վտանգաւոր տարածքներից:
Անհրաժեշտութեան դէպքում կապւել Ազգային Առաջնորդարանի 0905 227 7434 հեռախօսահամարով, իսկ յայտարարութիւններին հետեւել www.norjugha.ir պաշտօնական կայքի միջոցով:
ԴԻՒԱՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
19 Յունիս 2025, Ս. Ա. Վանք, Նոր Ջուղա